Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության...

Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում. Մասիս Մայիլյան

609

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը  Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հակամարտության ուղղությամբ Արցախի ու Ադրբեջանի ունեցած դիրքորոշումներին,Ադրբեջանի սադրանքներին  և հրադադարի ռեժիմի խախտումներին և շեշտել ,որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում․

Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում

Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված:

Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum – Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Մանրամասները՝ ԱՀ արտաքին գործերի նախարարության կայքում։

Կիսվել