ԿԱՐՈՏԸ ՍՐՏՈՒՄԴ՝ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ․ ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ՀԱՅ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ»

ԿԱՐՈՏԸ ՍՐՏՈՒՄԴ՝ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ․ ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ՀԱՅ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ»

1560

Եթե կշեռքի նժարին դնենք կարոտն ու կարիքը, դժվար է ասել, թե որ կողմն ավելի ծանր կկշռի, բայց ուղիղ գծով հենց այս երկու դրդիչ ուժերն են որոշում հայրենիքում մնալու կամ դրսում լինելու հարաբերակցությունը։ ժամանակի մեջ նույն երևույթը  կարող է տարբեր կերպ կոչվել. պանդխտություն, խոպան, հիմա էլ արտագնա աշխատանք, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։

Հանրապետությունում գնալով  ավելանում է միգրացիոն հոսքը՝ պայմանավորված արտագնա աշխատանքով, և չնայած տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից  իրականացվող ծրագրերին՝ միտված արտագաղթի տեմպերի նվազեցմանը, մարդկանց հոսքը  երկրից շարունակվում է։

Արտագնա աշխատանքի մեկնողների մեծամասնությունը տղամարդիկ են, ովքեր արտերկրում աշխատելով՝ գումար են ուղարկում Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին։ Այդ տղամարդկանցից մեկն է Գոռ Հովհաննիսյանը, ով 30 տարի շարունակ  մեկնում է Ռուսաստան։

«Տարին 6-8 ամիս գտնվում եմ դրսում, սպասելիքները, աշխատանքի հետ կապված, կիսով չափ են արդարացնում»,- ասում է նա: Զրուցակիցս նշում է, որ ամսական ստանում է 45000-48000 ռուբլի, որը համարժեք է հայկական 250000-280000 դրամի: Առաջին հայացքից բավականաչափ գումար է՝ ամսական կարիքների համար. «Եթե չես ունենում պարտքեր, վարկեր, իհարկե, կբավականացնի, իսկ քանի որ ես վարձով բնակվում եմ Երևանում՝ ընտանիքիս հետ, և ունեմ 2 ուսանող երեխաներ, որոնց ուսման վարձը բավականին շատ է, աշխատածս գումարը հաճախ չի բավականացնում. Հուսամ՝ նոր Հայաստանում ամեն ինչ նոր կլինի»,- կես կատակ, կես լուրջ ասում է Գոռը:

Յուրաքանչյուր ոք, ով մեկնում է արտագնա աշխատանքի, բախվում է խնդիրների. «Միշտ կարոտը սրտումդ է ու լիարժեք հանգիստ չես, դու օտար ես, ու այնտեղի վարքուբարքն էլ քեզ օտար է»: Այնուամենայնիվ, բազում խնդիրներին զուգահեռ, արձանագրվել է փոքրիկ  դրական տեղաշարժ. «Անդամագրվելով ԵԱՏՄ-ին՝ գրանցման հետ կապված այլևս խնդիրներ չենք ունենում»,-հավելեց Գոռը:

Նա մասնագիտությամբ գյուղատնտես է, բայց երբևէ իր մասնագիտությամբ չի աշխատել. «Արդեն 30 տարի է՝ արտագնա աշխատանքի եմ մեկնում, ու ստացածս մասնագիտական գիտելիքները, գործնականում չկիրառելով, մոռացել եմ,- ասում է Գոռն ու հավելում,- դա էլ իմ սխալն էր, որ ձգտեցի արտերկիր մեկնել ու չմասնագիտացա»: 

Երբ սեզոնային աշխատանքն ավարտվում է, Գոռը վերադառնում է Հայաստան, 2 շաբաթ հանգստանում, կարոտն առնում ընտանիքից, հայրենիքից ու կրկին աշխատանքի անցնում. «Այստեղ տարբեր բնույթի գործեր եմ կատարում` բանվորություն, շինարարական աշխատանքներ»,- պատմում է «խոպանչի» տղամարդը: Հարցիս, թե ի՞նչ տարբերություն կա այստեղի ու այնտեղի միջև, պատասխանեց. «Այնտեղ շատ ավելին են վճարում, բայց ռիսկի մեծ գործոն կա՝ չկան կնքված պայմանագրեր, փաստաթղթեր, որոնցով մենք վստահ կլինենք, որ կատարված աշխատանքի դիմաց կստանանք հասանելիք գումարը. ամեն ինչ հիմնված է տված խոստումի վրա, որն էլ կարող է չպահպանեն, ու խնդիրներ առաջանան»: Իսկ Հայաստանում, զրուցակցիս ասելով, նման դեպքեր քիչ են լինում. «Համենայն դեպս ես նման խնդրի չեմ բախվել, միշտ փորձում եմ վստահելի մարդիկ գտնել, ինչն էլ, փառք Աստծո, ստացվում է»:

Արշալույս Ադամյան

2-րդ կուրս

Կիսվել