Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ...

Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ է ստանում. ՄԻՊ պաշտպան

503

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ:

1. Ակնհայտ է, որ առհասարակ, որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ այդ վարակի տարածման դեմ պայքարն է: Հենց այդ հիմնարար նպատակին էլ պետք ուղղված լինի պետության ցանկացած այն մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, որն այս հարցերում ունի օրենքով սահմանված գործառույթներ:
2. Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու, նրան վարչական տուգանքի ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ է ստանում:
3. Բերման ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում, խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում և այլն:
4. Արձանագրվում են քաղաքացուն մոտեցած ոստիկանի օրենքից չբխող պահվածքի, քաղաքացու հետ շփման հարցում անորոշության և նրան անընդունելի ձևով բերման ենթարկելու, այդ ընթացքում անհամաչափ ուժ գործադրելու դեպքեր:Անընդունելի են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացին ունի դիմակ, սակայն ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ու, առհասարակ, ինքնին անձը հաստատող փաստաթուղթ չունենալը պատասխանատվության ենթարկելու կամ քաղաքացու նկատմամբ իրավական ներգործության ինքնավար հիմք լինել չի կարող և վերջ:
5. Առանց այն էլ բերման ենթարկելու համակարգում առկա համակարգային խնդիրների պայմաններում արտակարգ դրությունից սկսած ձևավորված այս նոր պրակտիկան ավելի է խորացնում առկա խնդիրները: Այս ամենն իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում:
6. Ակնհայտ է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է: Իրականում, այդ գործողությունների նպատակը պետք է լինի նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն աջակցելը, երկրում համերաշխության մթնոլորտ ապահովելուն նպաստելը. սա է այն ղեկավար սկզբունքը, որով պետք է ղեկավարվել:
7. Մյուս կողմից, ակնհայտ է, որ ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների «իրավական զոհը»: Այս ոլորտի օրենսդրությունն այդպես էլ չունեցավ կոնկրետության անհրաժեշտ աստիճան, չստացավ բավարար կանխատեսելիություն թե՛ քաղաքացու, թե՛ Ոստիկանության ծառայողի համար: Ոստիկանության ծառայողների համար պետք է առկա լինեն մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր, որոնք նախատեսված կլինեն հենց նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում նրանց աշխատանքի համար:
8. Բերման ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իր գործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելով:
9. Յուրաքանչյուր ոստիկան պետք է հստակ գիտակցի, որ բերման ենթարկելն ազատությունից զրկել է և հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, որ պարտավոր է երաշխավորել այն մարդու իրավունքները, ում ինքը մոտեցել է կամ ում նկատմամբ պատրաստվում է ներգործուության միջոց կիրառել (բերման կամ տուգանքի ենթարկել և այլն) :Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե Ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք: 10. Ոստիկանը յուրաքանչյուր պահանջվող դեպքում քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու հետևանքները: Ոստիկանը պետք է նաև պատշաճ տիրապետի այն իրավախախտման հատկանիշներին, որի համար անձի նկատմամբ կիրառում է ներգործության միջոց: Ոստիկանները պետք է անցնեն նվազագույն պահանջները բավարարող դասընթացներ, որպեսզի կարողանան քաղաքացուն բացատրել դիմակ չկրելու թե՛ իրավական, թե՛ առողջապահական հետևանքները, իսկ անահրժեշտության դեպքում ցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն:
11. Վերջապես, յուրաքանչյուր անգամ ոստիկանների գործողությունների առնչությամբ նշանակվող ծառայողական քննություններն առանց նկարագրված համակարգային խնդիրները լուծելու իրական արդյունք տալ չեն կարող: Նման պայմաններում այդ ծառայողական քննությունները պարզապես ձեռք են բերում դրվագային ու այն էլ ոչ արդյունավետ նշանակություն կոնկրետ միջադեպերով արձանագրվող խնդիրները լուծելու տեսանկյունից և պատրանքային են դառնում տարիներով կուտակված համակարգային խնդիրները լուծելու տեսանկյունից:
12. Այս բոլոր դիտարկումներս հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Ոստիկանության բաժիններ մեր այցերի, ինչպես նաև դիտարկումների արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված վարույթներով իրականացվում են կոնկրետ գործողություններ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
13. Հատուկ արձանագրում եմ, որ այս գրառումը չի առնչվում այն հարցին, թե դիմակն ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Այս գրառումը նպատակ չունի նաև գնահատելու դիմակ կրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փակ կամ բաց տարածքներում:

https://www.facebook.com/profile.php?id=100017676420633

Կիսվել