ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

1221

2020 թվականի ապրիլի 30-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց այս տարվա ընդունելության կանոններում կատարված սկզբունքային փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ բուհի ընդունելության համար դիմորդները քննություն կհանձնեն միայն մեկ առարկայից։ Քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։

Այս տարվա դիմորդներից Շուշանիկ Բաբինյանը մեզ պատմեց, որ ցանկանում է ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Երկու տարի է՝ ինչ կրկնուսույցի մոտ պարապում է քիմիա, իսկ մեկ տարի՝ կենսաբանություն։ Խոստովանում է, որ այս ամիսներին շատ ժամանակ է ունեցել իմացածն ավելի լավ յուրացնելու։

 Միակ հանգամանքը անորոշությունն էր, թե ինչպես կանցկացվեն միասնական քննությունները. «Այսօր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և լավատեսորեն շարունակում եմ սովորել։ Որոշման հաստատվելուց հետո միայն քիմիա եմ պարապում։ Աշխատանքս թեթևացել է, սպասում եմ լավագույն արդյունքի»։

Երևանի Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական համալսարան է ցանկանում ընդունվել այս տարվա դիմորդներից Լիլիթ Սարգսյանը։ Դպրոցում գերմաներեն է սովորել և ցանկանում է ճանապարհը շարունակել հենց այս լեզվով։ Կարծում է, որ ամեն բան ավելի տեսանելի էր, մինչ աշխարհին պատեց կորոնավիրուսը, որն իր ազդեցություն ունեցավ նաև իրենց՝ դիմորդների վրա. «Կառավարության որոշմամբ յուրաքանչյուրս պետք է հանձնենք միայն մեկ քննություն, մինչդեռ ես պարապել էի երկուսը։ Թեև կարծում եմ, որ սա շատ լավ շանս է մեկ առարկան լավ ուսումնասիրելու և բարձր արդյունքի հասնելու համար»։

 Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տիրուհի Հարությունյանի կարծիքով՝ այս որոշումն ունի բացասական և դրական կողմեր դիմորդների համար։ Դրական կողմն այն է, որ քննություն է լինելու, և դիմորդները, իրենց գիտելիքի հիման վրա, ընդունվելու են։ Բացասական է այն, եթե տվյալ բաժինը պահանջում է հանձնել երեք քննություն, սակայն դիմորդը երկուսն է ավելի խորն ուսումնասիրել, պարապել կրկնուսույցի մոտ, իսկ մյուսի դեպքում հույսը դրել է դպրոցի գիտելիքների վրա։

    Այս առիթով նա մանրամասնեց. «Մեկ քննությունը կնպաստի, որ գիտելիք ունեցող մարդիկ ընդունվեն, հատկապես, երբ  արդեն գիտեն, թե տվյալ ֆակուլտետ ընդունվելու համար ինչ առարկա է պետք։  Իսկ մյուս դեպքում, կարող  է դիմորդը  բավականին ֆինանսական միջոցներ չունենա երեք առարկա պարապելու, իսկ քննությունը նշանակված լինի հենց այն առարկայից, որը նա մյուսներից ավելի քիչ է ուսումնասիրել»։ Ուսանողուհին նաև հավելեց, որ վերջինիս խմբին պատկանող մարդիկ տուժում են և ստիպված փոխում իրենց ընտրած բաժինը։

   Իսկ նույն համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Մարգարիտ Թամրազյանը կարծում է, որ նման տարբերակով ընդունվելը խիստ ռիսկային է։ «Արդյունավետ և որակյալ կրթական ցենզ կապահովվի այն ժամանակ, երբ ընդունելությունը լինի հարցազրույցով և տարեվերջին նոր քննություններ հանձնեն։ Դու ընդունվում ես սովորելու համար, այլ ոչ թե ցույց տալու՝ թե ինչքան բան գիտես»,-ասաց  ուսանողուհին։

   ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության, պատմության և տեսության ամբիոնի  դասախոս Առնակ Սարգսյանը «journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի  պայմաններում կրթական բլոկում ընդունելության քննությունների հետ կապված կայացվել է  իրավիճակային որոշում,  որը ռիսկային չէ։ «Եթե հաշվի առնենք, որ մեկ առարկայի ընտրությունը պարտադիրի  ցանկից է, սա երևի թե օպտիմալ տարբերակներից մեկն է, որը կպահպանի ընդունելության հետ կապված հնարավորինս օբյեկտիվություն։ Սակայն չեմ ասի, թե նույնը տեղի կունենար, եթե ատեստատի գնահատականներով լիներ»,- ընդգծեց դասախոսը։

   Թեմայի շուրջ զրուցեցինք կրթության փորձագետ Սեդա Քոչարյանի հետ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սերտացնել բուհ-դպրոց կապը՝ բացառելով մնացած լրացուցիչ քննությունները, որոնք իրականում միայն հոգեբանական խնդիրներ են առաջացնում աշակերտների մոտ և որևէ իրական արդյունք չեն տալիս։ «Ասածս հիմնավորեմ հետևյալ կերպ․ այսօր ամբողջ աշխարհում տեղի է ունենում գիտելիքի հեղափոխություն, որը խորհրդանշում է անցումը արդյունաբերականից դեպի գիտելիքահեն հասարակություն։ Սակայն մեր իրականության մեջ գիտելիքի այդ դարաշրջանի էությունը կարծում եմ՝  սխալ են հասկացել․ մարդիկ կարծում  են, որ գիտելիքի դարաշրջանը շատ գիտելիքներ ունենալն է»։

   Մասնագետը նաև հավելեց, որ գիտելիքահեն հասարակության ամենակարևոր գործառույթը գիտելիքները բանեցնելն է առօրյա կյանքում. «21 րդ դարի հաջորդ անվանումը հմտությունների դարաշրջան է, մարդը պետք է կիրառի իր գիտելիքները հմտությունների միջոցով։ Իսկ մեր ավարտական և ընդունելության քննությունները հիմնված են միայն գիտելիքների անգիր իմանալու վրա,  ուստի այդ քննությունները անիմաստ եմ համարում»։

 Փորձագետի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում սա ճիշտ որոշում է, որի իրականացումից հետո անհրաժշետ է վերլուծություններ կատարել և ըստ այդմ՝ լիովին բարեփոխել բուհական համակարգ ընդունվելու համակարգը։ «Իսկ ինչ կլինի, եթե շատ աշակերտների հնարավորություն տանք բուհ ընդունվել, իսկ  արդեն բուհական համակարգի զարգացման շնորհիվ դուրս թողնենք այն աշակերտներին, ովքեր չեն հաղթահարի բուհական համակարգի սահմանած չափորոշիչները»,-նշեց մասնագետը։

Նա հուսով է, որ  կառավարության որոշումը կհանգեցնի՝ բուհ ընդունվելու նեխած համակարգի վերացման և մի նոր համակարգի մշակման, որը  թույլ կտա բուհերում ունենալ ապագա  Աճառյաններ, Մերգելյաններ, Ադամյաններ և ոչ թե ինչ-որ միջակություններ, ովքեր  անգիր գիտեն Մենդելևի աղյուսակը, բայց իրական կյանքում չեն օգտագործում։    Ի դեպ, ՀՀ պետական ուսումնական հաստատությունները արդեն  հրապարակել են բակալավրիատի ու անընդհատ ու ինտեգրված  կրթական ծրագրերի (առկա) 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկը։    

Անի Թամրազյան
2-րդ կուրս

Կիսվել