ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ. ԱՆՈՐԱԿ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ՝ ՄԱՇԿԻ ԹՇՆԱՄԻ

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՆԱՄԵԼ ՄԱՇԿԸ. ԱՆՈՐԱԿ ԿՈՍՄԵՏԻԿԱՆ՝ ՄԱՇԿԻ ԹՇՆԱՄԻ

1315

Սոնա Մելիքյանը մաշկային խնդիրների առաջ է կանգնել անորակ կոսմետիկա օգտագործելու հետևանքով։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ իր դեմքը սկսել է մազակալել X ընկերության տոնային կրեմ օգտագործելու հետևանքով։ «Դեմքիս երբեք մազ չեմ ունեցել, միայն կրեմի օգտագործումը դադարեցնելուց հետո եմ հասկացել, որ դեմքս մազակալել է»,– նշեց Սոնա Մելիքյանը։

Բժիշկ-կոսմետոլոգ Ալլա Հարությունյանը

մեզ հետ զրույցում նշեց, որ սխալ կոսմետիկայի, սխալ խնամքի պատճառով կարող է խախտվել մաշկի միկրոֆլորան, որի հետևանքով կարող է առաջանալ այրոց, քոր, թեփ, մազակալում, ալերգիա։ Մասնագետը նշում է, որ զգայուն մաշկ ունեցող անձանց մոտ ալերգիան կարող է առաջանալ անգամ ամենաանվնաս միջոցից։ Իսկ արդեն խնդիր ձեռք բերելուց հետո պետք է նախ գտնել խնդրի բուն պատճառը։ «Օրինակ՝ մազակալում կարող է առաջանալ նաև հորմոնալ խնդիրների դեպքում։ Այս պարագայում շատ բան է կախված բժշկից։ Բժիշկը պիտի ճիշտ ուղղորդում տա հիվանդին, և եթե հիվանդի խնդիրը հորմոնալ է, պետք է ուղղորդի ճիշտ բժշկի մոտ։ Խնդրի բուն պատճառը գտնելուց հետո, պետք է արդեն աշխատել դրա վերացման համար»,-ասաց Ալլա Հարությունյանը։

Նա նկատեց նաև, որ բավականին շատ են դիմում մարդիկ, ովքեր անորակ կոսմետիկա օգտագործելու հետեւանքով մաշկային խնդիրներ են ձեռք բերել։

Մաշկաբան Արմինե Համբարձումյանն էլ նկատեց, որ մաշկային խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն վատ կոսմետիկ միջոցներից, այլև մաշկի սխալ խնամքից։ «Մարդիկ խուսափում են գնալ մասնագետների մոտ, դրա փոխարեն նախընտրում են խորհուրդներ ստանալ ծանոթներից, ֆեյսբուքյան տարբեր խմբերից՝ շատ հաճախ բուժման աբսուրդային ձևեր օգտագործելով։ Առաջին հերթին մաշկը պետք է մաքուր պահել, հետո մի փոքր խնդրի դեպքում դիմել տվյալ մասնագետին և միայնակ ոչինչ չանել, որովհետև խոսքը առողջության մասին է»,-նշեց մասնագետը։

Ներկայացնում ենք բժիշկ-կոսմետոլոգ Ալլա Հարությունյանի խորհուրդները մաշկի ճիշտ խնամքի վերաբերյալ։

1. Որևէ միջոց ընտրելիս պարտադիր դրա բաղադրությունը կարդացեք։ Եթե չեք հասկանում տերմինները, կարող եք հոտով զգալ։ Եթե շատ սուր հոտ ունի տվյալ միջոցը, շատ է փրփրում, նշանակում է այն անորակ է։

2. Լողանալուց հետո պարտադիր լվացվեք սառը ջրով։

3. Տոնային կրեմները պիտի լինեն արևապաշտպան, պիտի իրենց վրա ունենան spf տարբերանշանը։

4. Պետք է ճիշտ ընտրել նաև տոնայինի տոկոսը։ Անգամ գույնով կարելի է տարբերակել դրանք։ Կանաչ գույն ունեցողները յուղոտ մաշկի համար են, կապույտ, սպիտակ, վարդագույն գույներով կրեմները ավելի չոր մաշկի համար են նախատեսված։

5. Երբեք ու երբեք չքնեք շպարով։ Քնելուց առաջ անհրաժեշտ է մաքրել դիմահարդարումը շպարահան միջոցներով։

6.Շպարահան միջոցները պետք է մեկ ժամ շուտ օգտագործել։ Դրանք պետք է արդեն հասցնեն ազդել մաշկի վրա, այլապես անկողնու հետ շփումից կմաքրվեն և օգուտ չեն էլ տա։

7. Մի քանի վատ կոսմետիկ միջոցների փոխարեն ունեցեք մեկ հատ լավը։ Դուք չեք փչացնի ձեր առողջությունը և կխնայեք գումար։

8. Մաշկը ենթարկվում է փոփոխության, հետևաբար մաշկի փոփոխման հետ պետք է փոխել նաև խնամքի միջոցները։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել