Սևանա լիճը կրկին «ծաղկել է» ։ Ի՞նչ է այն նշանակում: Բանն այն է, որ կապտականաչ ջրիմուռների պատճառով Սևանը կանաչ գույն է ստացել: Այդ ջրիմուռների գոյությունը իրականում ազդում է լճի որակական հատկանիշների վրա:
Սևանի վիճակի մասին լուսանկարներն այս օրերին հայտնվել են ֆեյսբուքի ու ինստագրամի օգտատերերի էջերում՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ Սևանա լիճը կանգնած է էկոլոգիական խնդրի առաջ։
«Բնապահպանությունը մի ոլորտ է, որի մասին հիշում ենք, երբ շոգը վրա է հասել, ծառ ենք ման գալիս, հովին թաքնվենք։ Բնապահպանությունը մի ոլորտ է, որտեղ Սևանը կանաչում է արդեն 4 տարի, սակայն խնդրի մասին հիշում ենք կանաչելու շրջանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան- լրագրող Թեհմինե Ենոքյանը:
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանն էլ վկայակոչել է մասնագետների մտավախությունը, թե Սևանը կարող է «մեռնող լիճ» դառնալ։
«Դպրոցական տարիքից հասարակությունը պետք է ստանա էկոդաստիարակություն, որպեսզի երբ լինեն բնապահպանական խնդիրներ, դրանց ժամանակին արձագանքեն և չհասցվեն սրված վիճակի»,- ասել է նա:

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը Սևանի ափամերձ հատվածների կանաչելու գործընթացը պայմանավորում է մի քանի գործոններով:
«Ակտիվ ջրամաբարային էֆֆեկտի արդյունքում էկոհամակարգը սթրես է ապրում։ Ինքնամաքրման գործընթացն այն մակարդակի վրա չի լինում, որ էկոհամակարգը ի վիճակի լինի ինքնուրույն չեզոքացնել բացասական գործընթացները, այդ թվում՝ կապտականաչ ջրիմուռների մասով»,- ասում է Ղազարյանը։
Այսօր այս մասին պաշտոնական մեկնաբանություն է տվել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:
«Այս տարի ևս անմասն չենք մնացել այդ բացասական երևույթից։ Մի փոքր ուշացումով՝ հուլիսի սկզբին սկսվել է ծաղկման պրոցեսը, որը կտևի 2-3 շաբաթ։ Օգոստոսի կեսերին կունենանք դրա հետևանքների նվազեցումը։ Սևանա լճում այս երևույթները հետևանք են արդեն նախորդ դարից սկսած Սևանա լճի մակարդակի իջեցման, որի հետևանքով ամբողջությամբ խախտվել է Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը»,-ասել է նա։
Նախկին փոխնախարարը որպես լուծում առաջարկում է դադարեցնել նյութեր արտանետել Սևան, լճի ափամերձ տարածքների ջրածածկ անտառները մաքրել, որպեսզի ափամերձ օբյեկտների կոյուղու և այլ աղտոտված ջրերը չլցվեն լիճ։
Հեղինակ՝ Շուշանիկ Փափազյան