Երեխայի Ժպիտն ապագայում գուցե կյանքեր փոխի. պատերազմից տուժած մանուկների համար լուսե ամանոր...

Երեխայի Ժպիտն ապագայում գուցե կյանքեր փոխի. պատերազմից տուժած մանուկների համար լուսե ամանոր կկազմակերպվի

1222

 ‹‹Խարույկ›› արշավական  ակումբը, համագործակցելով  ‹‹Wine Time›› սրճարանի հետ,  նախաձեռնել է ամանորյա  տոնական  միջոցառումների շարք` պատերազմի մասնակից զինծառայողների երեխաների համար:

Նախագիծը տեղի կունենա դեկտեմբերի 28-ից 30-ը: Կազմակերպիչները նշում են, որ կան մարզեր, որտեղ գրեթե չեն իրականացվում ամանորյա մանկական ծրագրեր: Հենց դա էլ հիմք ծառայեց, որ  միջոցառումները կազմակերպվեն Հայաստանի մարզային քաղաքներում:

 ‹‹Կան ընտանիքներ, ովքեր տուժել են պատերազմից և ուղղակի հոգեպես ի վիճակի չեն երեխաներին այս տարի նոր տարվա ուրախությունը պարգևել: Սակայն  երեքից չորս տարեկան երեխան, ով ամեն տարվա պես սպասում է իր ամանորյա հրաշքին, չպետք է զուրկ մնա դրանից: Մենք որոշեցինք այս տարի մեզ  վրա վերցնել այդ պարտականությունը  և երեխաներին պարգևել մի օրվա սպասված հրաշքը››,- մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնության պատասխանատու Լիլի Ղազարյանը:

Միջոցառումների հասույթը գոյանալու է դեկտեմբերի 25-ից 27-ը կայանալիք ‹‹Լուսե Ամանոր›› բարեգործական տոնավաճառից, որտեղ ներկայացվելու են տեղական արտադրության ամենտարբեր  ապրանքանիշեր, ‹‹Լուսե Ամանոր›› բարեգործական համերգից, որտեղ հանդես կգան բենդեր և երգիչ-կատարողներ ողջ Հայաստանից: Ինչպես նաև ֆեյսբուքյան տիրույթում իրականցվում է ֆլեշմոբ` գումարային փոխանցումներ կատարելու և հնարավորինս  մեծ աջակցություն ստանալու համար:

‹‹Նախաձեռնության գաղափարի արձագանքներից էլ հասկացել ենք,  որ մարդիկ ևս կողմ են, որ երեխաները ունենան այս միջոցառումը: Վստահ եմ`նախագիծը անպայման իրագործվելու է››: Լիլին նաև  հույս է հայտնում, որ տոնավաճառի, համերգի և ֆեյսբուքում սկսված իրենց սոցիալական ֆլեշմոբի միջոցով հավաքված մեծ հասույթի դեպքում, ավելի շատ երեխաներ կկարողանան ներգրավել իրենց  ծրագրում:

Լիանա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել