ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքում առավոտյան սկսվել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, պետական և զինվորական բարձաստիճան այրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը տոնի առթիվ շնորհավորել է համայն հայությանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ազգի համար մեծագույն ձեռքբերումըն ազգային անկախ պետականություն ունենալն է:
«Ազգը ղեկավարելու կարևորագույն ձևը պետականություն ունենալն է, և այսօր ունենք այդ արժեքը: Պիտի այսուհետ ևս այնպես անենք, որ մեր երկիրը լինի զարգացող, հզոր և անվտանգ: Դա էլ կլինի մեր գլխավոր երաշխիքը»,- ավելացրել է Պարգև Սրբազանը:
Այսօր Արցախի բոլոր շրջաններում ևս հարգանքի տուրք են մատուցել արցախյան-ազատամարտի հերոսների հիշատակին: