Այսօր Արցախի անկախության օրն է

Այսօր Արցախի անկախության օրն է

1208

Այսօր Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է։

1991թ. սեպտեմբերի 2-ին  Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է  «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններով ձևավորվել է ԼՂՀ խորհրդարանը, որը կազմեց առաջին կառավարությունը:

1991 թ. դեկտեմբերին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվել է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992 թ. հունվարի 8-ին տեղի է ունեցել հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը: Ստեղծվել է Արցախի Հանրապետության նախարարների խորհուրդ, որի վարչապետ է նշանակվել Օլեգ Եսայանը (2010 թ. հունվարի 21-ից ՌուսաստանումՀՀ արտակարգ և լիազոր դեսպան):

Շուտով հանրապետությունն ունեցել է իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգ։ Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։
Մարտերի բովում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով է ավարտել ազատագրական պայքարը։ Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։ Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը: Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար է սկսել շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար:

Կիսվել