ՍԻԼՎԻՆ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

ՍԻԼՎԻՆ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

976

«Լսարանից դուրս» շարքի մասնակիցը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սիլվի Նազարյանն է:

  -Սիլվի, դու մանկուց ցանկացել ես դառնալ դերասանուհի, ինչպե՞ս հայտնվեցիր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

  -Որոշել էի դառնալ դերասանուհի, բայց ծնողներիս հետ հարցը քննարկելուց հետո ընտրեցի լրագրությունը ,թեև խոստովանում եմ, որ մինչև այսօր հոգուս  խորքում դեռ ուզում եմ հայտնվել վարագույրից այն կողմ և խաղալ ինձ համար այդքան ցանկալի Ջուլիետի դերը:

  -Կպատմե՞ս մի փոքր քո նախասիրությունների մասին:

-Մանկուց շատ եմ սիրել երգն ու պարը, գնացել եմ սիրողական դասընթացների: Պարապմունքի օրերը միակն էին շաբաթվա մեջ, երբ առանց մամայիս ջղայնացնելու արագ անում էի դասերս, որ հանգիստ գնամ պարի կամ երգի: Առհասարակ սիրում եմ ուժերս փորձել ամեն տեղ և բացահայտել ինձ նորովի:

   –Դու շատ ես վախենում զանազան, կամ ինչպես դու ես ասում, յուրօրինակ միջատներից: Ինչ-որ նախապատմություն ունի՞ այդ ամենը:

 -Մի անգամ սենյակում հանգիստ նստած էի, մեկ էլ նկատեցի, որ պատին ինչ-որ տարօրինակ միջատ կա ու մի պահ թվաց, որ հեսա ինձ կուլ կտա: Արագ վերմակով դեմքս փակեցի ու ուժեղ սկսեցի գոռալ:Մի քանի րոպե հետո, երբ գլուխս բարձրացրի, տեսա մամայիս, պապայիս ու քրոջս՝ անհանգստացած կանգնած, իսկ միջատը այլևս չկար, հնարավոր է իմ ձայնից էր վախեցել ու փախել:

   -Քո ընկերները պնդում են, որ դու չափից դուրս առատաձեռն աղջիկ ես, ճի՞շտ են, թե՞ չափազանցնում են:

-Չէի ասի, որ միշտ է այդպես եղել: Փոքր ժամանակ միշտ ունեցել եմ բոլոր այն խաղալիքները, որոնք ուզել եմ, անգամ նրանք, որոնք շատ դժվար էր գտնելը: Երբ քույրս դրանցից մեկը վերցնում էր, դա պատերազմի լուրջ առիթ էր դառնում, բայց հիմա ես առատաձեռն եմ ավելին, քան պետք է, այնպես որ ճիշտ են նկատել:

  -Երբևէ արե՞լ ես այնպիսի քայլ, որի համար զղջում ես:

-Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ հետագայում չզղջամ իմ քայլերի համար, բայց կան բաներ, որոնց համար զղջում եմ, օրինակ որոշ մարդկանց չափից շատ վստահելու:

   -Ամենազավեշտալին, որ երբևէ արել ես:

-Մայրիկիս հեռախոսով հայրիկիս սիրային նամակներ եմ ուղարկել, այն ժամանակ, երբ հայրս լուրջ գործնական հանդիպման էր:

  -Ի՞նչը կարող է քեզ հունից հանել:

-Չափն անցնելը:

  -Ինչպիսի՞ն է այն Սիլվին, որը բոլորից գաղտնի ես պահում:

-Սիլվին իրականում շատ խորը և ինքնամփոփ մարդ է: Սիլվին հավատում է հրաշքների, ապրում է իր երազներով և հավատում է, որ դրանք մի օր անպայման իրականանալու են:

    -Կյանքում ի ՞նչ կարգախոսով ես առաջնորդվում:

-Կյանքում որևէ կարգախոսով չեմ առաջնորդվում: Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց, ինչ խոսք, մտածելու տեղիք տվեցիր: Ցանկացած որոշում կայացնում եմ՝ ելնելով այդ պահի դրությունից, փառք Աստծո, գրեթե միշտ անվնաս են եղել ինձ, իմ ընկերների ու առհասարակ հասարակության համար, չնայած, վերջինի դեպքում այդքան էլ վստահ չեմ:

  – Ի՞նչ թերություններ ես նկատել մեր ֆակուլտեում:

   -Դասախոսններ կան, ովքեր քիչ են տալիս, բայց շատ են պահանջում: Դա է մինչև հիմա նկատածս ամենամեծ թերությունը:

    -Ի՞նչը կփոխեիր մեր կրթական ծրագրի մեջ:

-Գործնական դասեր կավելացնեի, ոչ մասնագիտական առարկանները կա´մ կհանեի, կամ էլ գոնե կթեթևացնեի ժամերն ու քննական առաջադրանքները:

  -Ապագայում, եթե կանգնես ընտրության առաջ, ո՞րը կընտրես՝ ընտանի՞ք, թե՞ կարիերա:

 -Իհարկե ամեն ինչ կանեմ, որ հետագայում այդ ընտրության առաջ չկանգնեմ, բայց քանի որ կյանքում անհնար ոչինչ չկա, եթե մի օր կանգնեմ այդ ընտրության առաջ, կընտրեմ ընտանիքս՝ հետևելով մայրիկիս օրինակին:

   -Քանի որ հնարավորություն չունես քո դերասանական տաղանդը ցուցադրել բեմում, օգտագործո՞ւմ ես այն կյանքում:

-Մի անգամ պետք է գնայի համերգ, ու հայրիկս չէր թողնում, ես էլ շատ էի ուզում, էլ տարբերակ չէր մնացել, հեռախոսս վերցրի ու սկսեցի բարձր խոսել, իբրեւ դասախոսիս հետ եմ խոսում ու հայրիկս թողեց գնամ, հաջորդ օրը սրտիս չէր նստել, ու գնացի խոստովանեմ, հայրիկս ժպտալով ասաց՝ էնքան համոզիչ էիր ինքդ քո հետ խոսում, որ չէի ուզում սիրտդ կոտրեի:

   -Եվ վերջում, ի՞նչ անկատար նպատակներ ունի Սիլվին:

-Առհասարակ նպատակներիս մասին չեմ բարձրաձայնում, ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին:

Հարցազրուցը՝ Գառնի Մութաֆյանի

2-րդ կուրս

Կիսվել