ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱ

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱ

4285

Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախկին վարչաապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրված համաձայնագրով 2003թ.-ի հունվարից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներդրվեց կրթական համարգ։ Այդպիսով մանուկ հոգիների որսագողության ճանապարհը կփակվեր և երեխաները կդաստիարակվեին ազգային ոգով՝ կարծում էր նախկին վարչապետը։ Այսօր շատ փորձագետների համար  «Հայոց եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի դասագրքերը առավելապես ազգակենտրոն բնույթ ունեն՝ քան անձնակենտրոն։ Պարտադիր դասավանդումն էլ խոչընդոտում է այլ կրոնների հետևորդների իրավունքները։ Կրոնաագետ, ԿԹԳ ներկայիս փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 2008 և 2013-14թթ.-երին հայստանյան դպրոցներում մոնիթորինգ անցկացրած փորձագետներից մեկն է եղել։ Արդյունքների մասին խոսելիս կրոնագետը նշել էր, որ շատ ուսուցրչներ դասավանդումը քարոզչություն  են հասկացել, այլ ոչ թե նյութի օբյեկտիվ փոխանցում։ Այս անգամ մեզ հետ զրույցում նա ասաց.

– Թոլեդոյի սկզբունքները ես եմ թարգմանել և առանձնացրել մի կետ, որ պետք է ոչ թե կրոն, այլ կրոնի պատմություն դասավանդվի։ Երկրորդ՝  առարկան չպետք է քարոզի տանի։ Եվ համաձայն  թոլեդոյի սկզբունքների`  ծնողը իրավունք ունի հրաժարվելու, որ իր երեխան մասնակցի այդ դասին։Այն ժամանակ դեպեր էինք գրանցել  եհովայի վկաների, եզդիների հետ կապված։ Արմավիրում  եհովաներին դասարանից դուրս  էին հանում, դասարանը աղոթում էր, հետո ներս էին գալիս, իսկ աղոթքը դասավանդման ծրագրի մաս երբեք չի կազմել։

ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից ճանաչված  Թոլեդոյի ուղեցույցի համաձայն կրոնների ուսուցումը պետք է համապատասխանի մարդու իրավունքների հիմնական չափանիշներին։ Մոնիթորինգների միջոցով էլ պետք է պարզել ուսուցման անկողմնակալությունը։ Հայաստանյան մոնիթորինգի արդյունքները ընդգրկվել են գրքի մեջ, որի հեղինակներից են ԿԹԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Ստեփան Դանիելյանը, Արա Ղազարյանը, Արթուր Ավթանդիլյանը։ Հետազոտությունը պատրաստել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը (Սորոսի ֆոնդ), ֆինանսավորել՝ ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակը։Հայաստանում  առարկայի ծրագրային և բովանդակային կառուցվածքում իր կայուն դերն է ունեցել եկեղեցին՝ օրենքի ուժով հասանելիք իրավասությունների շրջանակում։  «ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենք»-ով ՀՀ-ն ճանաչում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Հայաստանում կրոնական կազմակերպությունների մեջ  Առաքելական եկեղեցուն տրվող բացառիկ առավելությունը սահմանված է  «Խղճի ազատության և  կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենք»ի 17-րդ հոդվածով, այդ թվում՝ «նպաստել  հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։ ՀՀ և ՀԱՍԵ  հարաբերությունների մասին  օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանաված է՝ «ՀԱՍԵ-ն իրավունք ունի մասնակցելու կրթական հաստատություններում «հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման ուսումնական ծրագրի և դասավանդման ծրագրի  մշակմանը, այն դասվանդող ուսուցրչների որակավորման սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու  այդ ուսուցիչների թեկնածությունը»։  Կրոնագետ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս  Պարգև Բարսեղյանը մեջբերելով օրենքը ասում է.

-Օրենքից պետք է հասկանալ, որ առարկան երաշխավորում է ոչ թե կրոնական կրթություն և պարտադրանք, այլ հայ ժողովրդի պատմության կարևոր, անբաժան մաս 1700-ամյա պատմության տեսքով։ Կրթությունը  պետք է ամբողջական դիտարկել, որը պարտադիր է բոլորի համար։ Եթե թույլ տանք այլընտրանք, կարող է մեկն էլ չցանկանա ֆիզիկայի կամ կենսաբանության դասերին նստել։ Օրինակ Դարվինի էվոլյուցիոն տեսություն են անցնում, որը անընդունելի է  եհովայի վկաների համար և չեն ցանկանա մանակցել այդ ժամերին, կամ չեն ցանկանա ծառայել բանակում։ Ասորին  կարող է չցանկանա լսել հայոց պատմությունը, ռուսն էլ՝ հայոց լեզուն։ Այլ խնդիր է, որ կարող է ուսուցրչներ լինեն, որ մոլեռանդ հավատացյալի նման դասավանդեն։ Սրանք մասնավոր դեպքեր են, որոնք պետք է վերափոխվեն։

Գրքում բարձրացված հարցերից շատերն էլ բովանդակությանն են վերաբերում։ Այն, որ մի քանի դասերում ազգերին բնութագրող հատկանիշների շարքում ոչ թե կրոնը կամ հավատքն է առանձնացված, այլ` եկեղեցին։ Ըստ հեղինակների` հայրենիք-ազգ-պետություն-եկեղեցի հասկացությունները ամենաշռայլ, տեղին ու անտեղին են գործածվում տարբեր համատեքստում։ Եթե դասագրքերում հարցադրումը կատարվում է՝ ի՞նչ վտանգ էր ներկայացնում բողոքականությունը Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի համար, տպավորություն է ստեղծվում, թե բողոքականները հայրենիքի դավաճաններ են։ Փոխնախարարը նշեց նաև դասագրքերի անհիմն ծանրաբեռնվածության մասին։

