ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԽԵԼ, ԲԺԻՇԿԸ ՊՆԴՈՒՄ Է՝ ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԽԵԼ, ԲԺԻՇԿԸ ՊՆԴՈՒՄ Է՝ ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ

1013

Չնայած ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման մասին ՀՀ օրենքը արգելում է տրանսպորտում ծխելը, վարորդները շարունակում են ծխել։ Բնապահպան Անի Խաչատրյանը, ով տեսանկարահանել էր ծխող վարորդին, վիճել նրա հետ, մեզ հետ զրույցում նշեց, որ կան այնպիսի մարդիկ, որ ոչ միայն երբեք չեն բարձրաձայնում, այլև թիրախավորում ու քննադատում են խնդրի մասին ահազանգողներին։ Նրա խոսքով՝ օնլայն հարթակում ֆեյքերից ու վարորդի բարեկամներից բացի, կային բազմաթիվ մարդիկ, ովքեր պաշտպանում էին վարորդին։ Իսկ, թե վարորդին հեռացնելուց հետո ինչ տեղաշարժեր է նկատել խնդրի լուծման հետ կապված, նա ասաց. «Ամեն անգամ ես փորձում եմ մի քիչ սպասել՝ հույսով, որ էս անգամ մի ուրիշ մեկը կասի, ոչ թե ես, բայց չէ, էլի ես եմ լինում ասողը, ու ցավալի է, որ մարդիկ շարունակում են հանդուրժել, ու վարորդներն էլ շարունակում են ծխել։ Այս խնդրի լուծմանը պետական խիստ մոտեցում է պետք»։

Թեմայի շուրջ զրուցեցինք Հայկական առողջապահության ազգային խորհրդի անդամ, «Կառուցողական ստոմատոլոգիա» Հ/Կ-ի նախագահ Հովհաննես Գևորգյանի հետ․ «Եթե վարորդները արդարանում են, որ ծխախոտը ներվերը հանգստացնելու միջոց է, ապա ես կարող եմ ասել, որ այդ ժամանակավոր միջոցը հետագայում շատ ավելի բարդություններ է առաջացնում մարդկանց նյարդային համակարգում»։ Խնդրի լուծման համար բժիշկ Գևորգյանն առանձնացրեց մի քանի կարևոր դրույթներ։ Դրանցից առաջինը ժողովրդի ներգրավվածությունն է կառուցողական սկզբունքներով, որ միայն իրավապահ մարմինների վրա չմնա վերահսկողությունը, հաջորդը՝ տուգանքների բարձրացումն է, և վերջինը՝ ՀԿ-ների ազդեցությունը, որ առողջապահության նախարարության հետ միասին որոնեն հակածխախոտային պայքարի ճիշտ ուղիներ։ Սակայն այդ հարցում Գևորգյանը նշեց, որ շատ բացեր կան, իսկ առողջապահության նախարարությունը վարում է արջի քաղաքականություն ու փակ է բոլոր տեսակի քննարկումների առաջ. «Մենք բազմիցս հանդես ենք գալիս առաջարկություններով, բայց նախարարությունը չի ընդունում դրանք ու մերժում է մեզ հետ հանդիպումների առաջարկները»։

Գևորգյանը նշեց, որ ֆինանսավորման հետ կապված մեծ բացեր ու անհամապատասխանություններ էլ կան նախարարությունում. «Ինչքանով որ տեղյակ եմ, պետությունը 100մլն դրամ է տրամադրել հակածխախոտային պայքարի համար, ինչը մեր պայմաններում մեծ շռայլություն եմ համարում։ Նախարարության գովազդում, որի վրա իմ տվյալներով ծախսվել է 3 մլն դրամ, նստած են աղջիկներ, ու մեկը մյուսին ասում է, որ այս տղային չի համակրում, որովհետև տղան ծխում է ։ Ես կարծում եմ, որ առողջապահության նախարարությունը իր գովազդում  վնասը պիտի ներկայացնի առողջապահության տեսանկյունից, այլ ոչ թե բարոյականության»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով տրանսպորտում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Իսկ վերջին շրջանում հասարակության բուռն քննարկումների առանցքում հայտնված առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծն էլ արգելում է տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում ծխելը։ Եվ առաջարկում է բարձր տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար՝ 50000-700000 դրամի սահմաններում։

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել