Ուսանողներին գերմանական բուհերի հետ միավորողը DAAD գերմանական կազմակերպությունն է

Ուսանողներին գերմանական բուհերի հետ միավորողը DAAD գերմանական կազմակերպությունն է

735


Հիմնադրվել է 1925 թվականին Հայդելբերգում միայն մեկ ուսանողի նախաձեռնությամբ։ DAAD-ն (Deutscher Akademischer Austauschdienst) այսօր համարվում է ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակումը ֆինանսավորող ամենաճանաչված կազմակերպություններից մեկը: Իր հիմնադրումից ի վեր աջակցել է ավելի քան 1,9 միլիոն բուհավարտների, Գերմանիայում և արտասահմանյան այլ երկրներում։ Կազմակերպության գործունեությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակներ տրամադրելով. DAAD-ն ամրապնդում է գերմանագիտության ու գերմաներեն լեզվի հիմքերն արտասահմանում, խորհրդատվություն է տրամադրում կրթության և մշակույթի բնագավառում։

Պետք է նշել, որ Հայաստանից էլ կան շատ ուսանողներ, ովքեր դիմում են այս կազմակերպությանը։ Այն հարցին, թե որո՞նք են այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են դիմել կազմակերպությանը, DAAD-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցը ասաց հետևյալը։

-Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն, դիմողը պետք է հանձնի ONDAF կամ ONSET ձևաչափի քննություններ և հաղթահարի դրական շեմը: Ունենա գերմաներենի իմացության B1 մակարդակի սերտիֆիկատ: Պիտի գրի մոտիվացիոն նամակ, Bewerbung, ինքնակենսագրական, և այս ամենը պիտի ուղարկի կազմակերպության կայքէջի դիմումներ բաժին, կայքը Daad.am-ն է:

Կազմակերպությունն ունի առաքելություն, որն է՝ օգնել դիմողին ութ քայլի միջոցով հասնել իր երազանքին: Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Ալլան այդ ութ քայլերը հաղթահարած հայ ուսանողներից մեկն է, ահա նա էլ պատմում է, թե որոնք են այդ ութ քայլերը:

-Այս ութ դժվարին քայլերը ես կարողացա անցնել 2-3 ամսում, ամբողջ ընթացքում կազմակերպությունը իմ կողքին էր, օգնում էր ամեն հարցում։ Առաջին քայլը համապատասխան համալսարան գտնելն էր, քանի որ ես ունեի ընտրության լայն հնարավորություն։ Երկրորդը՝ համապատասխան կրթական ծրագրի ընտրությունն էր, որը բավականին դժվարությամբ կարողացա ընտրել: Երրորդը՝ ընդունելության պայմաններն են: Չորրորդը՝ Գերմաներենի ուսուցման և իմացության ստուգման քայլն էր, քանի որ լավ տիրապետում եմ գերմաներենին, չայցելեցի որևէ լեզվի կենտրոն լեզվի մակարդակս էլ ավելի բարելավելու համար: Հինգերորդը՝ ուսման ֆինանսավորումն էր, ամենակարևոր փուլը: Մյուսը՝ ուսումնական ծրագրին դիմելու փուլն էր, սա ծավալուն քայլ էր։ Յոթերորդ փուլը դիմում-հայտի ներկայացման փուլն էր վիզայիս համար, պատասխանս դրական էր, ամեն ինչ ստացվում էր ինձ մոտ, ես արդեն մոտ էի իմ երազանքի իրականացմանը։ Վերջին 8-րդ փուլը կացարանի հարցն էր, որը պետք է արագ լուծվեր, սա ևս ստացվեց։ Պրոցեսը բարդ էր, բայց միևնույն ժամանակ հաճելի, Գերմանիան ինձ էր սպասում արդեն։

Գերմանիան աշխարհում երրորդ երկիրն է, որտեղ այցելում են ուսանելու համար։ Բարձրագույն կրթությունն այստեղ համաշխարհային մակարդակի վրա է:  Ալլան իր անձնական փորձից ելնելով վստահեցնում է, որ Գերմանիայում ուսանողները բացի կրթվելու հնարավորությունից ունեն գերմանական մշակույթին ծանոթանալու, մեծ և եռուն կյանք ունեցող քաղաքներ ացելելու, նոր օգտավետ ծանոթություններ ստեղծելու հնարավորություններ։

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել