ՁԵՌԱԳՈՐԾ ԳՐՔԵՐ ԱՆԻԻՑ

ՁԵՌԱԳՈՐԾ ԳՐՔԵՐ ԱՆԻԻՑ

2691

Արվեստն ընդունակ է մոռացության մատնել կյանքի դժվարությունները և անգամ հաղթել մահը. ընդամենը պետք է  այն սիրել։

Հեքիաթի մեջ ապրելով և չկորցնելով երազելու կարողությունը՝ Անին մանուկ հասակից հասկացավ, որ անգլերենը հոգեհարազատ է իրեն, ու պետք է այն կատարյալ տիրապետի. «Ցանկանում էի ոչ միայն լավ տիրապետել, այլև դասավանդել: Ընդունվեցի Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական համալսարան, իսկ այժմ  զբաղվում եմ իմ սիրելի մասնագիտությամբ՝ դասավանդում եմ անգլերեն»:

Անիի համար գիրքն առաջին հերթին ընթերցելու համար է, ապա նաեւ ոգեշնչման մեծ աղբյուր. «Ընթերցանության հանդեպ ստեղծված սիրուց, մտածեցի ստեղծել զարդեր՝ ձեռագործ գրքերից, որոնք կնոջն ավելի յուրօրինակ կդարձնեն:

Գիրքն ինքնին արվեստի գործ է` իր տեսքով, իր էջերով` խունացած և դեղնավուն: Գերագույն հաճույք է թղթերից, կտորից, կաշվից և այլ նյութերից ստանալ գիրք, գրքաձեւ զարդ կամ գիրք-նոթատետր: Յուրաքանչյուր աշխատանք նման չէ նախորդին: Ամեն աշխատանք իր յուրահատուկ տեսքն ունի»,- պատմում է Անին:

Անիի աշխատանքի նպատակն է, որ թվայնացմանը զուգընթաց պահպանվի թղթի վրա գրելու արվեստը, պատկերազարդ և ասեղծագործ գրքերի հետ ինչ-որ տարբերակով առընչվելը: Այժմ աշխատանքները վաճառում է առցանց։

«Իմ պատրաստած գրքերի էջերի մի մասը դատարկ են, որպեսզի կրողն ինքը որոշի թե ինչ տողեր է ուզում գրված լինի այն գրք֊զարդում, որը նա պետք է կրի: Գրվածքները տարբեր են` թե′ ժամանակակից, թե′ դասականների սիրված բանաստեղծություններից, թե՛ պատմվածքներից, թե՛ վեպերից ինչ-որ հատվածներ»:

Գիրքը պետք է սիրել, շոշափել, այն պետք է միշտ քեզ հետ լինի նաեւ զարդի տեսքով: Իր գրքային խորագրերից մեկը կոչվում է «Քայլիր գրքերով», ուր ներկայացված են այն բոլոր գրքային զարդերը, որոնք գրքասերները կարող են կրել ու քայլել իրենց սիրելի գիրք֊-զարդով։

Անիի համար արվեստը կյանքի գեղեցիկ կողմն է՝ առանց գերադրական աստիճանի, քանի որ այն արդեն գերկատարյալ է:

Անժելա Ոսկանյան

4-րդ կուրս

Կիսվել