– Օրինակ 5-6-րդ դասարանի դասագրքերը զուտ աստվածաշնչյան տեքստի շարադրանք են, որոնք, ըստ իս, պետք չեն, որ այդ ձևով ներառվեն, կամ առակները, որոնք կարող են  ինքնուրույն կարդալ։

Կրոնագետ Պարգև Բարսեղյանը այս հարցի մասին այլ կարծիք հայտնեց.

– Կարող է մի քիչ ծավալուն է, կամ ավետարանական տեքստի վերարտադրություն, բայց եկեղեցու պատմությունը սկսել առանց քրիստոնեության պատմության` հնարավոր չէ, որովհետև սա դավանանք-ուսմունք է, գաղափարախոսություն։ Նույնն է, թե ասել` Հայաստանը խորհրդայնացվեց ու աշակերտին չբացատրել կոմունիզմի ու սոցիալիզմի մասին։

Այն, որ  դասընթացի ճիշտ կառուցվածքի համար  անհրաժեշտ է ուսուցիչների վերապատրաստում անցկացնել` համաձայնեցին բոլոր կողմեը։ Ձյունաշող գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մանե Ղևոնդյանը դասը աղոթքով չի սկսում` ի տարբերություն Երևանի Բելինսկու անվան դպրոցում աշխատելու տարիների, որտեղ երեխաներն էին ցանկացել դասը աղոթքով սկսել։ Նրա կարծիքով՝ տարբերությունը կապված է համայնքի առանձնահատկությունների ու ընտանիքի դաստիարակության հետ։

– Համաձայ չեմ, որ առարկան և դասագրքերը սահմանափակում են կրոնի ազատ ընտրության իրավունքը։ Եթե ես դասը կառուցեմ  քարոզի տեսքով, կստացվի, որ ուղղորդում եմ երեխաներին։ 6 և 7-րդ դասարաններում  անդրադարձ կա քույր եկեղեցիներին, տարբեր կրոններին և հետևաբար կարելի է կազմակերպել էնպես, որ երեխաները ամբողջական տեղեկություն ստանան կրոնի մասին։ Նույնիսկ կարելի է բաց դասեր կազմակերել ազգային փոքրամասնությունների  հոգևոր առաջնորդների  հետ։ Ես չեմ բավարարվում նաև մեկ աղբյուրով։ Հանձնարարում եմ նայել ուրիշները, քննարկումներ կազմակերպում և լրացուցիչ հանձնարարություններ տալիս։

Բազմաէթնիկ երկրներում վերափոխումները կապված են եղել, օրինակ,  առարկայի անվանափոխության հետ։  Ռուսաստանում ուղղափառ եկեղեցու պատմությունը վերափոխվել է  կրոնների պատմության։ Կրոնագետ Պարգև Բարսեղյանի կարծիքով միաստվածային կրոնը, ակախ իր դրսևորումներից, անհանդուրժողական է։ Նույն եհովայի վկան կամ ավետարանականը  համարում են, որ իրենք են  ճիշտ, իսկ մնացածը՝ մոլորյալ։ Սա արդեն ենթադրում է որոշակի անհանդուրժողականություն։ Ինչքան էլ եկեղեցում, հայագիտության մեջ դասանդվի հայրենասիրություն,  դրանք ոչ թե պատճառ են, որ չդասավանդվի առարկան, այլ քննարկման հարցեր։  Էստեղ կարևոր է հաշվի առնել հասարակության կարծիքը։

Հայաստանում 2011թ.-ի մարդահամարի տվյալներով բնակչության 96%-ը իրեն Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է համարել։  Ինչպիսի՞ սերունդ կրթելու պարտավորություն է իր առաջ դնում պետությունը մոնոէթնիկ երկրում, որտեղ որպես արժեքային հիմք հայությունն է ընդունվում։

– Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ, ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար։ Հետո  աշխարհ  դուրս եկած մարդկանց մոտ հոգեբանական կոլապս է առաջանում։ Մի լավ մուսուլմանի էլ տեսնում են ու զարմանում, որ լավ մարդ է։ Մեր հասարակությունը ահավոր անհանդուրժող է դարձել, բայց պատճառը միայն այս առարկան չէ։ Դրա համար մարդկանց կրթել է պետք,- ընդգծեց փոխնախարարը։

ԿԹԳ նախարար Արայիկ Հարությունյանի ԱԺ-ից արած հայտարարությունը, առարկայում փոփոխություններ անելու վերաբերյալ, քննարկումների նոր ալիք բարձրացրեց։ Փոխնախարարի խոսքով`  առարկան մասերի բաժանելու հարցը դեռ չի քննարկվել։ Փոփոխություններից դժգոհողներ ու պաշտպանողներ կան, բայց պետք է բոլորի մտահոգությունները  հաշվի առնել։ Կոնսեսուսի է պետք գալ, առարկան ամբողջությամբ չհանելու և նույն բոանդակությամբ չթողնելու  համար։

Կարինե Սիմոնյան

4-րդ կուրս

Կիսվել