«ՔԻՄԻԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՊՀ-ՈՒՄ

«ՔԻՄԻԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՊՀ-ՈՒՄ

1205

   ԵՊՀ-ի գրադարանի նախասրահում արդեն երրորդ օրն է՝ քիմիական մթնոլորտ է տիրում։ Պատճառը՝ երեկ մեկնարկված «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսն է, որի ժամանակ քիմիայի ֆակուլտետի ուսանողները և երիտասարդ գիտաշխատողները ներկայացնում են մասնագիտական ոլորտում իրենց կատարած աշխատանքները։

Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդանյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներից է,  մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է. «Նախորդ օրվա համեմատ, մեր ցուցահանդեսով հետաքրքրվողների թիվը կրկնապատկվել է»։ Նա նաև հավելեց, որ  տարբեր դպրոցներից հյուրընկալվող խմբեր են ունենում, և  ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ դեռևս մասնագիտության հարցում չկողմնորոշված աշակերտներին ուղղորդել դեպի քիմիայի բնագավառ։

 Ֆակուլտետի «Սննդի անվտանգության» բաժինը ներկայացնող 3-րդ կուրսի ուսանող  Լաուրա Սաթունցը պատմեց, թե ինչպես են  տարբեր մթերքներից համապատասխան նյութեր սինթեզում։ Լաուրան ասաց, որ դառը նուշից ստացել են B17 վիտամին, որը հակաքաղցկեղային հատկություն ունի, բայց չարաշահել չի կարելի։ Դառը նուշի չափաբաժինը օրական առնվազն հինգն է, և դրանից ավելի օգտագործելը  հիվանդությունների պատճառ է հանդիսանում։

 Քիմիայի ֆակուլտետի    ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջոցներով թղթի արտադրությունը։ Նա նշեց, որ իրենց նպատակն է ցույց տալ, թե ինչ արտադրական եղանակներ կարելի է կիրառել երկրի տարածքում, որը էկոլոգիապես ավելի անվտանգ կլինի և օգուտ կտա տնտեսությանը։ Շուշաննայի տաղավարում մեծ ուշադրության էր արժանանում պոլիէթկենային տոպրակներից պատրաստված պայուսակները։

 Ֆակուլտետի 1-ին  կուրսի ուսանող Աննա Սոլոյանը  ցուցադրությանը  ներկայացնում է պոլիմերները, որոնցից  հատակներ են  ստանում։ Նա ընդգծեց, որ պոլիմերները շատ թանկ արժեն, և ավելի մատչելի լինելու համար  պոլիմերի  հետ խառնում են տեղական հումք։ Ուսանողները բնական հումքից  պատրաստել են նաև  գունանյութեր, որոնք պոլիմերներին գույն են հաղորդում և  մարդու աչքին վնաս չեն։ Ցուցահանդեսը գործելու նաև նոյեմբերի 13-ին։  

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել