«Նրանք այս ամենի անմեղ մեղավորներն են». Անաիս Սարդարյան

«Նրանք այս ամենի անմեղ մեղավորներն են». Անաիս Սարդարյան

1237

Արդեն 56 օր է, որ Տիկնիկային թատրոնում կամավորական աշխատանքներ են ընթանում՝ Արցախից եկած ընտանիքներին սնունդով, հագուստով, դեղորայքով և հիգիենիայի պարագաներով օգնելու համար։ Կամավորական խումբը ձևավորվել է դերասանուհի Անաիս Սարդարյանի նախաձեռնությամբ։

«Մասնագիտությամբ դերասանուհի եմ, իսկ հոգով ու սրտով` հայ։ Երբ պատերազմը սկսվեց, մտածեցի, որ ինքս ինչ֊որ մի բան պետք է անեմ, բայց չէի մտածում, որ այսքան մեծ թիմ կհավաքվի և կօգնի ինձ»,֊ ասում է Անաիսը։

Սկզբում ավելի փոքր մասշտաբով են իրականացվել կամավորական աշխատանքները, բայց քանի որ օգնություն ուղարկող մարդիկ գնալով շատացել են, Տիկնիկային թատրոնը նրանց տրամադրել է տարածք՝ աշխատանքները ավելի համակարգված կատարելու համար։

«Սկզբում իմ ֆինանսական միջոցներով էի օգնում ընտանիքիներին, հետո ինձ միացան կուրսընկերներս, աշխատում էի նաև մի քանի կազմակերպությունների հետ։ Հետո Անաիսի ինստագրամյան էջից տեղեկացանք նախաձեռնության մասին  ու սկսեցինք միմյանց տեղեկացնել,  որպեսզի ավելի շատ մարդ իմանա և  կարողանա օգնել։ Սեպտեմբերի 30֊ից աշխատանքները Տիկնիկային թատրոնում էին ընթանում»,֊ պատմում է կամավոր Վահրամը ։

Ոչ միայն օգնություն ուղարկող մարդիկ, այլ նաև այդ ամենը դասակարգել ցանկացող կամավորներն են շատ եղել և  նախաձեռնության մասին իմանալուն պես շտապել են Տիկնիկային թատրոն։

«Այնքան մարդ էր գալիս կամավոր լինելու ցանկությամբ ՝ մենք խնդրում էինք, որ գնան, քանի որ պետք էր նաև պահպանել հակահամաճարակային կանոնները։ Ուղղակի այդ օրերին բոլորը ցանկանում էին մի բանով օգնել»,֊ ասում է Վահրամը։

Կամավորների խմբից է նաև Չինաստանից Հայաստան սովորելու նպատակով եկած Ֆընգը, ով սովորում է ԵՊՀ֊ում և շատ լավ տիրապետում է հայերենին։ Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով է տեղեկացել նախաձեռնության մասին։

«Ես եկել եմ այստեղ, որովհետև շատ եմ ուզում օգնել զինվորներին, կամավորներին և Արցախից եկած ժողովրդին։ Առաջին անգամ բերել եմ սնունդ և երկու տաք հագուստ ու հենց այդ օրն էլ սկսել եմ աշխատել։ Տիկնիկային թատրոնում ունեմ շատ ընկերներ, բոլորը շատ լավ են ինձ ընդունել։ Բոլորին կարոտելու եմ»,֊ ասում է կամավոր Ֆընգը։

Նախաձեռնության ընթացքում ձևավորվել է մի մարտահրավեր(challenge)՝ «հանուն մի բալիկի», որի գաղափարը այդ օրվա սրճարանի գումարով քաղցրավենիք գնելն է, որը ուղարկվելու է մի բալիկի։

«Որոշեցինք այդ challenge-ը սկսել, որովհետև երբ Սփյուռքից ուղարկված օգնությունները ինստագրամյան էջում տեղադրում էի, տեղի հայերը մտածում էին, որ մեկ տոպրակ օգնություն տանելը ամոթ է, բայց մտածեցինք այս ճանապարհով  հորդորել մարդկանց, որ յուրաքանչյուրի ուղարկած մեկ հատ քաղցրավենիքը կարող է մի բալիկի ուրախացնել։ Կարևոր չի  ուղարկած ուտելիքի ո՛չ արժեքը, ո՛չ քանակը, կարևոր է կատարած բարի գործը»,֊ ասում է Անաիսը.

Սեպտեմբերի 30֊ից սկսած ամեն օր ժամը 9։00֊ից սկսվել է կամավորների աշխատանքը և ավարտվել է միայն այն ժամանակ, երբ ուղարկված բոլոր օգնությունները դասակարգված են եղել։ 56 օրում նրանք սպասարկել են 9705 հասցե, որտեղ եղել են 15000֊ից ավելի ընտանիք։

«Շատ դժվար էր 2 ամիս շարունակ այսքան աշխատանք կատարելը՝  օրվա մեջ քնելով ընդամենը 4֊5 ժամ։ Որոշեցինք կամավորական աշխատանքները դադարեցնել, քանի որ պետությունը արդեն գումարով օգնելու է Արցախից եկած ընտանիքներին։ Նաև պետք է մի փոքր հանգստանալ։ Բայց մեր կամավորական խմբով հետագայում շարունակելու ենք «հանուն մի բալիկի» challenge֊ը (մարտահրավերը), երբ բոլորը արդեն իրենց տունը կունենան, դեռ չեմ ցանկանում փակագծերը շատ բացել ։

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել