ՈՒՍԱՆՈՂԸ ԿՇԱՀԻ, ԻՍԿ ԲՈՒՀԸ ԿՏՈՒԺԻ՞. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՈՒՍԱՆՈՂԸ ԿՇԱՀԻ, ԻՍԿ ԲՈՒՀԸ ԿՏՈՒԺԻ՞. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

1472

Այսուհետ Հայաստանի բուհերի ուսանողները և նրանց ծնողները շունչ կքաշեն. ուսման վարձերը կարող են վճարել մաս-մաս կամ ամսական:

Մարտի 6-ին ԱԺ-ն  ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ուսանողների շրջանում արված մեր հարցման արդյունքները փաստում են, որ մեծամասնությունը ուրախ է այս որոշման համար. աշխատող ուսանողները ստիպված չեն լինի ամեն ամսվա աշխատավարձը չծախսել ու հավաքել, իսկ ծնողները աշխատավարձի միայն մի մասը կհատկացնեն ուսման վարձին:

ԵՊՀ ուսանողուհի Տաթև Սողոյանը նշում է, որ Իրավաբանական ֆակուլտետի ուսման կիսամյակային վարձը ավելին է, քան Հայաստանում սահմանված միջին աշխատավարձը.

«Միջինում մարդիկ կարող են աշխատել 200.000դր, ստացվում է, որ երկու ծնողները պիտի իրենց ամբողջ աշխատավարձը տան ուսման վարձավճարին՝ 435.000դր., ու էդ ամբողջ ամիսը ապրեն չգիտես, թե ինչով»,- այսպիսի հարցադրում է անում Տաթև Սողոյանը:

Տաթևի կարծիքով՝ եթե սա կթեթևացնի ծնողների բեռը, ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի Թամարա Ավագյանը այսպիսի դիտարկում է անում.

«Շատ մարդիկ ուսանողական վարկեր են վերցնում վարձը վճարելու համար, և չեմ կարծում, որ կես-կես կվերցնեն այդ փողը»։

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հռիփսիմե Անանյանի ծնողներն էլ կարծում են, որ ավելի հարմար է այս տարբերակը.

«Ավելի հեշտ է ամեն ամիս այդ գումարն առանձնացնել, քան ամեն կիսամյակ միանգամից մուծելը»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը երկկողմանի է դիտարկում խնդիրը։ Նրա խոսքով՝ նոր օրենքը դրական է, քանի որ, որոշ ուսանողներ կարող են ամիս-ամիս վճարել ու դուրս չմնալ։

«Մեզ մոտ՝ ԵՊՀ-ում,  ունեինք ուսանողներ, որ մինչև հոկտեմբեր-նոյեբեր չէին վճարել, և դուրս չէին մնացել»,- Ս. Խաչատրյան:

Հետևաբար կրթության մասնագետը ճիշտ է համարում նախօրոք հետազոտություն անելը և հասկանալը, թե քանի տոկոսն է զրկվում սովորելուց՝ վարձը ժամանակին չմուծելու պատճառով.

«Ես տեղյակ չեմ՝  կա նման ուսումնասիրություն, բայց բուհերը բավական մեղմ էին մոտենում, չեմ կարծում՝ սա որակապես ինչ-որ բան փոխի»,- այս կարծիքին է Ս. Խաչատրյանը:

Մյուս կողմից, Սերոբ Խաչատրյանը դիտարկում է նոր որոշման՝ բուհին ձեռնտու լինելու կամ չլինելու հարցը.

«Եթե ամբողջ գումարը սկզբից վերցնեին, սա հնարավորություն կտար բուհերին գումարը բանկերում պահելու և դրա դիմաց որոշակի տոկոսադրույք ստանալու», – նշեց կրթության փորձագետը և հավելեց, որ այս պարագայում բուհերը այդ տոկոսադրույքը կկորցնեն:

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել