Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է, թե պատերազմի ավարտման համար ինչ գործոններ կարող են լինել:
«Գլխավոր գործոնը խելքի գործոնն է, որն Ադրբեջանի ղեկավարության մոտ բացակայում է: Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ իր իշխանությունը հակաադրբեջանական նպատակներ և հետաքրքրություններ ունի, գուցե պատերազմն ավարտվի: Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ, լավագույն դեպքում, Ադրբեջանի ոչ հաղթանակով: Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ իրենց կողմից»,– ասել է Արայիկ Հարությունյանը:
Նախագահը նաև նշեց, որ տնտեսության քայքայում կլինի Ադրբեջանում, որը շատ երկար ժամանակով՝ տասնամյակներ, հնարավոր չի լինելու վերականգնել: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն:
«Նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները, պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները: Ցավոք, իշխանություննեի այդպիսի պահվածքի հետևանքով Ադրբեջանի ժողովուրդն է տառապելու»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահն ասել է, որ պետք է պատրաստ լինել երկարատեւ պատերազմի, որովհետեւ այն տանուլ տալու դեպքում մենք չենք կարողանալու լուծել մեր գլխավոր խնդիրը, այն է՝ խաղաղ ապրել մեր հայրենիքում։
Նա շեշտել է, որ Արցախի պաշտպանության բանակը հակառակորդին խաղաղություն է պարտադրելու: