Մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը: Գիրքը դեռևս անցյալ տարի Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ թարգմանվել էր անգլերեն և գերմաներեն լեզուներով:
Ն.Ա.Մ.-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ նա հանդիպեց Արտկոնցեպտ ասոցիացիայի տնօրեն Արմեն Մանասյանին: Վերջինիս միջոցով էլ նա ծանոթացավ կոմպոզիտորի ստեղծագործություններին․ «Խոստովանեմ, որ չգիտեի, թե Հովունցն ով է, և այդ ժամանակ նոր միայն ես ծանոթացա կոմպոզիտորին և նրա հրաշքներին: Արմեն Մանասյանն այդ ժամանակ նաև նշեց Հովունցի առողջական վիճակի մասին, և այդ պահին հանկարծ միտք առաջացավ, ինչ-որ գործ անել, որով կկարողանայինք մի փոքր հարգանք ու ուրախություն մատուցել մեծ կոմպոզիտորին»: Ն.Ա.Մ.-ի նախագահը նշում է, որ մտահաղացումն իրականություն դարձավ Արտկոնցեպտ ասոցիացիայի միջոցով, իսկ «Նարեկացի» արվեստի միությունը այն իրականացնելու հարթակ էր:
Երեկոյին, որոշ խնդիրների պատճառով, 94-ամյա կոմպոզիտորն անձամբ ներկա գտնվել չկարողացավ, սակայն Գագիկ Հովունցի բացակայությունը լրացվեց նրա մասին պատմող վավերագրական ֆիլմից մի փոքր հատվածի ցուցադրությամբ, որտեղից էլ հանդիսատեսին կոմպոզիտորն ինքը պատմեց, թե ինչպես է առաջին անգամ առնչվել երաժշտությանը, սովորել դաշնամուր, հետո ընտրել իր, ինչպես ինքն էր ասում, «սրտի գործիք» ջութակը և թե ինչպես է այրել ու արգելել նվագել իր վաղ շրջանի ստեղծագործությունները:
Երեկոն վարեց և գրքույկի մասին պատմեց այն գերմաներենի թարգմանած Շուշան Հյուսնունցը: «Գրքում անփոփված է Գագիկ Հովունցի երաժշտության ամբողջ կորիզը, այն տեսությունը, որի վրա հիմնված են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Գիրքը երեք մասից է բաղկացած, ներառում է հեղինակի փիլիսոփայական մտքերը, բուն տեսությունը և եզրահանգումները»: Այն գրվել է դեռևս 1995 թվականին ռուսերենով: Հովունցը գրքում մեկտեղել է տարիներ շարունակ իր նոթատետրում արված նշումները, մտքերը:
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը՝ «Երևան» լարային քառյակի և երաժիշտներ Նարեկ Ավագյանի, Գևորգ Վարդանյանի, Հասմիկ Անտոնյանի կատարմամբ:
Շնորհանդես-համերգին ներկա էր նաև Գագիկ Հովունցի որդին, ում էլ, ձևավորված ավանդույթի համաձայն, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը նվիրեց խորհրդանշական նուռ ու խնդրեց այն փոխանցել կոմպոզիտորին:


Արփի Շահինյան
2-րդ կուրս