Մեկ լավ գիրքը կարող է փոխել մտածողությունը, ոգեշնչել, իսկ երբեմն՝ նույնիսկ կյանքը...

Մեկ լավ գիրքը կարող է փոխել մտածողությունը, ոգեշնչել, իսկ երբեմն՝ նույնիսկ կյանքը փոխել

10

Գիրք նվիրելու օրը՝ ավելի քան նվեր

Փետրվարի 19-ը հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է. արդեն տարիներ շարունակ այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս նախաձեռնությունը, որն արդեն դարձել է ավանդույթ, կոչված է խթանելու գրքի ընթերցանությունը և տարածելու գրականության հանդեպ սերը:

Ինչու՞ գիրք նվիրել

«Գիրքը միայն տպագիր էջեր չեն։ Երբ մենք մեկին գիրք ենք նվիրում,

ոչ միայն նյութական բան ենք փոխանցում, այլև հնարավորություն՝ նոր աշխարհներ բացահայտելու, մտածելու, զգալու ու փոխվելու»,- նշում է 12 ամյա Հասմիկի մայրը, իսկ աղջիկը, գրախանութից դասընկերոջ համար գնված թումանյանական հեքիաթների ժողովածուն ձեռքում, շտապում է դպրոց՝ իր գրքի հետևից:  

Այս տոնը նշում են նաև համալսարանականները, 3-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանան Գրքատոնին երկար է նախապատրաստվել, մի լավ ծանրութեթև արել, թե ինչ գիրք նվիրի ընկերներին. «Գիրք նվիրելը անձնական է՝ դա ցույց է տալիս, որ նվիրողը մտածել է այն մարդու մասին, ում նվիրում է, հաշվի է առել նրա հետաքրքրությունները, և ցանկացել է իր սիրելի ստեղծագործություններից մեկը կիսել նրա հետ»:

 Ինչպե՞ս նշել Գիրք նվիրելու օրը

Գրադարանավարուհի 53 ամյա Ռիման հետևյալ տարբերակներն է առաջարկում այսօրը նշելու համար: «Նախ պետք է պարտադիր գրքեր նվիրել ընտանիքի անդամներին,  ընկերներին ու հարազատներին։ Կարող ես նվիրաբերել գրքեր դպրոցական կամ հանրային գրադարաններին՝ հնարավորություն տալով ուրիշներին օգտվել քո ընթերցած գրքերից։ Կարող ես նաև սոցցանցերում պատմել այն գրքերի մասին, որոնք փոխել են քո կյանքը՝ ոգեշնչելով ուրիշներին նույնպես կարդալ։ Սա հրաշալի առիթ է ոչ միայն ուրիշներին նվիրելու, այլև ինքդ քեզ համար նոր գիրք գտնելու»։

Ի՞նչ են մտածում գրքի ոլորտի մասնագետները

Հետաքրքրվելու համար, թե որքանո՞վ է այս օրը նպաստում գրքի տարածմանը, զրուցեցինք գրող, գրականագետ Անի Հովհաննիսյանի հետ։

«Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ կարևորություն ունի, որովհետև մարդիկ առիթ են ունենում խոսելու գրքերի մասին, քննարկելու դրանք, իսկ ամենակարևորը՝ նվիրելու։ Երբ գիրք ենք նվիրում, մենք ոչ միայն նյութ ենք փոխանցում, այլև մեր ներաշխարհի մի մասնիկը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթերցանությունը վերածնունդ է ապրում։ Վերջին տարիներին ավելացել են գրախանութների վաճառքները, նոր հրատարակությունները, և ավելի շատ երիտասարդներ են այցելում գրադարաններ։ 

Անի Հովհաննիսյանը նշեց նաև ամենաշատ ընթերցվող գրքերից մի քանիսը.

«Ամեն տարի մենք նկատում ենք, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն անպայման լինում են վաճառքի առաջատարների թվում։ Բացի այդ, վերջին շրջանում շատ են նվիրում նաև ժամանակակից հայ հեղինակների գրքեր, օրինակ՝ Գրիգի, Արամ Պաչյանի, Նարինե Աբգարյանի, Հովիկ Աֆյանի ստեղծագործությունները, բայց այս ամենին զուգահեռ չի պակասում սերը և հետաքրքրվածությունը արտասահմանյան գրականության նկատմամբ, ինչն, իհարկե, գովելի է»:

Գիրքը՝ նվեր, որը երբեք չի կորցնում իր արժեքը

Գիրքը միակ նվերն է, որը ժամանակի ընթացքում չի կորցնում իր նշանակությունը և ամեն անգամ նոր ձևով կարող է բացահայտվել ընթերցողի կողմից։ Մեկ լավ գիրքը կարող է փոխել մտածողությունը, ոգեշնչել, իսկ երբեմն՝ նույնիսկ կյանքը փոխել։

Լիանա Քարամյան

4-րդ կուրս

Կիսվել