Կյանքի գինը

Կյանքի գինը

715

Ամեն առավոտ արթնանալիս նայիր երկնքին, այնտեղ են նրանք, որոնց շնորհիվ դու այսօր արթնացար։ Մի օր էլ, երբ երազանքների գիրկը կընկնես, հիշիր, որ ինչ-որ մեկի երազանք կիսատ է մնացել, որ ինչ-որ մեկի երազանքը փամփուշտը փշրել է։ Աշնան 45 այդ օրերը մեզնից խլեցին մեր ամենաթանկ մարդկանց։

Իմ քաջ ու արի եղբայր՝ Ղազար Սարուխանյանը կյանքը զոհեցիր հանուն կյանքի։ Անմահացավ, հանուն այն հողի, որի համար տարիներ շարունակ մեր ազգ պայքարել է։

2001 թվականի մայիսի 29 ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում ծնվեց տան միակ արու զավակը՝ հերոս եղբայրս։ 2006-2007 թթ. ընդունվելով Կոթիի Շահնազար Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոցը, այն ավարտելով 2018 թ., ընտանիքով տեղափոխվեցին Երևան։ Աշխատում էր արագ սննդի կետում։ Համալսարան չէր ընդունվել, մտածում էր՝ բանակից անմիջապես հետո կզբաղվի ուսմամբ։ 2019 թ. հուլիսի 10 ին զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Մատաղիսում։ Լավ ծառայության համար շնորհեցին կրտսեր սերժանտի կոչում և նշանակեցին 111 մարտական դիրքի ավագ։ Մեկ տարի երկու ամիս էր, ինչ ծառայում էր հայոց բանակում։ Ծառայում էր արժանապատվորեն։ Նպատակներ ուներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնա։ Երազանքներ, որոնք այդպես էլ չեն իրականանա։

Մեծ Ղարաբաղի փոքր անկյունում,

Խոր ձորերի մեջ՝ լեռներով պատված

Գյուղ կա մի փոքրիկ Մատաղիս կոչվող

Անամպ երկնքով, խաղաղ թվացող,

Բայց և անհանգիստ

Թե’ փամփուշտների սուլոցի ձայնից,

Եվ թե’ արկերի զիլ դղրդոցից։

Փոքր է գյուղը, պատմությունն է մեծ,

Մեծ ու դարավոր,

Հազարամյակով պատերազմ տված

Ու ամեն մարտում հաղթանակ տոնած,

Բայց հոգու խորքում արցունքը պահած,

Զոհված քաջերի կորցրած արյան

Ու կյանքի համար։

Այն կյանքի համար, որ չեն խնայել

Ու հենց դրանով ողջ ազգն են պահել։

Եղբորս խոսքերն էին՝ իր սիրելի Մատաղիսին։ Սեպտեմբերի 27-ի թեժ կռվի ժամանակ եղել է դիրքերում։ Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր։ Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ հոկտեմբերի 8-ին և այլևս տեղեկություն չեն ունեցել։

Մայր իմ սիրելի,

Շատ մի մտածիր,

Որդիդ պահում է

Հողը հայրենի,

Ու կանցնի շատ շուտ

Այս երկու տարին,

Տուն կգամ բարով

Խոստմանս հավատարիմ։

Սակայն այս խոստումը նա դրժեց ու տուն չվերադարձավ խոստմանը հավատարիմ։ Հոկտեմբերի 10-ին ընկավ հերոսաբար հրետանու արկի բեկորներից։

Առաջադրանք են կատարել, բարձունք պետք է գրավեին, այդ պահին երեքով են եղել, Ղազարն անմահացել է։ Այնինչ ժպիտը շուրթերին հերոսս վստահեցնում էր. «Կգամ, անպայման կգամ, բայց հիշեք, որ ամեն բան այս կյանքում ժամանակավոր է»։ Ծառայության մեկնելուց առաջ 10-ից 10 էր ստացել ու վարորդական իրավունք ձեռք բերել, թեև, որպես զինվորական, մեքենայի ղեկին նստել չէր ուզում. «Այսպես ես մեկ հոգու համար եմ պատասխանատու՝ միայն իմ, իսկ եթե ղեկին լինեմ, մեքենայում գտնվող բոլոր զինվորների համար պիտի պատասխանատվություն կրեմ»։

«Ուզում եմ, որ գյուղից վառոդի հոտը վերանա, մանուկներն ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ»,- հայրենասիրական թեմայով շարադրության մեջ  ընդգծել էր նա, և հանուն այդ խաղաղության էլ կյանքը զոհեց՝ բոլորիս թողնելով կարոտ իր տունդարձին, նույնիսկ սիրած աղջկան, ում զգացմունքների մասին պետք է ասեր ծառայությունն ավարտելուց հետո: Հերոսացավ՝ հավերժ մնալով մեր սրտերում։ Հերոսացավ, իր հետ տանելով մեր մի մասնիկը ու դատապարտելով մեզ հավերժ կիսատ մնալու։ Անմահացավ հանուն այն դիրքերի, որոնք այսօր էլ չկան։

Միշտ ինձ հետ էս դու, իմ թանկ բացակա, անունիդ կողքին գրում եմ ներկա։

Անահիտ Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել