«Ձեռքերս կոփվել են և վարժվել հարազատ գործիքին»․ Քրիստինե Հովսեփյան

«Ձեռքերս կոփվել են և վարժվել հարազատ գործիքին»․ Քրիստինե Հովսեփյան

1657

Հինգ տարի «Երևանյան թմբուկներ»֊ում նվագելուց հետո` տասնինը տարեկանում, այս աղջիկն այսօր արդեն ունի իր սեփական խումբն ու սաները։ Լինելով աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մեծ բեմերում` ներկայացրել է հայկականը։ Իմ զրուցակիցն է դհոլահար և երաժիշտ Քրիստինե Հովսեփյանը։

– Ինչպե՞ս կոտրեցիր այն կարծրատիպը, թե դհոլն աղջկա համար չէ, և ընտրեցիր հենց այս երաժշտական գործիքը։

-Առաջին հերթին ընտրել եմ, որ տարբերվող լինի։ Միշտ բոլորը խոսել ու քննադատել են, ասել են՝ աղջիկը չպետք է նվագի,  դա աղջկա մասնագիտություն չէ, տղաների համար է նախատեսված այդ գործիքը, ընտրիր աղջիկներին հարիր մասնագիտություն։ Բայց ահա արդեն 10 տարի է, ինչ նվագում եմ։ Քննադատություններն ինձ օգնել են դառնալ ավելի նպատակասլաց և կայանալ իմ ընտրած մասնագիտության մեջ։ Դհոլ նվագելը եղել է իմ երազանքը, լավ դհոլահար դառնալը՝ նպատակս։

-Ասում են՝ եթե ուզում ես հաջողությունների հասնել, ապա արա այն, ինչ սիրում ես։ Քո պարագայում հենց այդպես է․ այսօր դու մեծ հաջողությունների ես հասել, քո սեփական խումբն ու սաներն ունես, մի փոքր կպատմե՞ս անցածդ ճանապարհի մասին։

-Երբ պետք է ավարտեի դպրոցը և մասնագիտություն ընտրեի, ինչպես միշտ բոլորը կողքից ուղղորդում էին ինձ, ասում էին՝ ընտրիր ուրիշ մասնագիտություն, որ լավ ապագա ունենաս։ Եվ դրա արդյունքում երկու տարի ոչ մի տեղ չընդունվեցի։ Տարբեր մասնագիտություններ էի գտել՝ ծրագրավորողից մինչև թուրքագետ, սակայն լավ էի հասկանում, որ աշխարհում ոչ մի մասնագիտություն չի փոխարինի իմ դհոլին։ Եվ իմ համառության շնորհիվ ընդունվեցի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հարվածային գործիքներ բաժին։ Եվ զգացի, որ «ընկել եմ իմ ափսեի մեջ» և անում եմ այն, ինչ ես սիրում եմ և ինչի մասին երազել եմ։ Մի քանի ամիս է, ինչ ձևավորվել է իմ խումբը, և շնորհակալ եմ  «Մեցցո Ֆորտե» մշակույթի կենտրոնի հիմնադիր և տնօրեն Թամարա Խաչատրյանին՝ ինձ այս հնարավորությունը տալու համար՝ հաշվի չառնելով ոչ մի հանգամանք։ Նպատակներիցս մեկն է նաև աղջիկների խումբ ունենալը, որտեղ կլինեն միայն դհոլահար աղջիկներ։

-Ծնողնե՞րդ։

-Որոշումս կայացրել եմ մոտ 10 տարի առաջ, երբ 8 տարեկան էի։ Հայրիկիս ընկերոջ տանն առաջին անգամ դհոլ տեսա և տուն գալուն պես խնդրեցի ինձ համար էլ գնել։ Ծնողներիս թվաց, թե կատակ եմ անում․ դե, բնական է, նրանք էլ էին մտածում, որ աղջիկն ու դհոլն անհամատեղելի են։ Խաղալիք դհոլ էին ինձ համար գնել, հետո ես ընդդիմացա, ասացի, որ ինձ իսկականն է հարկավոր։ Ծնողներս շատ հեշտ ընդունեցին իմ որոշումը և քաջալերեցին ինձ, երբ հասկացան, որ դա իմ երազանքն է։ Խոչընդոտներ շատ են լինում, բայց ծնողներս միշտ իմ կողքին են, և հիասթափություններն ու քննադատություններն ինձ չեն կարող խանգարել։

-Դհոլ նվագելու համար պահանջվում են կոպիտ և կոշտ ձեռքեր, որոնք բնորոշ են տղամարդկնանց։ Ինչպե՞ս ես կարողանում քո նուրբ և կանացի ձեռքերով նվագել այս գործիքը։ 

-Երբ նոր էի սկսել նվագել, ձեռքերս միշտ կապտում էին և այտուցվում։ Անգամ այնպես էր ստացվում, որ շաբաթներով չէի կարողանում նվագել։ Բայց եթե ճիշտ նվագես, ապա նման երևույթները քեզ չեն անհանգստացնի։ Եթե խնամում ես ձեռքերդ, ապա ամեն ինչ կատարյալ է։ Ամեն բանի սկիզբն էլ դժվար է լինում։ Հիմա արդեն ամեն ինչ անցյալում է․ ձեռքերս կոփվել են և վարժվել հարազատ գործիքիս։

-Ո՞րն ես համարում հաջողությանդ գրավականը։ 

-Հաջողության գրավականը (ոչ միայն իմ, այլև բոլորի) սիրած գործով զբաղվելն է։ Այն, ինչը քոնն է իրոք, այլ ոչ թե մյուսների կարծիքով, քեզ կսազի։ Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել հաշվի չառնել՝ գիշեր է, թե ցերեկ, անընդհատ սովորել և ինքնազարգացմամբ զբաղվել։ Եվ իհարկե, հավատալ երազանքներին և դրանք դարձնել նպատակներ։

-Ի՞նչ կմաղթես այն աղջիկներին, որոնք ընտրել են հենց այս մասնագիտությունը։

-Նախ կասեմ, որ շատ ճիշտ որոշում են կայացրել։ Մենք անում ենք մի բան, որ տարբերվող է, որ մեր տաղանդն է ի ցույց դնելու աշխարհին։ Կցանկանամ, որ երբեք չհրաժարվեն իրենց երազանքներից, պայքարեն մինչև վերջ։ Կարող են նաև ինձ դիմել․ մեծ հաճույքով կօգնեմ նրանց։ Ինչպես նշեցի, շուտով կունենամ տարածաշրջանում դեռ նման չունեցող խումբ։ Կսպասեմ իմ աղջիկներին։
Մարիաննա Մխիթարյան

2-րդ կուրս

Կիսվել