Բանկերը կկանգնե՞ն քաղաքացիների կողքին

Բանկերը կկանգնե՞ն քաղաքացիների կողքին

784

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  կառավարության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվում առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Նախագիծը ենթադրում է, որ ոչ թե համատարած ներվում են զոհերի և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկից, որը պետք է առաջանար վարկի ներման ժամանակ:

Հարց է ծագում. ՀՀ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները պատրա՞ստ են ընդունել նախագծի պայմանները և կանգնել քաղաքացիների կողքին այս ծանր պատերազմական իրավիճակում:

Նախագծի ընդունումից հետո Հայաստանյան առաջատար համարվող մի քանի առևտրային բանկերի պաշտոնական կայք-էջերի ուսումնասիրությունը, ինչպես նաև զրույցները մասնագետների հետ ցույց տվեցին, որ բանկերի մեծամասնությունը պատրաստակամ են աջակցելու պետական նախաձեռնությանը:

Ավագ ֆինանսական խորհրդատու Նարինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ծանր իրավիճակում բանկերի կողմից առաջարկվող լուծումները կլինեն առավելագույնս հաճախորդամետ:

 -Մենք բարձր ենք գնահատում մեր հայրենակիցների կողմից առաջնագիծ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը և մեր կողմից հավաստիացնում ենք, որ մեր երկրի պաշտպանները և նրանց ընտանիքի անդամները բանկային գործարքների հետ առընչվող հարցերում զերծ կմնան հավելյալ խնդիրներից:

Խոսեցինք նաև վարկերի վերանայման պայմանների և ընթացակարգերի մասին.

Ինչպես գիտեք, վարկերի վերանայման գործընթացում բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել իրենց հայեցողությամբ ներել զինծառայողների/զորակոչիկների, ինչպես նաև զոհված զինծառայողների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր առևտրային բանկ ստեղծել է բանկի հանդեպ վարկային պարտավորությունների գծով օժանդակության տրամադրման իր կանոնները: Մանրամասները կարող եք գտնել բանկերի պաշտոնական կայքէջերում:

  Կատարած ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ, օրինակ, Ինեկոբանկ ՓԲԸ-ն իր հրապարակած ուղեցույցում հստակ տարանջատում է վարկերի վերանայման պայմանների հետևյալ ուղությունները`

•           Եթե ծառայության մեջ գտնվող կամ ծառայության մեկնող զինծառայողների/զինակոչիկների գործող սպառողական վարկերի վճարումների հետ կապված կլինեն դժվարություններ, ապա ծառայության մեկնելիս բանկի ցանկացած մասնաճյուղում կամ օնլայն համակարգով հնարավոր է ներկայացնել զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը, որի հիման վրա բանկը` առնվազն 1 ամիս ժամկետով, կտրամադրի վարկի մարման հետաձգման հնարավորություն՝ ավտոմատ երկարացնելով պայմանագրի ավարտը համապատասխան ժամկետով։

•           Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների/զինակոչիկների դեպքում վարկառույի` առանց գրավային ապահովության և ոսկու գրավով վարկերի պարտքի գումարի չափով բանկը տրամադրում է ֆինանսական օգնություն, ինչի արդյունքում բանկի միջոցների հաշվին մարվում է վարկառույի պարտքը: Վարկառույի պարտավորությունը Բանկի առջև դադարում է հետևյալ դեպքերում` վարկառուն զոհված զինծառայող/զինակոչիկ է, կամ վերջինիս կինը/ամուսինը, կամ ծնողը, կամ համատեղ ապրող զավակը:

•           Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների/զորակոչիկների և վերջիններիս ընտանիքի անդամների սպառողական վարկերի դեպքում, որոնք 01.09.2020 թվականի դրությամբ ժամկետանց չեն եղել, կատարվում է առնվազն 1 ամսով վարկի հերթական մարման հետաձգում` երկարաձգելով պայմանագրի ավարտը համապատասխան ժամկետով: Այս դեպքում, ելնելով զինծառայողի առողջական վիճակից, կարող են կայացվել նաև անհատական որոշումներ:

  Իսկ հարցին, թե ռազմական դրության պայմաններում բանկերը, լինելով շահույթ հետապնդող կազմակերպություններ, ընդհանրապես ինչպիսի՞ օժանդակություն են տրամադրում քաղաքացիներին, մասնագետը պատասխանեց.

-Հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրս ցանկանում է րոպե առաջ իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության հարցում, բանկային համակարգը ևս, մի կողմ թողնելով մրցակցային հարաբերությունները, բոլոր ուղղություններով  էական և նշանակալի աջակցություն  է իրականացրել  և շարունակում է իրականացնել ազատության համար պայքարող իր քաղաքացիների հոգսերը և կարիքները հնարավորինս թեթևացնելու համար։

Աննա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել