Փետրվարի 13-ին ԵՊՀ-ի բակում ուսանողական խորհուրդը սիրո տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպել:
Նախ հրավիրյալ քահանան ներկայացրեց սիրո տոնի խորհուրդը: Այնուհետև ուսանողները պարեցին ազգային պարեր՝ ստեղծելով դրական մթնոլորտ ու տարածելով ժպիտներ:
Միջոցառման գլխավոր ծիսակարգը կրակի վրայով թռչելու արարողությունն էր:
Միջոցառման կազմակերպման գործում մեծ էր ուսանողական խորհրդի, մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանի մասնակցությունը:
Այն հարցին, թե որն է նման միջոցառման կազմակերպման նպատակը, նա պատասխանեց.
– Ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը գերակա կարևորություն ենք տալիս, քանի որ երիտասարդներն ու հատկապես ուսանողներն են հասարակության շարժիչ ուժը, ու հենց մենք պիտի կրենք ու տարածենք ազգայինը:
Իսկ թե ինչպես որոշեցին հենց պարի միջոցով արտահայտել իրենց ասելիքը, Էրիկը պարզաբանում է.
-Ազգային պարերի մասին խոսելիս առաջինը մտքիս գալիս է Կոմիտասի խոսքը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը», ու հենց այս համատեքստում էլ պիտի շեշտեմ, որ մեր պարերով մենք ցույց ենք տալիս հայի կերպարը, ոգին ու միասնականության ուժը:
Նա նշեց, որ իր թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նման միջոցառումների կազմակերպմանը և որ շատ ուրախ է ուսանողների դրական արձագանքներից:
«Երբ ուսանողները որոշում են պարել ազգային, նրանց վստահաբար ոչինչ չի խանգարում և դրա վառ օրինակն է ԵՊՀ-ի «Սև շենքի» ուսանողների ակտիվ մասնակցությունը, չնայած եղանակային վատ պայմաններին»,- ավարտում է իր խոսքը Էրիկը:



Օվսաննա Մատինյան
1-ին կուրս