ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՎՈՏ ԿՈՂՄԸ․ «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ» ՁԳՏՈՒՄԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆՈՒՄ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՎՈՏ ԿՈՂՄԸ․ «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ» ՁԳՏՈՒՄԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆՈՒՄ

1764

Գեղեցիկ լինելու ձգտումը շատերի մոտ դարձել է գերխնդիր։ Այդ իսկ պատճառով շատերը դիմում են 21-րդ դարի ամենաարդիական և տարածված միջոցների՝ պլաստիկ վիրահատությունների։

Համաշխարհային մոդելներ, սիրելի հոլիվուդյան աստղեր, ինստագրամյան իդեալական արտաքինով աղջիկներ և տղաներ․ նրանց նմանվել են փորձում շատերը, և այդ հենց այդ ճանապարհին էլ դիմում են պլաստիկ վիրաբույժների։ Վերջիններս էլ անմասն չեն մնում և գայթակղիչ առաջարկներով իրենց գովազդներն են հրամցնում սոցկայքերում։ Ոմանք աստղաբաշխական գնային սանդղակ են առաջարկում, ոմանք էլ՝ հակառակը։

Կան դեպքեր, երբ բժշկի անզգուշությունը կամ հիվանդի՝ բժշկի ցուցումներին չհետևելը կարող են առաջացնել բարդույթներ, և երկրորդային վիրահատության դիմելու անհրաժեշտություն։

Սոնա Հովհաննիսյանը, ով 19 տարեկանում դիմել է քթի պլաստիկ վիրահատության և սխալ վիրահատության արդյունքում երկրորդ անգամ է վիրահատվել, պատմեց՝ ինչ խնդիրների է առնչվել.

«Ձախ կողմով ընդանրապես չէի շնչում, ինչ-որ աճառ, թե ոսկոր էր աճել էր ներսի կողմից սխալ վիրահատության արդյունքում ու քթանցքս փակել էր լրիվ, աջ կողմում էլ հակառակը՝ ոսկրային հյուսվածք չկար, փոս էր արտաքինից, բայց աջ քթանցքով շնչել եմ»։ Երբ գիպսը հանել էին, խնդիրներն են եղել․ բժիշկն ասել էր՝ այտուցը անհավասար է իջնում, մերսումներ արա՝ կանցնի․ «Նաև ասում էր՝ ֆիլլեռով ուղղենք (ժամանակավոր) մինչ մի տարին լրանա, 2-րդ վիրահատություն անենք, բայց էլ չվստահեցի իրեն,  երկրորդ անգամ այլ բժիշկ վիրահատեց»,- պատմում է Սոնան։

Բժիշկին խորհուրդ էին տվել ծանոթները․ նրա մասին տեղեկատվություն հայթայթելու այլ հնարավորություն չի ունեցել։ «6 տարի առաջ ես 19 տարեկան էի, սոցիալական ցանցերը էսքան ակտիվ չէին, համենայն դեպս, ֆեյսբուքը, իսկ 2-րդ բժշկին ընտրել եմ արդեն համալսարանի աղջիկների վիրահատված քթերը բնականից տեսնելու հիման վրա, ումը հավանում էի, նույն անունն էին տալիս»։

Իսկ Գայանե Դավթյանը նշեց, որ առաջին վիրահատության ժամանակ քթի միսն են հեռացրել, դրանից հետո կորցրել է համային և հոտառական ընկալիչները, և բժիշկը ասել է, որ միսը նորից է աճել ու վեց ամիս անց պիտի կրկին վիրահատվել։ Սակայն Գայանեն ո′չ հոգեպես, ո′չ էլ ֆիզիկապես պատրաստ չի եղել։ Եվ առաջին վիրահատությունից հինգ տարի անց բարեհաջող վիրահատվել է արդեն ուրիշ բժշկի մոտ, ով էլ նրան ասել է, որ առաջին վիրահատության ժամանակ բժիշկը թերի աշխատանք է տարել, այդ իսկ պատճառով՝ խնդիրն իսպառ չի վերացել, և առաջացել են ավելի լուրջ խնդիրներ։

Մեր երրորդ զրուցակիցը, ով նախընտրեց մնալ անանուն, նշեց. «Վիրահատել էի քիթս․ սկզբում ամեն բան նորմալ էր, գեղեցիկ, սակայն ժամանակի ընթացքում զգացի, որ քիթս դեֆորմացվում է, անհասկանալի բաներ էին կատարվում, ամբողջ հոգեկանս խառնվել էր։ Խնդիրը ոչ թե ներքին էր, այլ արտաքին ու վառ արտահայտված։ Բժշկին դիմեցի, նա էլ ասաց՝ իբր նման դեպքեր երբեմն լինում են, և անհրաժեշտ է երկրորդային ռինոպլաստիկա անել։ Ճիշտ է, երբ նույն բժշկի մոտ ես անում երկրորդային ռինոպլաստիկան, մատչելի է լինում։ Սակայն ես չվստահեցի նրան, և մտածեցի՝ ավելի լավ է շատ գումար ծախսեմ, բայց մեկ այլ խնդրի չառնչվեմ»։

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի խոսքով՝ անհաջող ռինոպլաստիկան ամենադաժան փորձառություններից մեկն է: Կրկնակի ռինոպլաստիկան էսթետիկ վիրաբուժության ամենաբարդ ոլորտներից է։ Անհաջող ռինոպլաստիկայի մի քանի պատճառներ կան։ Ամենատարածված պատճառը վիրահատության ընթացքում թույլ տրված տեխնիկական սխալներն են։ 

Ռինոպլաստիկայի դիմած հաճախորդները սովորաբար տարիներ շարունակ մտածում են նախքան վիրահատություն անելը։ Եթե արդյունքում ստացված քիթը նախկինից ավելի վատն է լինում, ապա խորը հիասթափություն է սպասվում։ Ինքնագնահատականի ու վստահության անկումը կարող են ազդել մարդու հասարակական գործունեության վրա։

Կոսմետիկ միջամտությունների աճին զուգընթաց մեծանում է նաև ռինոպլաստիկայի պահանջարկը։ Շատ վիրաբույժներ են կատարում ողջ մարմնի պլաստիկ վիրահատություններ, մինչդեռ քչերն են մասնագիտացված քթի և դեմքի ոլորտում։

Տարեկան 5-10 քթի վիրահատություն կատարող պլաստիկ վիրաբույժը չի կարող համարվել ռինոպլաստիկայի լավագույն մասնագետ։ Նա չի կարող ունենալ բավարար փորձ և որակավորում՝ ռինոպլաստիկայի իրականացման համար։ 

«Քթի երկրորդային վիրահատության հետ կապված ռիսկերը գրեթե միշտ ավելի բարձր են, քան առաջնային ռինոպլաստիկայի ժամանակ»,- ասում է

բժիշկը։

Մեր այն հարցմանը, թե մարդիկ ինչ ճանապարհով են վստահելի մասնագետ գտնում, պատասխաններից պարզ դարձավ, որ հիմնականում դիմում են այն բժիշկներին, ովքեր բավական հայտնի են սոցկայքերում, շատ քչերն էին, որ նշեցին, թե ընկերների, բարեկամների կամ էլ ծանոթների խորհրդով են ընտրել բժշկին։

Մերի Ալոյան

2-րդ կուրս

Կիսվել