«Փոքր տարիքում ավելի նման էինք իրար, իսկ հիմա Անդոն ինձնից շատ կնճիռ...

«Փոքր տարիքում ավելի նման էինք իրար, իսկ հիմա Անդոն ինձնից շատ կնճիռ ունի»

75

Պտղնի գյուղում են ապրում Ռաֆայել պապը և նրա զույգ եղբայրը՝ Անդրանիկը։

Հազվադեպ է լինում, երբ զույգերը իրարից տարբերվող որևէ արտաքին նշան չեն ունենում։ Այդպիսինն են մեր հերոսները։ Նրանք երկուսն էլ ունեն նույն դիմագծերը, նույն շարժուձևը, երկուսն էլ ալեհեր են, մուգ աչքեր ունեն, նույնն են անգամ նրանց հասակները։

«Փոքր տարիքում ավելի նման էինք իրար, հիմա Անդոն ինձնից շատ կնճիռ ունի,- ծիծաղով պատմում է Ռաֆայել պապը։ – Մայրս մեզ միշտ խառնում էր. ինձ ասում էր Անդո, Անդոյին՝ Ռաֆո։ Միշտ նեղվում էի մորիցս, ասում էի, ա՛յ մեր, որ դու մեզ չես տարբերում, բա ուրիշները ո՞նց տարբերեն»։

Անդրանիկ պապն ասում է, որ երկուսն էլ մի անբացատրելի ուժ ունեն։ Երբ նրանցից մեկը վատ է կամ ինչ-որ խնդիր ունի, մյուսը դա զգում է։ «Սա յուրահատուկ կապ ա, դժվար ա նկարագրել, մենք պարզապես մեկ մարդ ենք։ Եթե ես հանկարծ մտածում եմ ինչ-որ տեղ գնալ, գիտեմ, որ Ռաֆոն, իհարկե, գալիս ա հետս»,- պտտելով ձեռքի՝ սև քարերից պատրաստված տեր ողորմեան (թզբեխը)՝ պատմում է Անդրանիկ պապը։

Անդո պապի ավագ թոռը՝ Արևիկը, որը շուտով կավարտի դպրոցը, պատմում է երկու պապերին տարբերելու իր տարբերակի մասին։ Ասում է, որ պապերը տարբերվում են միայն բնավորությամբ։ «Անդո պապն ավելի առույգ է․ առավոտյան արթնանալուն պես այգի է գնում։ Ավելի ուշ, երբ մենք ենք արթնանում, տեսնում ենք, որ խոհանոցի սեղանին արդեն ամաններով շարել է անփուշ մոշն ու տատիս սիրելի մորին։ Տատի սիրած հատապտուղներն առաջինն է քաղում, որ հանկարծ տատս իրենից չնեղանա»,- կատակում է տատի անունը կրող Արևիկը։

Ռաֆայել պապի մասին խոսելիս ավելի հանդարտ է պատմում։ Ասում է՝  նա ավելի չխոսկան է և զգացմունքները հաճախ չի արտահայտում։ Հենց բնավորության այս գծերով էլ տարբերվում են արդեն 71 տարի մեկ ընտանիքում ապրող եղբայրները։

Քիչ ուշ զրույցին է միանում Ռաֆայել պապի թոռներից Լուսինեն, որին տեսնելիս պապերը կատակում են, թե Արևն ու Լուսինը մի տեղում սովորաբար չեն լինում։ Լուսինը համեմատաբար փոքր է, բայց մեծ ոգևորությամբ է խոսում պապերի ու տատերի մասին։ «Մեկ-մեկ որ տատին ասում է՝ գնամ, պապին կանչեմ, խառնում եմ։ Անդրան պապին կանչում եմ Լուսիկ տատի մոտ, ինքն էլ իր կնոջ մոտ է գնում։ Վերջում պարզվում է՝ Արև տատը պապին չի կանչել, Լուսիկն էլ ժամերով սպասում է յարին»,- իր ստեղծած շիլաշփոթի մասին է պատմում Լուսինը։

Հարևանները պատմում են, որ իրենց գյուղի կատակասերներն են: «Ամեն օր գալիս ու ասում են՝ գիտես, չէ՞, նոր անեկդոտ եմ լսել, արի պատմեմ»,- ծիծաղելով պատմում է Աշոտ պապը:

Հարևաններից մի քանիսը նաև եղբայների մանկության ընկերներն են: Ժպիտով են հիշում իրենց մանկությունը։ «Ամեն անգամ էս ծառերին նայելով՝ հիշում եմ, թե ոնց էինք գնում հարևանների այգիներ ու մրգեր «գողանում»»,- ժպիտով պատմում է եղբայրների ընկերներից Արտակը:

Նաև ասում են, որ նրանք առանձնանում են իրենց հյուրընկալությամբ և ընկերասիրությամբ: «Ամեն երեկո հավաքվում ենք Անդո-Ռաֆոյենց տանը, ասում-խոսում, նարդի խաղում: Էդ էլ մեր զբաղմունքն ա»,- ասում է եղբայրների ընկերներից Համլետը:

Երբեմն եղբայրները միմյանց հետ են նարդի խաղում։ Խաղի ողջ ընթացքում Անդո պապի կողքին  դրված են ծխախոտի տուփը և մոխրամանը։ Երբ զգում է, որ պարտվում է, մոխրամանը լցվում է ծխախոտի մնացորդներով։

Անդո պապը Ռաֆո պապի հետ երբեմն հարևանների գլխին խաղ է խաղում՝ տեղերով փոխվելով։ «Գնում եմ Աշոտենց տուն, ասում եմ՝ իր քաշած տնական թթի արաղից բերի խմենք։ Բերելուց հետո Ռաֆոյի անունից սկսում եմ մի պատմություն հորինել իմ մասին՝ տեսնելու, թե ինչքան լավ է ճանաչում ինձ։ Աշոտը գիտի, որ Ռաֆոն շատ չի խմում՝ ի տարբերություն ինձ, բայց 2 բաժակ խմելուց հետո մոռանում եմ, որ որոշել էի կատակել, ուսուտս բռնվում է»,- ժպտալով պատմում է Անդո պապը։

«Բայց անպատիժ չենք մնում, մեր մարալներն էլ մեր գլխին են սկսում խաղեր խաղալ։ Մեկ-մեկ ցույց են տալիս՝ իբր շփոթում են մեզ,- ավելացնում է Անդո պապը։

Օրվա ավարտին երկու եղբայրները տան բակում շվի են նվագում։ Ասում են՝ դա իրենց ամենասիրելի զբաղմունքն է։ Երգի ձայնը բակով անցնող- դարձողին կանչում է դեպի իրենց տուն, և երգ ու ծիծաղով էլ սկսում ու ավարտում են օրը։

Մանե Խանդանյան

3-րդ կուրս

Կիսվել