«Տերյան մշակութային կենտրոն»-ը արցախցիների կողքին է

«Տերյան մշակութային կենտրոն»-ը արցախցիների կողքին է

933

«Տերյան մշակութային կենտրոնը» եզակիներից է, որ մինչև հիմա շարունակում է օգնություն ցուցաբերել արցախցիներին: Հագուստ ու սնունդ տրամադրելուց բացի, կենտրոնը նաև ապահովում է աշխատանքով: Արցախցի կանայք ներգրավվում են տարբեր ոլորտներում:

Կենտրոնի տնօրեն ԼիլիթՄելիքյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կոնտինգենտը պարբերաբար փոխում ենք՝ անընդհատ նոր մարդկանց ներգրավելով: Ունենք տարբեր նախագծեր: Արցախցի երիտասարդները ձեռագործ աշխատանքերն են ստեղծում, կանայք անկողնային պարագաներ են կարում, իսկ ովքեր ցանկացել են տանից աշխատել, անհրաժեշտ պարագաներն ուղարկել ենք նրանց տուն»:

«Պատրաստում են արցախցի կանայք» խորագրով բարեգործական նախագծի շրջանակներում կենտրոնը համագործակցում է «Մեր տունը» ռեստորանի հետ, որտեղ արցախցի կանայք պատրաստում են տարբեր թթուներ, արցախյան հայտնի ճաշատեսակներ և անուշահամ քաղցրավենիք: Կազմակերպվում են ցուցահանդեսներ, որտեղ կանայք ներկայացնում են իրենց ուտեստները: Իսկ հավաքված գումարն ուղղվում է արցախցի ընտանիքների օգնությանը:

Նանա Մարտիրոսյանը, որը որպես կամավոր համագործակցում է կենտրոնի հետ, պատերազմի ընթացքում է ժամանել Հայաստան Մոսկվայից: Նա նաև դրամական աջակցություն է ցուցաբերել կենտրոնին, որն ուղղվել է արցախցի ընտանիքներին:

Նանան հիմնականում  աշխատում է արցախցի երեխաների հետ՝ ապահովելով նրանց ժամանցը: Երեխաների համար կազմակերպում է ինտերակտիվ խաղեր, տարբեր վայրեր տանում նրանց: Չեն մոռացել նաև երեխաների ամանորյա նվերների մասին: Փոքրիկներին անակնկալներ են սպասվում, եթե նույնիսկ վերադառնան իրենց տուն:

Նանան այս ընթացքում հասցրել է երեխաների հետ մտերմանալ: Երեխաներն էլ նրան են շատ սիրում: Մեզ հետ զրույցում Նանան նշեց. «Շատ հուզիչ պահ է, երբ երեխաները պատրաստվում են վերադառնալ իրենց տուն. արդեն շատ ենք կապվել: Հաճելի է նաև այն պահը, երբ երեխաները քեզ համար բացիկներ են պատրաստում»:

«Տերյան մշակութային կենտրոնի» կողմից օգնության տրամադրումը ևս մեկ ամիս դեռ շարունակվելու  է: Իսկ Հայաստանում մնացած ընտանիքներին փորձելու են աշխատանքով ապահովել:

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել