«ՀԱՐՐԻՓՈԹԵՐՅԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

«ՀԱՐՐԻՓՈԹԵՐՅԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

1518

-Պրոֆեսոր, այս ամենը իրակա՞ն է, թե՞ ընդամենը տեղի է ունենում իմ գլխում:
– Իհարկե տեղի է ունենում քո գլխում, դա ինչո՞ւ պետք է նշանակի, որ իրական չէ:

Մայիսի 7-ին Zoom հարթակում տեղի ունեցավ «Հարրի Փոթեր» վիպաշարի երկրպագուների և  «Հարրի Փոթեր»-ի առաջին չորս գրքերի հայերեն թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության մանկական գրականության բաժնի գրական խմբագիր Ալվարդ Ջիվանյանի օնլայն զրույց-քննարկումը: Թարգմանչի կողմից սկզբում տրվեց ընտրված թեմայի վերնագրի բացատրությունը`«Հարրիփոթերյան իմ օրագրից. թարգամանական փոխակերպումներ»: Հանդիպման բուն նպատակն էր թարգմանչի կողմից բացատրել վիպաշարում առկա բառերի ճիշտ թարգմանությունը, քանի որ երկրպագուների մոտ միշտ հարցեր են առաջանում տերմինների տարբեր թարգմանությունների հետ կապված: Ալվարդ Ջիվանյանը նշեց, որ ջանացել է վիպաշարում տեղ գտած առանձնահատուկ բառապաշարն ու նորաբանությունները հնարավորինս համարժեք փոխանցել հայերեն. «Փորձում եմ այնպես թարգմանել, որ բառերը չկորցնեն բնագրային իմաստը. այսպես, չորրորդ գրքի վերնագիրը թարգմանված է «Հարրի Փոթերը և կրակի գավաթը», թեև շատ ընթերցողներ ակնկալում էին «հրե գավաթը», որ շրջանառվում էր առցանց տիրույթում, և, անշուշտ, ինչ-որ չափով մոլորեցնում է. գավաթն ամենևին էլ հրե չէր, փայտե գավաթ էր, որի մեջ կրակ էր վառվում, ուստի ճիշտ է կրակի գավաթը»,-ասաց թարգմանիչը: Քանի որ հանդիպումը կազմակերպել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, Ալվարդ Ջիվանյանն առանձնակի ուշադրություն էր դարձրել հարրիփոթերյան աշխարհի պաշտոնական օրաթերթին` «Daily Prophet»-ին: Հանդիպման ընթացքում հնչած բազմաթիվ հարցեր գտան իրենց պատասխանները. «Pottermore կայքի Բաշխիչ գլխարկն ինձ ուղարկել է Սլիդերինի հոսք, թեև այնքան էլ ուրախ չէի դրա համար: Այնուհանդերձ գլխարկը երբեք չի սխալվում, ուստի հաշտվել եմ այդ մտքի հետ»,- հնչած հարցերից մեկին պատասխանեց տիկին Ջիվանյանը: Հանդիպման մասնակիցներից Գարիկ Խաչատրյանը նշեց. «Հանդիպումն անցավ, հետաքրքիր և բազմաբովանդակ, որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան, որոնք արագ ուղղվեցին: Հաճելի էր և հետաքրքիր անձամբ թարգմանչից լսել բացատրությունները, եթե  նմանատիպ հանդիպում նորից կազմակերպվի` կմասնակցեմ»:
Ամփոփելով զրույց-քննարկումը` Ալվարդ Ջիվանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ասաց, որ ներկայումս պահին ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնում հարրիփոթերյան թեմային նվիրված մեկ մագիստրոսական և երեք ավարտական աշխատանք է ղեկավարում. «Ինձ համար արդյունավետ են այնքանով, որ ցանկացած նման հանդիպման համար նոր նյութ եմ պատրաստում, և այն սովորաբար շարունակություն է ունենում: Մյուս կողից` փոքր -ինչ դժվար է անծանոթ լսարանին առցանց դիմելը: Հաճելի է նաև համոզվել, որ այն, ինչ անում ես, անգամ այս բավականին ոչ ուրախ պայմաններում, մարդկանց պետք է: Թերևս մի քանի հարցի լիարժեք չպատասխանեցի. ես լավ տիրապետում եմ այն նյութին, որն արդեն թարգմանել կամ թարգմանում եմ: Ամենևին չեմ բացառում, որ Դուք, որպես գրքի երկրպագու, մի շարք մանրամասներ ավելի շատ կարևորեք և, հետևաբար, դրանց ավելի լավ տիրապետեք»,- ասաց թարգմանիչը:

Մուշ Կուրեխյան
2-րդ կուրս

Կիսվել