«ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՀԵՌՈՒՍՏԱՆՈՎԵԼԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է

«ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՀԵՌՈՒՍՏԱՆՈՎԵԼԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է

1784

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա ամիսներ առաջ նկարահանվել էր 16 մասանոց հեռուստանովել: Այն մեծ արձագանքի էր արժանացել հասարակության  շրջանում: Ֆիլմը կարևոր էր նաև նրանով, որ շատերը սկսեցին ճանաչել Վարդգես Պետրոսյանին ու նրա գործերը: Ֆիլմում խոսվում էր նաև մեկ այլ գրքի՝ «Մանոն Լեսկոյի» մասին, ինչը ևս մեծ հետաքրքրության էր արժանացել (խոսքը Մանոն Լեսկո կամ «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վեպի մասին է, որի հեղինակը ֆրանսիացի գրող Աբբա Պրևոն է):

16-ամյա Ջենի Գևորգյանը, նախքան ֆիլմը դիտելը, նույնիսկ չգիտեր էլ, որ գոյություն ունի «Վերջին ուսուցիչը» գիրքը: Նայելուց հետո շատ է ցանկացել գտնել գիրքն ու կարդալ: Բայց, քանի որ գիրքը մեծ համբավ էր ձեռք բերել, մի փոքր երկար է տևել փնտրտուքը. «Վերջապես գնեցի մի գրախանութից և սկսեցի ընթերցել: Եթե մեր հասարակության  մեջ շատ լինեին նմանատիպ մանկավարժներ, մենք լուրջ հաջողություններ կունենայինք կրթության ոլորտում»,-ասաց Ջենին:

19-ամյա Աննա Խռոյանը ֆիլմի ցուցադրության ընթացքում նվեր է ստացել «Վերջին ուսուցիչը» գիրքը: Նա ասաց, որ կարդում էր այն հատվածները, որոնք այդ օրը ցուցադրվում էր նաև ֆիլմում: Նայում էր, ապա փորձում համեմատել ֆիլմի հերոսներին, գրքում՝ հեղինակի կողմից ներկայացվող կերպարների հետ. «Երբ արդեն գիրքը կարդում էի, տպավորիչ պատկերացնում էի հերոսներին: Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում. սա գրքում տեղ գտած մտքերից ամենատպավորիչն էր ինձ համար»,-ասաց Աննան:

Գրախանութի վաճառողուհի Աննա Մարտիրոսյանի խոսքով՝ ֆիլմի եթեր հեռարձակվելուց հետո, մարդիկ, պարզապես, սկսել էին ճանաչել Վարդգես Պետրոսյանին: Այն սկսել էր հայտնի դառնալ, և հատկապես երիտասարդները շատ էին հարցնում հենց այդ գիրքը. «Որոշ հրատարակչություններ էլ  մտածեցին, որ կարելի է առանձին գրքով տպագրել «Վերջին ուսուցիչը»: Որպես գրախանութի աշխատող՝ կարող եմ ասել, որ գիրքը իսկապես «best seller» (շատ վաճառվող) դարձավ»,-ասաց վաճառողուհին:

«Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017 թվականից  նրանք պայմանագիր ունեն, և տպագրում են Վարդգես Պետրոսյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները. «Վարդգես Պետրոսյանի՝ մեր մյուս հրատարակած գրքերի հետ համեմատած, «Վերջին ուսուցչի» վաճառքը էականորեն չի տարբերվել»,-ասաց տնօրենը:

Վաճառողուհու խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունը նպաստել է նրան, որ Վարդգես Պետրոսյանի այլ գործեր ևս սկսել են տպագրվել. «Մինչ այդ ունեցել ենք «Ապրած և չապրած տարիները»: Բայց այս ստեղծագործությունից հետո այլ գործեր ևս սկսեցին տպագրվել, ու էլի լայն տարածում գտան»,-ասաց Աննա Մարտիրոսյանը:

Հրատարակչության տնօրենը հավելեց նաև, որ 2017 թվականից գրախանութներում առկա է եղել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիները», իսկ 2019 թվականից՝ նախքան ֆիլմի եթեր հեռարձակվելը, «Վերջին ուսուցիչը»: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ֆիլմը ևս նպաստել է վաճառքին. «Բայց առանց ֆիլմի էլ «Ապրած և չապրած տարիները» ավելի շատ է վաճառվում, քան «Վերջին ուսուցիչը»»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:

Գրադարաններում նույնպես շատ էին հետաքրքրվել այդ գրքերով: Գրադարանավար Նարինե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ ընթերցողներ, ամեն օր պատվիրում կամ գրադարանի ֆոնդից վերցնում էին գրքերը. «Իրենց պարտադիր գրականությանը զուգահեռ ՝ պատվիրում էին նաև «Վերջին ուսուցիչը» և «Մանո Լեսկո» գրքերը»,-ասաց գրադարանավարը:

