Աղբի տեղը աղբամանն է, ոչ թե Սևանա լճի ափը

Աղբի տեղը աղբամանն է, ոչ թե Սևանա լճի ափը

1487

Այս նկարներն արված են Սևանա լճի ափամերձ հատվածում։ Տարածքում ոչ միայն համայնքի բնակիչների կենցաղային աղբն է, այլ նաև ափին հանգստացողներինը։

Սևանը արդեն երկու տարի է, ինչ կանաչում է, և բնապահպանները ահազանգում են, որ դա մեծ խնդիր է։ Համայնքի բնակիչները չեն հասկանում այս ամենի կարևորությունը և շարունակում են աղբը թափել Սևանի ափին։

Այս ամենը տեսել է EcostreeՏիմ ծրագրի անդամ և մեր թղթակից Սերինե Աղաբեկյանը։
Նա որոշել է կամավորների ներգրավել և EcostreeՏիմ ծրագրի շրջանակներում մաքրել աղբը։ EcostreeՏիմ-ը ծրագիր է, որը իրականացվում է Գեղարքունիքի մարզի ՏԺԴ դպրոցի մասնակիցների կողմից ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում։

Սեպտեմբերի 12-ին` վաղ առավոտյան, կամավորները սկսել են մաքրել Սևանի ափամերձ տարածքը։

Սերինեի խոսքով՝ մարդիկ ներգրավված էին ոչ միայն մարզից այլ նաև Երևանից։
«Երբ հայտարարություն էի տարածել, որ մեզ կամավորներ միանան, նույնիսկ Տավուշում բնակվող մարդիկ էին արձագանքել և ցանկանում էին միանալ, թեև իրենց ցանկությանը չկարողացան միանալ. հեռավորության խնդիր կար»,- ասում է Սերինեն։

Չնայած նրան, որ Սևանը գտնվում է Սևան ազգային պարկի հսկողության ներքո, Արծվանիստ համայնքի համայնքապետ Սամվել Օհանյանը ասել է, որ ինքը կհոգա և կտրամադրի մեքենա՝ աղբը տեղափոխելու համար։

«Շնորհակալություն բոլորին իրենց պատրաստակամության և կամավոր մեզ միանալու համար։ Այնքան շատ էր աղբը, որ չէինք կարողանում վերացնել ափից։ Ափից ամեն տեսակ աղբ գտանք։ Նույնիսկ կատակներ էինք անում, թե խանութ ենք բացելու ու գտած ապրանքները վաճառենք»,– պատմում է Սերինեն։

Երկու մեծ բեռնատար մեքենա աղբ են հավաքել։
«Աղբը հավաքելու ընթացքում մեծ գանձ եմ գտել։ Այդ գանձը ընկերներս են, որոնց հետ ձեռքերով հատ – հատ հավաքել ենք գետնին ընկած նույնիսկ կոնֆետի վերջին թուղթը։ Վերջում էլ վայելում էինք Սևանն իր ողջ գեղեցկությամբ, զրուցում էինք։ Կամավորներից մեկը ասաց, որ մեզնից այլևս ոչ ոք աղբ չի թափի գետնին. Իսկ նրանք, ովքեր չեն եկել ու հավաքել, շարունակելու են թափել»,-ասում է Սերինեն։

Լուսանկարները՝ Սերինե Աղաբեկյանից

Հեղինակ՝ Անի Թամրազյան

Կիսվել