Մարտի դաշտում հաջողության չհասնելով՝ Ադրբեջանը ոճրագործություններ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ....

Մարտի դաշտում հաջողության չհասնելով՝ Ադրբեջանը ոճրագործություններ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ. ԱԳՆ

423

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ:

«Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը: Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ: Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները, Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում՝ իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունը Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կիսվել