Պատերազմի երկրորդ ճակատը. պայքար համացանցում

Պատերազմի երկրորդ ճակատը. պայքար համացանցում

665

Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում։ Լարված ու համառ մարտերից այս կողմ՝ թիկունքում ևս պատերազմ է՝ մեդիապատերազմ։ Հին սովորություններին հավատարիմ մնալով` Ադրբեջանը պահը բաց չի թողնում ապատեղեկատվություն տարածելու համար, սրան հակադարձելով՝ հայկական կողմը առիթը բաց չի թողնում բացահայտելու ու հերքելու տարածվող կեղծիքը և աշխարհին հայտնի դարձնելու իրական դրությունը։ Մեդիապատերազմի ճակատային գծում են երիտասարդները։  Պատերազմի առաջին օրերից ձևավորված նպատակային խմբերը, որոնք մի քանի օրում միավորեցին տասնյակ հազարավոր մարդկանց, պայքարի հիմնական օջախներից են։ Խմբերի հիմնական մասը գործում է Ֆեյսբուքում։ Ուսումնասիրել ենք առավել մեծ լսարան ու մասնակիցների մեծ թիվ ունեցող խմբերից երեքը։

«Մեդիա գրոհայինների բանակ»  խումբը պայքարում է կեղծ նյութերի, ատելության խոսքի դեմ, Արցախում տիրող իրավիճակը առավել հասանելի դարձնելու համար խմբի անդամները տարածում և կիսվում են տեսանյութերով ու գրառումներով։ Այն հարցի պատասխանը, թե ինչպես են ընտրվում տեսանյութերը, որոնց ակտիվությունը պետք է ավելացնել, գտանք խմբի համակարգող Ռոմանի՝ խմբում արված գրառման մեջ․ «Ցավոք, այս պահին, որոշ որոնումների (բանալի բառերի) պարագայում ստիպված ենք դեռ ընտրություն կատարել «հակահայկական» և «նեյտրալ մեկնաբանություններ» ունեցող վիդեո քոնթենթի միջև։ Նման դեպքերում, կարծում եմ կարիք էլ չկա մտածելու արդյո՞ք ճիշտ է գոնե նեյտրալ մեկնաբանություններն ակտիվացնել, թե ոչ… Բնականաբար, երբ լինում են հայամետ վիդեոներ YouTube-ում, որոնք կարելի է առաջ տանել, մենք անում ենք դա, որի արդյունքները ևս տեսանելի են»։

«ԻնստագրաԴ» – խումբը ունի 50 000-ից ավելի անդամ։ Գործունեության թիրախում են համաշխարհային հայտնիները։ Սոցիալական ցանցերի և էլեկտրոնային փոստի միջոցով համաշխարհային հայտնիներին ուղարկվում են նույն բովանդակությամբ հազարավոր նամակներ, փաստեր, հոլովակներ։ Թիրախավորվում են ծագումով հայ, բարեգործական գործունեությամբ զբաղվող կամ մեծ լսարան ունեցող մարդիկ։ Նպատակը,իրավիճակը ներկայացնելուց զատ, նաև գումարային աջակցություն ստանալն է (նամակներին արձագանքած հայտնիներից շատերն իրենց էջերում տեղադրում են նաև հիմնադրամի՝ նվիրատվության կայքը կամ հաշվեհամարը)։ Խմբի անդամները նաև գումար աշխատելու այլընտրանքային ու հաճելի տարբերակ ունեն։ ՅուԹուբ հարթակում տեղադրված տեսանյութերի դիտումներից հավաքվում է գումար, որն ամբողջությամբ փոխանցվում է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Խմբի հիմնադիր Ռուբենի գրառման համաձայն՝ առաջին տեսանյութից հավաքված գումարը՝ 70 000 դրամ, նվիրատուների և ՀԲԸՄ կրկնապատկման շնորհիվ դարձավ 5000$։ Երկրորդ տեսանյութից աշխատած գումարի չափը դեռ հստակ չէ, բայց մի բան հաստատ է՝ ավելի շատ է, քան նախորդը։

(Լուսանկարում դեռ չկրկնապատկված գումարի չափն է)

«Մենք» խումբը զբաղվում է պաշտոնական լուրերի տարածմամբ, ինչպես նաև տարածված կեղծ լուրերի հերքմամբ։ Խմբի սկզբնական նպատակը սակայն այլ է՝ փորձել կապ հաստատել այն զինվորների հետ, որոնցից լուր չկա։ Երբ ՊՆ պաշտոնապես սկսեց զբաղվել այդ հարցով, խմբի անդամները որոշեցին չխանգարել ու ակամա տեղեկության արտահոսքի կամ ապատեղեկատվության աղբյուր չդառնալ։ Բացի պաշտոնական լուրեր հրապարակելուց և կեղծ ու հակահայկական քարոզ իրականացնող էջերը փակելուց, խմբի անդամները  կատարել են գումարային փոխանցումներ ու կիսվել նկարներով՝ ոգևորելով նաև  մյուսներին։ Խմբի անդամները նվիրաբերել են  շուրջ 5 400 000 դրամ։ «Պատերազմի ավարտից հետո էլ խումբը չի փակվի, – գրում է խմբի համակարգող Սեյը,- խումբը կզբաղվի մեր հերոսացած տղաների, վիրավորների ընտանիքներին օգնելով»։  

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել