Կարմիր թելի նշանակությունը

Կարմիր թելի նշանակությունը

2320

Վերջին շրջանում շատ քրիստոնյաներ, գիտակցաբար, թե անգիտակցաբար կարմիր թելեր են կապում իրենց ձեռքին։ Ոմանք դրանց տալիս են գերբնական պաշտպանիչ նշանակություն։ Որքանո՞վ է նման սովորույթը հարիր Աստծուն հավատացող անհատի համար։

Էջմիածին քաղաքի վաճառքի կենտրոններում մենք տեսնում ենք, որ վաճառում են կարմիր թելեր։ Փորձեցինք վաճառողուհուց պարզել, արդյո՞ք նա գիտի դրա նշանակությունը։

 Նա մեզ ասաց, որ հիմա շատ ակտուալ է այն ձախ թևին կապելը։ Ինքը ևս կապում եմ, որովհետև ասում են, թե այն պաշտպանում է չարից։

«Անցած տարի կապել էի դաստակիս: Ամռանը Երուսաղեմ էինք գնացել, այդտեղից էի բերել: Մտքովս էլ չէր անցում, որ մեր կրոնի համար ընդունելի չէ: Հերթական կիրակի օրը՝ պատարագից հետո քահանան նկատեց: Չպատվիրեց հանել, այլ բացատրեց իմաստը, ու ինքս հասկացա, որ հանել է պետք»,- պատմում է Ազնիվը , ով շուրջ երեք ամիս կարմիր թելը կրում էր դաստակին:

Թելը կարելի է նկատել ոչ միայն երիտասարդների, այլև համաշխարհային(օր.՝ Ռիհաննա) ու հայկական աստղերի (օր.՝ Արսեն Գրիգորյան) դաստակին: Այն կապելու պատճառը, հիմնականում, ինչպես Ազնիվի դեպքում ՝ չիմացությունն է:

Qahana.am կայքից տեղեկանում ենք, որ թելը գալիս է Իսրայելից և ունի հին ակունքներ: Իսրայելի նախամայրերից մեկի՝ Ռաքելի դամբարանի շուրջ մշտապես կարմիր թել են փաթաթել, որն իբր օժտվում էր կախարդական ու գերբնական հատկություններով ու կրողին պահում էր չարից ու նախանձից: Այն հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և այն չեզոքացնում է բացասական էներգիան: Բայց այն որևէ աղերս չունի մեզ` քրիստոնյաներիս, հետ։

Խոսեցինք նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սրկ. Կարապետյանի հետ, և նա մեզ հետ զրույցում  ասաց , որ ճշմարիտ և ուղղափառ հավատքի հետ այս ավանդույթը ոչ մի կապ չունի: Խաչն է մեր պահապանը և զենքն ընդդեմ սատանայի: Քրիստոնեությունն անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ։

Գևորգ սրկ. Կարապետյանը նաև հավելեց.

«Կապե՞լ, թե՞ չկապել. յուրաքանչյուրն ինքն է որոշում: Բայց քայլ անելուց առաջ հարկավոր է մտածել, թե ինչի հետ եք կապում ձեր նպատակների իրականացումը. կարմիր թելի՞, թե՞ Աստծու»:

Լենա Կարապետյան

 2-րդ կուրս

Կիսվել