Չորաթանցի ժպտերես տղան. Վահե Ուդումյան

Չորաթանցի ժպտերես տղան. Վահե Ուդումյան

2363

-Վահե ջան, ո՞նց ես,- հարցնում էին հարազատները պատերազմի օրերին։

-Մարտական,- կարճ էր կապում Վահեն։

Վահեն Ուդումյանների հինգհոգանոց ընտանիքի միակ որդին էր, ուսուցիչների պաշտելի աշակերտը, Չորաթանի ժպտերես տղան։ Վահեն մի աղջկա թաքուն յարն էր, ում հավերժական սիրո երդում էր տվել։

«Դեռ փոքր տարիքից եղել է շատ անհանգիստ, չարաճճի, աշխույժ։ Շատ հետաքրքրասեր էր, ինչքան խաղալիք ուներ, քանդում էր ու ուսումնասիրում։ Մեծ տարիքում էլ չփոխեց բնավորությունը։ Փոքրիկ Վահես մնաց նույնը»,- պատմում է Մանուշ մայրիկը` հայացքն ուղղած որդու նկարներին։

Վահեի ծառայության մեկ տարին անգամ  չէր լրացել, երբ պայթեց պատերազմը։ Հաճախ էին Կապանից Ջաբրայիլ տանում`զորավարժությունների, բայց մարտերի ընթացքում տղան Հադրութում է եղել։ Տանը ոչ ոք չի իմացել, որ Վահեն առաջնագծում է։ Միշտ զանգում ու հանգստացնում էր` սահմանից հեռու է։ Այդ օրերին Վահեն բոլոր հարցերին միայն մի պատասխան ուներ` մարտական։ Տասնիննամյա փոքրամարմին հերոսը հրանոթի հրամանատար էր։

«Ձայնն ահավոր կտրված էր այդ օրերին։ Ասացի` ինչի է ձայնդ այսպես, Վահես պատասխանեց` «Ոչ մի բան չի եղել, ուղղակի ձայնալարերս են ջղայնացել»։ Նույնիսկ այդ օրերին էր կատակում։ Վահես բոյով էր, թիկնեղ, ժպտերես։ Ես իր ամեն միմիկան հասկանում էի։ Ինքն իմ պաշտպանն էր` բոլոր առումներով։ Ու մենք ինչքան նկար ունենք միասին, բոլորում փաթաթված ենք ու այդպես ամուր պահած իրար»,- պատմում է կրտսեր սերժանտ Ուդումյանի քույր Նռանին։

Հոկտեմբերի 10-ին հրանոթն անսարքանում է։ Վահեին կանչում են, որ սարքի։ Ետդարձի ճանապարհին անօդաչուն նկատում ու հարվածում է։ Վահեի ծննդյան օրն էր հոկտեմբերի 10-ը, տասնինը տարեկան կդառնար։ Ժպտերես տղան ծնվեց ու անմահացավ նույն օրը։

«Երբ ես նոր էի սկսել խոսել, միայն Վահես էր ինձ հասկանում ու թարգմանիչս կարծես լիներ(ժպտում է)։ Միասին էնքա՜ն  չարաճճիություններ ենք արել։ Ամենալավը հիշում եմ, թե ոնց վառեցինք մեր բոլոր խաղալիքները։ Ես հենց նրա մեկ տարեկան դառնալու հաջորդ օրն եմ ծնվել։ Վահեն իմ հոգին էր, մի մասնիկը, իմ աշխարհն էր, եղբայրը, լավագույն ընկերը։ Իրար հետ խոսում էինք բոլորից ու ամեն ինչից։ Մինչև բանակ գնալը ավտոէլեկտրիկ էր սովորում, գալու ու շարունակելու էր սովորելը»,- ասում է քույրը։

Վահեն պապիկի տանն էր շատ ժամանակ լինում։ Հարազատները հաճախ կատակում էին. «Որ հարցնում էին` ուր է Վահեն, ասում էինք` իրենց տանն է»։ Տղան մոտակա ձորում մի քարի վրա խաչ էր փորագրել, որը պատերազմի օրերին դարձել էր հարազատների եկեղեցին։ Հիմա էլ են այնտեղ մոմ վառում` Վահեի «ձեռքով պատրաստած  եկեղեցում»։

Վահեն խիստ եղբայր էր ու Նռանիին դուր էր գալիս այդ խստությունը։ Հիմա քույրիկը կարոտ է մնացել այդ ամենին։

«Վահես շատ էր սիրում իր ձեռքով պատրաստել։ Մեր մեջ ասած` ինձնից համեղ էր պատրաստում (ծիծաղում է)։ Բա սո՜խը…Դա մի ուրիշ պատմություն էր։ Ճաշի միջից նույնիսկ ամենամանր կտորներն էր գտնում ու հանում։ Նոր ծանոթություններ շատ էր սիրում Վահեն, շփվող էր ու շատ փխրուն սիրտ ուներ։ Միշտ ասում էր` «Բանակից գամ, շուտ եմ ամուսնանալու, կյանք ա, չգիտես` վաղն ինչ կարող է պատահել քեզ հետ»,-  հիշողություններով է կիսվում Նռանին։

Վահեի բանակային օրերը բոլորով էին հաշվում` անցավ 50 օր,100,124,150..Վահեն դեկտեմբերի 19-ին պիտի հետհաշվարկն սկսեր։ Բայց միևնույն է, քույրիկը մինչև հիմա էլ հաշվում է եղբոր ետ գալու օրերը։

Հիմա այս տուն եկող-գնացողների թիվը շատ է, բայց Մանուշ մայրիկի աչքը այդպես էլ դռան վրա է, որովհետև նա, ով պիտի գա, ուշանում է։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել