«Պահանջվում են մինչև 30 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ աշխատանքի համար»։ Այսպիսի հայտարարությունների հաճախ ենք հանդիպում աշխատանք փնտրելիս։ Հռիփսիմեն մեկն է այն մարդկանցից, ովքեր աշխատանքի չեն ընդունվել հենց իրենց արտաքին տեսքի պատճառով։ «Աշխատանք էր պետք․ այդ օրը պարապունքից դուրս էի եկել ու այդքան էլ լավ տեսք չունեի։Մտա մի քանի խանութ, որտեղ աշխատողներ էին փնտրում։ Աշխատանքը բավականին մանրամասն բացատրվեց, հետո, երբ իմացան, որ ինձ համար եմ հարցնում, ասացին, որ երեկ են նոր աշխատող ընդունել։ Դուրս էի գալիս ու լսեցի, որ խանութում ասում էին՝ «շատ գեր է ու անդուր, ի՞նչ աշխատանքի վերցնենք»,- պատմում է Հռիփսիմեն։
Հերմինեի պատմությունն էլ հակառակն է․ նրան աշխատանքի են վերցրել իր արտաքին տեսքի շնորհիվ․ «Հայտարարության մեջ գրված էր, որ բարետես արտաքինով մարդիկ են փնտրում։ Հարցազրույցին գնացի ու ընտրվեցի, սակայն հետո չգնացի այդ աշխատանքին․ մտածում եմ՝ արտաքին տեսքով չէ, որ պետք է ինձ աշխատանքի ընդունեն»։
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ (HR) Լիլիթ Ղազարյանն ասում է, որ աշխատանքի ընդունելուց կազմակերպությունները հիմնականում աշխատողին իրենց դեմքն են համարում և շատ հաճախ տատուներով, ոչ այդքան ստանդարտ արտաքինով մարդկանց չեն ընդունում աշխատանքի։ «Շատ մեծ ուշադրություն է դարձվում հատկապես այն աշխատակիցների արտաքինին, որոնք պետք է շփվեն հասարակության հետ։ Օրինակ՝ բանկերի աշխատողները հաճախ նույնացվում են բանկի հետ․ նրանց հագուստում ավելանում են բանկի բռենդի կամ լոգոյի հետ կապված դետալներ։ Հագուստը դառնում է դասական (այսինքն, ենթարկվում են ինչ-որ ստանդարտների)»։
Գործատու Աննան, ով զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով, ասում է, որ աշխատող ընտրելիս միշտ առաջնորդվել է վերջինիս մասնագիտական հմտություններով և մարդկային որակներով․ «Եթե աշխատողիս արտաքինն ինձ դուր չի գալիս, ես անպայման ասում եմ իրեն այդ մասին և միասին փորձում ենք կերտել նրա իմիջը։ Ես համարում եմ, որ իմ աշխատողները ինձ ներկայացնող դեմքեր են, և եթե նրանք չեն համապատասխանում իմ չափորոշիչներին, գերադասում եմ փոխարինել նրանց այլ աշխատակիցներով»- նշում է Աննան։
Մերին ով դեմքին ունի փիրսինգներ ասում է․ «Իմ փիրսինգները ինձ երբեք չեն խանգարել աշխատանքի հարցում, չնայած որ այլ շրջանակներում միշտ ուշադրության տեղիք են տվել։ Հիշում եմ, որ նախկին աշխատավայրերից մեկում աշխատանքի անցնելուց ամիսներ հետո իմացա, որ ծրագրիս ղեկավարը դրական առումով տպավորված է եղել դրանցով, և դա նպաստել է իմ իմիջին։ Գուցե նաև աշխատանքի ոլորտից է, որովհետև հասարակական ոլորտի ներկայացուցիչներն ավելի բաց և նորարար են։ Մյուս կողմից, հաճախ եմ լսել հատկապես սերվիսի ոլորտում աշխատող երիտասարդ աղջիկներից, որ իրենց դուր է գալիս փիրսինգը և իրենք էլ կուզեին ինձ նման այն կրել, բայց չեն կարող, որովհետև խնդիրներ կունենան գործատուի հետ»։
Արտաքին տեսքի պատճառով մարդկանց խտրականության ենթարկելը իրավական կարգավորում չունի Հայստանի Հանրապետությունում։ Մեր երկրում դեռևս ընդունված չէ խտրականությունն արգելող առանձին օրենք, որի հիման վրա հնարավոր կլիներ պատասխանատվության ենթարկել գործատուին։
Սոսե Զաքարյան
4-րդ կուրս