Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա

98

Կլիմայի փոփոխությունն այսօր լուրջ խնդիր է աշխարհի և հատկապես Հայաստանի գյուղատնտեսության համար։ Հողի բերրիության նվազումը, ջրի պակասը և կլիմայական պայմանների անկանխատեսելիությունը բերքի կորստի ու գյուղացիների կենսապայմանների վատթարացման պատճառ են դառնում։

Տնտեսագետ Սամվել Ավետիսյանն անդրադառձել է կլիմայի փոփոխության ազդեցությանը՝ մանրամասնելով, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրա հետեւանքները նվազեցնելու համար։

«Ոռոգման ջրի կարիք ունենք. կլիմայի փոփոխությունը տանում է նրան, որ կլիման տաքանում է և ջրի պահանջարկը մեծանում է, և զուգահեռ տեղումների քանակը չի ավելանում: Մենք այսօր խնդիր ունենք նաև մարզերի մասնագիտացման հետ. պետք է այնպիսի մշակաբույսեր զարգացնենք, որ կարողանան հարմարվել կլիմայի փոփոխությանը»:

Գյուղացիները ահազանգում են, որ կլիմայական փոփոխություններն արդեն մի քանի տարի է՝ խնդիրներ են ստեղծում։ Ջրի պակասը, ինչպես նաև վնասատուների աճն էապես նվազեցնում են բերքը։ Բերքի ծավալները պակասել են, իսկ բերքահավաքի արդյունքները՝ անկանխատեսելի դարձել:

Փորձագետները հաստատում են, որ այս խնդիրները զգալիորեն կազդեն Հայաստանի գյուղատնտեսական արտադրության վրա։ Նրանք նշում են, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է ռիսկերը գյուղատնտեսության ոլորտում՝ ստիպելով ֆերմերներին հարմարվել նոր պայմաններին։ Հիմնական լուծումներից մեկը՝ ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրումն է, ինչը թույլ կտա խնայել ջուրը և բարձրացնել բերքատվությունը:

Պետական կառույցներն իրենց հերթին նույնպես փորձում են աջակցել։ Մեր հարցին՝ արդյոք նոր նախագծեր են մշակվում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և ոլորտը զարգացնելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը մանրամասնում է, որ իրանք աշխատում են նորարարական ոռոգման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ծրագրեր են մշակում՝ գյուղատնտեսության կայունությունն ապահովելու համար:

Այսպիսով, Կլիմայի փոփոխությունը մեծ մարտահրավեր է, որի հետ բախվում է նաև Հայաստանի գյուղատնտեսությունը։ Բայց քայլեր են ձեռնարկվում՝ նոր տեխնոլոգիաների և պետական աջակցության միջոցով, որոնք կարող են օգնել գյուղացիներին հաղթահարել այս դժվարությունները։ Ապագա զարգացմանը նպաստող որոշումները կախված կլինեն կառավարության, փորձագետների և միջազգային գործընկերների համագործակցությունից։

Լիլիթ Հակոբջանյան

2-րդ կուրս

Կիսվել