«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾԵԼ». ԸՆՏԱՆԵԿԱՆ...

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾԵԼ». ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ

864

Ընտանեկան հոգեբան Աննա Սարգսյանը կարծում է, որ կորոնավիրուսը շատ լավ առիթ է ստեղծել մարդկանց համար, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն ընտանիքի անդամների հետ:

«Խիտ գրաֆիկով աշխատանքը, հոգնածությունը մարդկանց խանգարում են, որպեսզի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքի անդամների հետ: Որոշ ծնողներ իրենց երեխաների հետ կարողանում են ժամանակ անցկացնել միայն շաբաթ և կիրակի օրերին, ինչը վատ է անդրադառնում երեխաների վրա: Կորոնավիրուսը ընտանիքի անդամների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հարմարություն է ստեղծել, և պետք է օգտվել այդ առիթից»,-«Journalist.am»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Նրա խոսքով՝ այժմ ամուսինները կարող են միմյանց հետ կիսվել անձնական մի շարք խնդիրներով, միասին գտնել լուծումներ, բացի այդ օգնել իրենց երեխաներին կատարել տնային հանձնարարությունները և այսպիսի մի շարք գործողություններ, որոնք չէին կարողանում անել մինչ այդ:

Իրավաբան Արմանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ կնոջ հետ մինչ այս կարողանում էր շփվել օրական 2 ժամից ոչ ավելի և հիմա նոր հասկանում է, թե ինչպիսի հաճելի պահեր է կորցրել իրեն ամբողջությամբ տրամադրելով աշխատանքին: Կինը՝ Նանեն, նույնպես աշխատում է, և նա էլ իր հերթին նշեց, որ դեմ չէր լինի, եթե հարկադրված արձակուրդը երկարաձգեն ևս 10 օրով:

Հեռախոսային սոցիալական հարցումներ անցկացնող Նարե Կարապետյանը               (գրանցված աշխատող չէ և խնդրել է  կազմակերպության անվանումը չնշել), ով փորձել է հարցումների միջոցով ճշտել, թե մարդկանց ինչ օգուտ է տվել հարկադրված արձակուրդը, նշեց, որ առաջին 5 օրը մեծ գոհունակություն կար ուսանողների շրջանում, նաև այն մարդկանց, ովքեր շատ քիչ ժամանակ էին անցկացնում իրենց ընտանիքի անդամների հետ, իսկ այժմ հարցվողների մեծ մասը ցանկանում է վերադառնալ իրենց բնականոն կյանքին:

Նոնա Սահակյանը երեխաների հետ շփվում էր միայն առավոտյան, երբ նրանց տանում էր մանկապարտեզ: Մնացած ժամանակ նրանց հետ զբաղվում էր դայակը: Հիմա Նոնան գիտի, որ երեխաների հետ պետք է ավելի շատ ժամանակ անցկացնել, թեկուզ դրանից  տուժի իր կարիերան:

«Տղաներս իմ կյանքի իմաստն են, և ես որոշել եմ փոխել աշխատանքս, հիմա ես վստահ եմ, որ նրանք իմ կարիքը շատ ունեն, և դայակը չի կարող 3 և 5 տարեկան երեխաներին խնամել այնպես, որ երեխաները չզգան մոր կարիքը»:

Գորիսում բնակվող Լիլիթ Մինասյանը մինչ այժմ չէր կարող պատկերացնել, որ իր ուսանող որդու հետ, ով սովորում է ԵՊՀ-ում, կարող է մեկ ամսից ավելի շփվել դեմ առ դեմ, առնել կարոտը և կիսվել շատ հարցերում: Լիլիթը վստահ է, որ վիրուսի կանխարգելումից հետո, մարդիկ կսկսեն ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց ընտանիքի անդամներին:

Դավիթ Լևոնյան

2-րդ կուրս

Կիսվել