Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, դեկտեմբերի 6-8 Երևանում անց էր կացվում «Թվապատում, հետաքննություն։ Մեդիան՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով լրագրողական կոնֆերանսը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած եռօրյա միջոցառմանը հյուրընկալվել էին ոլորտի 16 փորձագետներ՝ շուրջ տասը երկրներից։ Ռուսաստանը ներկայացնում էր լրագրող, «Տակ Տակ Տակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Վիկտոր Յուկեչևը, ով Ժուռնալիստ կայքի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպիսի դեր ունեն ԶԼՄ-ները Ռուսաստանի հանրային կյանքի կազմակերպման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում։
– Պրն. Յուկեչև, դուք՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և փորձառու լրագրող, ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանում ԶԼՄ–ները արժանահավա՞տ են, կա՞ հասարակության վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։
– Ռուսաստանում մի քանի սոցիալական կազմակերպություններ ամեն տարի ֆիքսում են հասարակության կողմից լրատվամիջոցների հանդեպ վստահության անկում, միևնույն ժամանակ հեռուստատեսության դիտումների աճ։ Բոլորը հետևում են հեռուստատեսությանը և ինտեռնետին, իսկ վստահությունը նվազում է։ Իհարկե, ես չեմ ուզում ասել, որ դա համալսարաններում պատրաստության մակարդակի նվազման հետևանք է։ Մի տեղ բարձր, մի ուրիշ տեղ ցածր, բայց այդուհանդերձ մենք ունենք լրագրության լավ դպրոցներ, ինչպիսիք են Ուրալյան համալսարանը, Տոմսկի, Վորոնեժի, Իրկուտսկի համալսարանները։ Ասել է թե՝ դա պայմանավորված չէ վատ ժուռնալիստական կրթությամբ, այլ մեդիաշուկայի քանդվածության արդյունք է, որի մեջ ակտիվ մասնակցություն ունի կառավարությունը, քանի որ, օգտագործելով մամուլը որպես հանրային կառավարման գործիք, ի վերջո, այն չի օգտագործվում իր բուն նշանակությամբ: Իսկ հանրությունը, չիմանալով, թե մամուլը ուրիշ էլ ինչ կերպ կարող է աշխատել, մտածում է, որ այդպես էլ պետք է լինի։ Այսպիսով նվազում է վստահությունը առհասարակ ամեն ինչի նկատմամբ՝ թե´ կառավարության, թե´ ցանկացած այլ պետական օղակի նկատմամբ, իսկ ահա նախագահի հանդեպ՝ աճում է։ Ընդհանրացնելով ասեմ, որ ռուսական մեդիաշուկայում վիճակը, մեկ բառով ասած, տխուր է։
–Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբ դիտում եմ ռուսական լրատվամիջոցների թողարկումները, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանում ամեն բան լավ է։ Սա ի՞նչ է նշանակում․ ճնշում կա՞ լրատվամիջոցների վրա, թե՞ լրատվամիջոցները իրենք էլ չեն կարողանում զանազանել։
– Այս հարցն իր էությամբ շատ խորն է։ Գոյություն ունեն պետական լրատվամիջոցներ, որոնցում ամեն բան նախորոք հրահանգավորված է․ նրանց ասվում է՝ ինչ գրել, ինչը՝ ոչ, ում հետ հարցազրույց անցկացնել, ում հետ՝ ոչ։ Այսինքն՝ այն ռուսալեզու թողարկումները, որոնք դիտվում են Ռուսաստանից դուրս, հիմնականում քարոզչական բնույթ ունեն, և շատ հաճախ հետաքրքրաշարժ են՝ տարբեր նախագծեր, շոուներ և այլն։ Բայց եթե ես փորձեմ արտահայտել իմ գաղափարները, կամ ասեմ այն, ինչը չպետք է ասեի, կամ ինձ կհեռացնեն աշխատանքից, կամ խմբագրիս։ Ինչին մենք վերջին տարիներին բազմիցս ականատես ենք եղել։ Սակայն կան մասնավոր հրատարակություններ, օրինակ «Դոժդ» հեռուստաալիքը, «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերը, որոնք ինքնուրույն են և քիչ թե շատ պահպանում են իրենց անկախությունը։ Կարելի է ասել՝ հպարտանալու բան կա, բայց ընդհանուր պատկերը սարսափելի է։
Կորյուն Սիմոնյան
2-րդ կուրս