Երեքը մեկում. արվեստանոց-թեյարանից` հուշանվերների թանգարան։
«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի ողջ օրը հագեցած է. պետք է հասցնել գլուխ բերել միանգամից մի քանի ձեռնարկ, որոնց շնորհիվ նաև քաղաքի համար են բացվելու նոր հեռանկարներ: Տարիների ընթացքում իրականացնելով կամավորական և դրամաշնորհային մի շարք ծրագրեր` կազմակերպությունն իր գործունեության համար հստակեցրել է մի քանի ուղղություն:
-Անցած 9 տարիների ընթացքում մեր գործունեության բազմազանության մեջ հստակ կարելի է նշմարել կարմիր թելով անցնող մշակութային ծրագրերի հսկայական ծավալը և, ինչու չէ, նաև լավ որակը: Բազմաթիվ համերգներ, ազգային տոներ, ցուցահանդեսներ, երիտասարդական թատրոն, կրթական-մշակութային հանդիպումներ, ծրագրեր և այլն: Չնայած մշակութային ծրագրերի հսկայական ծավալին` արդյունքն, արդարացիորեն, այդքան էլ չի բավարարում այսօրվա երիտասարդին: Վերլուծելով անցած ճանապարհը` մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են ոչ թե բազմաթիվ, մեկանգամյա ծրագրեր, այլ մենք կարիք ունենք տևական, ուղղորդված և համակարգված գործունեության, մշակութային քաղաքականության, որի արդյունքում կստեղծվի մշակութային միջավայր,- նշեց նա:
Գոհարը վստահ է, որ գնահատելով համայնքի հնարավորություններն ու ռեսուրսները` կազմակերպությունն իր ռազմավարության մեջ տվեց ընդգծված առաջնայնություն` մշակույթ և տուրիզմ: Այս 2-ի «համաձուլվածքից» փորձում են կերտել իրենց համար անհրաժեշտ մշակութային միջավայրը:
Մշակութային միջավայր ապահովող և տրամադրություն ստեղծող արվեստանոց-թեյարանի ունենալու գաղափարը վաղուց կար, սակայն կազմակերպությունն այն չէր կարող իրականացնել, որովհետև գործունեության նման ուղղվածություն չուներ ամրագրած: Երիտասարդական ակումբի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն։ Գոհար Մնացականյանը ներկայացնում է.
-Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեց տասնյակ, որից 10-ը հաղթահարեցին շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էին ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք։ Երիտասարդների համար հետաքրքրությունների դաշտ ստեղծելու, ստեղծագործելու հնարավորություն տալու, ներկայանալու և ներկայացնելու նպատակով առավել ընդգրկուն ծրագիր ներկայացվեց։ Հաղթեցինք:
Սևան քաղաքում արդեն տևական ժամանակ է գործում է մշակութային միջավայր ապահովող մի վայր` արվեստանոց-թեյարանը` «Բոհեմ»-ը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ սևանցի և դրսի արվեստագետների կողմից, և միաժամանակ մարդիկ հնարավորություն ունեն կազմակերպել իրենց մշակութային հանգիստը: Արվեստանոց-թեյարանի կողքին կյանքի է կոչվել ևս մեկ գաղափար` «Հուշանվերների թանգարան»-ը: Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ և աշխարհայացք:
– Այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթից մի դրվագ: Արդեն մի քանի ամիս ընթանում է հուշանվերների հավաքման գործընթացը: Այս միջավայրի ստեղծմամբ սևանցի երիտասարդները փորձելու են ձևավորել նոր մշակույթ, ազատ հարթակ բոլոր ստեղծագործողների համար, ընտանեկան և ընկերական հավաքների սպասված վայր,- վստահեցնում է Գոհարը:
Արմենուհի Օվսեպյան
4-րդ կուրս