Բերդում մեկնարկել է «Ֆրեսկո» միջազգային 7-րդ փառատոնը

Բերդում մեկնարկել է «Ֆրեսկո» միջազգային 7-րդ փառատոնը

526

Այսօր՝ օգոստոսի 22-ին մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 7-րդ փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 1-ը: Այս տարի փառատոնի մեկնարկը տրվել է սահմանամերձ Բերդ քաղաքից՝ «Բերդ» պարային անսամբլի մենահամերգով և ֆիլմերի ցուցադրությամբ ու քննարկումներով:
Համավարակային իրավիճակից ելնելով՝ այս տարի փառատոնի բոլոր միջոցառումները կանցկացվեն բացօթյա: 

Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24- ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ: Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Փառատոնին այս տարի ներկայացված 3000ից ավել հայտից (85 երկիր)  ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր,  որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ  ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ եւ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:

https://www.facebook.com/frescofestival/videos/295636331731200/
Կիսվել