Գրադարանում ամեն ամսվա վերջում կազմում էին ամենաշատ ընթերցվող գրքերի «Թոփ տասնյակը»: Հեռուստատեսության միջոցով հայտնի դարձած գրքերի պատվերներն այնքան շատ են եղել, որ հայտնվել են տասնյակում. «Այդ ընթացքում, «Վերջին ուսուցիչը», «Մանո Լեսկոն» շատ ենք ընդգրկել տասնյակում»,-ասաց Նարինե Գևորգյանը:

17-ամյա Միքայել Գասպարյանը ևս, նախքան հեռուստանովելի հեռարձակումը չէր լսել «Վերջին ուսուցիչը» գրքի մասին, և պատկերացում էլ չուներ, թե ինչի մասին է: Մի քանի սերիա դիտելուց հետո, հետաքրքրել է, հասկացել, որ լավն է և արժե կարդալ։ Ժամանակը չբավականացնելու պատճառով, այդ ընթացքում չի հասցրել կարդալ. «Հիմա էլ ժամանակ ունեի, բայց գրադարաններն էին փակ: Գիրքը գնեցի օնլայն, ու կարդացի»,-ասաց նա:

Իսկ 19-ամյան Վիկտորյա Հովեյանը 11-րդ դասարանում սկսել է ընթերցել, բայց չի ավարտել, քանի որ չի հավանել: Երբ ֆիլմը եթեր է հեռարձակվել, որոշել է դիտել: Նրան հատկապես դուր է եկել այն հատվածը, որտեղ ամբողջ գիշեր դասարանցիներով կարդացել են «Մանո Լեսկոն». «Այդ ժամանակահատվածում բոլորը հետաքրքրված էին, և ինձ էլ հետաքրքրեց: Գիրքը ձեռք եմ բերել գրադարանից, բայց, բավականին հին հրատարակություն էր, և ոչ լավ վիճակում»,-ասաց Վիտորյան:

Գրականագետ Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մեդիան կարող է պատճառ հանդիսանալ, որ լսարանի մի ստվար հատված դիտի և հետաքրքրվի գրականությամբ. «Քանի որ Հանրային հեռուստատեսությունը մեծ լսարան ունի, հեռուստանովելի հեռարձակումից հետո շատերն են սկսել հետաքրքրվել գրքով»,-ասաց նա։

«Մեր դասականների և ոչ դասականների երկերի ցուցադրումը կարևոր պայմաններից է: Եթե  ամբիոնի մոտ կանգնեմ «Վերջին ուսուցիչը» կամ մեկ այլ գործ վերլուծեմ, դա կանցնի, կգնա, բայց, երբ աչքը տեսնում է, հետաքրքրությունն առաջանում է»,-հավելեց Վազգեն Գաբրիելյանը:

Գրախանութի վաճառողուհի Աննա Մարտիրոսյանի խոսքով՝  կար մի շրջան, երբ հատկապաես երիտասարդությունը շատ է հետաքրքրվել հենց «Մանո Լեսկո» գրքով․ «Այդ գրքից  հին տպագրություն է եղել, և շատ քիչ քանակով։ Ու երբ սա տպագրվեց՝ դարձավ «best seller» (շատ վաճառվող)՝ ունենալով լայն տարածում»,-ասաց վաճառողուհին:

17-ամյա Էսթեր Գրիգորյանը ֆիլմում լսել է «Մանո Լեսկո» գրքի մասին, և քանի որ այդ ստեղծագործությունն իրեն անծանոթ էր, որոշել է այդ գործը ևս ընթերցել: Ֆիլմում ուսուցիչի տված խորհուրդը շատ էր հուզել նրան, և նա նույպես որոշել է կարդալ. «Շատ էի հետաքրքրվում գրքով, անգամ ընկերներիս, ծանոթներիս հարցնում էի, որ, եթե ձեռք բերեն, ինձ էլ տան, որ կարդամ: Բայց, մի քանի ամիս գիրքը գտնել չկարողանալով, որոշեցի գնալ գրախանութ և անձամբ գնել»,-ասաց նա:

Այն տեսակետը, թե երիտասարդներն այսօր չեն կարդում, գրադարանավարը հերքեց, ասելով, որ նրանք ունեն ընթերցողներ, ովքեր տասնյակ տարիներ իրենց ընթերցասրահ են հաճախում և գրականություն են կարդում. «Ամեն օր, զուգահեռ իրենց բուհական ծրագրերին՝ պարբերաբար պատվիրում և կարդում են գեղարվեստական գրականություն»,-ասաց Նարինե Գևորգյանը:

Էլիզա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել