Մենք ուրախ էինք, որ նրանք ողջ են, իսկ նրանք ուրախ էին, որ...

Մենք ուրախ էինք, որ նրանք ողջ են, իսկ նրանք ուրախ էին, որ տաք կերակուր են ուտելու

1220

Կարմիր բերետի ջոկատում կամավորական գրանցվելիս մտքիս ծայրով անգամ չէի անցկացրել, որ մարդիկ ինձ մի քանի օրվա ընթացքում այդքան հարազատ կդառնան։ Քսան օր շարունակ մենք զինվորներին սրտատրոփ ճանապարհում էինք առաջնագիծ և նույն անհանգիստ հպարտությամբ սպասում էինք իրենց հերթափոխի ավարտին, որ հետ գան։
Չնայած այդ լարված իրավիճակին, մեր գլխի վերևում թռչել չդադարող անօդաչուների ձայնին, անընդհատ կարկուտի պես պայթող արկերին՝ մենք ծիծաղում էինք, կատակներ անում։ Ամեն գիշեր շատ ուշ էինք քնում. երկու օրը մեկ տղաների հերթափոխն էր, ու մենք անհամբեր սպասում էինք, որ սահմանից իջնեն առանց զոհերի։ Մնում էինք այնքան, ինչքան պետք էր լինում, առաջին օգնություն էինք ցույց տալիս և նոր միայն գնում հանգստանալու։

Արսեն Սաֆարյանի եղբայր Արթուրը, նույն ինքը՝ զորքի ուրախությունը, հոգում էր բոլորի սոված չմնալու հարցը։ Նա միշտ զորքին ապահովվում էր տաք կերակուրով. իր ձեռքերով էր պատրաստում, երբեմն ձայնը բարձրացնում էր, որ գան ու կարտոֆիլ մաքրեն (լինում էր, որ տղաները մեկը մյուսի վրա էին քցում)։ Հերիք էր՝ նա ձայնը բարձրացներ, և մարդիկ պատրաստակամ գալիս էին օգնելու։

Ես նույնպես երբեմն գնուն էի օգնելու, ու ասեմ՝ Արսեն Սաֆարյանի դանակով էի կլպում։ Երբ բոլորը հոգնած իջնում էին ուրալներից, առաջին բանը, որ հարցնում էինք՝ հո զոհ չունենք, ու ամեն անգամ հանգիստ շունչ էինք քաշում՝ ոչ պատասխանը լսելով։ Մենք ուրախ էինք, որ նրանք ողջ են, իսկ նրանք ուրախ էին, որ տաք կերակուր են ուտելու։

Հեղինակ՝ Սերինե Աղաբեկյան

Կիսվել