ԴԵՊՐԵՍԻԱՆ՝ ՀՈԳԵԲԱՆԻ ԵՎ «ՏԱՆԸ ՄՆԱՑՈՂ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԴԵՊՐԵՍԻԱՆ՝ ՀՈԳԵԲԱՆԻ ԵՎ «ՏԱՆԸ ՄՆԱՑՈՂ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

1473

ՀՀում հայտարարված արտակարգ դրության օրերին շատերն են դեպրեսիայից խոսում։ Մենք ևս խոսելու ենք դեպրեսիայի մասին. զրուցել ենք մի քանի քաղաքացիների և հոգեբան Արմենուհի Վարդանյանի հետ։  

Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս հասկանալ, որ դեպրեսիայի մեջ ես:

Հոգեբանն ասում է՝ դեպրեսիան մարդու հոգու և մարմնի անկայունությունն է՝ տրամադրության անկում, մարմնի թուլություն, մտքի վատթարացում։ Այն կարող է առաջանալ ցանկացածի մոտ: Իհարկե, բոլորն էլ երբեմն տրամադրության անկում ունենում են, բայց պետք չէ դա կապել դեպրեսիայի հետ։ Իսկ երբ կա ֆիզիկական թուլություն, ախորժակի կորուստ, քնի խանգարում, նոր արժե խոսել դեպրեսիայի մասին։ Դեպրեսիայի հաճախ հանդիպող պատճառները լինում են հոգեբանական, սոցիալական, ժառանգական և կենսաբանական։

Հատկապես արտակարգ դրության օրերին դեպրեսիան հաղթահարելու համար հոգեբանը շատ կարևոր է համարում մաքուր օդին զբոսնելը, վիտամինային սնունդ, ցիտրուսային մրգեր, շոկոլադ և թեյ օգտագործելը, թեկուզ տանը սպորտով զբաղվելը, ընտանիքի անդամների և մտերիմների հետ հաճելի  ժամանակ անցկացնելը։

Հոգեբանի խոսքն է հաստատում մեր զրուցակից Կարենը: Արդեն 12 տարի է՝ զբաղվում է ըմբշամարտով։ Նա հավաստիացնում է, որ առողջ սնունդը և սպորտը շատ դրական են ազդում այս օերին.  «Ինձ համար արտակարգ դրությունը նորմալ է, քանի որ սա արվում է մեզ համար։ Ճիշտ է, այս պահին չեմ հաճախում մարզասրահ, բայց տանն էլ անում եմ որոշ վարժություններ։ Կարծում եմ՝ երբ մարդու մարմինն առողջ է, հոգին ևս այդպիսին է»։

Կարո՞ղ է բացասական տեղեկատվությունը դեպրեսիայի պատճառ դառնալ։

Ըստ հոգեբանի՝ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով մարդկանց մոտ այս օրերին առաջացել են խուճապ և վախ, որոնք ավելի են նպաստում իմունիտետի իջեցմանը, իսկ դա ավելի վտանգավոր է, քան ինքնին վիրուսը։ Հոգեբանի դիտարկմամբ՝ տիրապետել ճշգրիտ ինֆորմացիային խրախուսելի է, բայց պետք է զերծ մնալ ապատեղեկատվությունից և չդառնալ զոհ։ «Պետք է գիտակցել, որ ունենք համամարդկային խնդիր, ուստի պետք է լինենք առավել զգոն, չմատնվենք խուճապի, հետևենք հիգիենայի կանոններին»,- ասում է հոգեբանը։

Մեր մյուս զրուցակից Աննայի փորձը ևս հաստատում է հոգեբանի միտքը: Աննան զբաղվում է առցանց բիզնեսով: Նրա խոսքով՝ ոչ մեկին էլ այս իրավիճակը հաճելի չէ, բայց պետք չէ մեզ պատել բացասական մտքերով. «Ես խստագույնս հետևում եմ սահմանված կարգին։ Կարծում եմ՝ պետք չէ խուճապի մատնվել. ի վերջո, ամեն դժվար իրավիճակից էլ ելք կա։ Հասցնում եմ զբաղվել բիզնեսով և նոր նպատակներ եմ դնում իմ առաջ»։

Իսկ ըստ Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանի՝ այսօր շատ տեղեկատվությունը հանրության վրա անդրադառնում է  և՛ բացասական, և՛ դրական առումով։ «Առհասարակ բացասականը ավելի ազդեցիկ է՝ իր լայն տարածմամբ և նստվածքով։ Մանիպուլիացիաներ շատ են լինում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տեղական մեդիայում։ Մարդկությունն արագ է զարգանում, և մենք դա զգում ենք այդ օրերին։ Շատ զգույշ ենք և ավելի շատ ենք աշխատում»,-նշեց Նարեկ Այվազյանը։

Ինչպե՞ս է դեպրեսիվ տրամադրությունների հետ կապված հեռավար ուսուցումը, որն այս օրերի ամենամեծ նորություններից էր:

Լիլիթը սովորում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Նրա կարծիքով՝ բարդ է հարմարվել փոփոխություններին։ «Ես ինքս սթրեսի մեջ եմ ընկել. ամբողջ օրը տանը մնալը չի օգնում հասցնել դասերը։ Բացի այդ, պետք է մի քանի ժամ հեռախոսով դաս անեմ, իսկ ես նաև աշխատում եմ համակարգչով»,- պատմեց Լիլիթը։

Իսկ դասվար Սուսաննա Եղոյանը մտագոհված է հեռավար ուսուցման մատչելիության խնդրով։ Բացի դրանից, նրա դիտարկմամբ՝ հայ հասարակությունն ակտիվ է և երկար չի դիմանա արտակարգ դրությանը։ «Հեռավար ուսուցման անցնելիս սկզբնական շրջանում կային բարդություններ, բայց ոգևորությունը մեծ է։ Այդուամենայնիվ, իմ կարծիքով՝ շատ անելիք կա այս ոլորտում։ Չնայած ուսուցիչների անմնացորդ ջանքերին՝ միևնույն է, լիարժեք կրթություն առցանց հարթակներում չի ապահովվում»,- ասաց Ս. Եղոյանը։

Իսկ հոգեբանը Ա. Վարդանյանը ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս զբաղվել ինքնակրթությամբ։ Հորդորում է նույնիսկ այս իրավիճակում գտնել դրականը, չէ՞ որ սա էլ մի առիթ է՝ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ։ Հոգեբանի խոսքով՝ դեպրեսիայից դուրս գալու համար պետք է ժպտալ և արժևորել կյանքը։

Շողիկ Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել