Վիրտուալ իրականության հետևանքները. ինչպես են խաղերը վերափոխում երեխաների վարքը

Վիրտուալ իրականության հետևանքները. ինչպես են խաղերը վերափոխում երեխաների վարքը

137

Այսօր նոր մեդիան տեղեկություններ ստանալու, սովորելու, մարդկանց հետ հաղորդակցվելու ամենատարածված միջոցներից է: Վերջին քսան տարիներին  համացանցը մեծ ազդեցություն է թողել մարդկանց ընկալումների վրա՝ ազդելով նաև երեխաների զարգացման վրա:  

Ըստ հոգեբան  Էլեն Հովհաննիսյանի` ամենախոցելի տարիքային խմբում 6-12 տարեկաններն են, քանի որ այս տարիքում երեխաներն ակտիվորեն պատկերացումներ են կազմում աշխարհի մասին, սովորում են վարքագծային օրինաչափություններ և հաճախ օգտագործում են խաղը  որպես սոցիալական և հուզական տեղեկատվության յուրացման գործիք:  Համակարգչային խաղերը կարող են առաջացնել վարքի խանգարումներ, հատկապես եթե երեխան արդեն ունի հուզական անկայունության հակումներ։ 

Խնդրի վերաբերյալ ծնողների մեկնաբանությունները

Մեր անցկացրած հարցմանը  մասնակցած 25  ծնողներից  21-ը նշում են, որ երեխաները էլեկտրոնային խաղեր խաղում են ամեն օր: Ծնողներից 9-ը երեխաների մոտ նկատում են ագրեսիա, լարվածություն, 7-ը` մեկուսացում, 5-ը` նեգատիվիզմ, իսկ 4-ը խաղերի ազդեցությամբ որևէ փոփոխություն չեն նկատում: Ըստ հարցման` երեխաներին առավել շատ հետաքրքրող խաղերի շարքում առաջնային տեղ են զբաղեցնում  PUBG Mobile  և Free Fire էլեկտրոնային խաղերը, որոնցում առկա են սպանություններ, մենամարտեր, արյուն, կռիվ, պատերազմ և այն էլ այնպիսի գունագեղությամբ ու ձայնային ուղեկցությամբ, որ քեզ թվում է, թե իրականում այդտեղ ես:

33  ամյա Աննա Հայրապետյանը, որը 7- ամյա որդի ունի, նշում է, որ խաղերի ազդեցությամբ երեխան ավելի ագրեսիվ է դառնում, սկսում է չենթարկվել, մեկուսանալ, չի կարողանում ազատ հաղորդակցվել: Աննան կարծում է, որ տարիքային սահմանափակման հարցը պետք է շատ լուրջ դրվի, և մինչև 13 տարեկան երեխաներին չպետք է թույլատրվի օգտվել հեռախոսներից: Իսկ երեխաների առողջ զարգացմանը կարող են նպաստել մարզապրոցները, զարգացման կենտրոնները:

Ուսուցչի տեսակետ

Ուսուցչուհի  Անահիտ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ խաղերը  ունենում են հոգեբանական և վարքային շատ մեծ ազդեցություն. «Երեխաների սիրելի խաղերում բացի բռնությունից այլ բան չեք գտնի։ Դրա համար էլ այժմ դպրոցներում բուլինգի են ենթարկվում թե՛ աշակերտները աշակերտների կողմից, թե՛ ուսուցիչները աշակերտների կողմից։ Հաճախ եմ հարցնում աշակերտներիս, թե որքան ժամանակ են տրամադրում հեռախոսին։ Դեռ չի եղել մեկը, ով օրական 2 ժամից քիչ նշի։

Միջին դպրոցի սովորողների մոտ շատ հաճախ դրսևորվում են տարօրինակ շարժումներ, բանավոր խոսքի փոխարեն ժեստերի կիրառում, իշխելու ցանկություն, ինչը մտահոգիչ է։ Ցանկացած երեխա՝ լինի 3 թե 13 տարեկան, ձեռք է բերում կախվածություն, եթե մեծահասակները հետևողական չեն լինում։

Խաղերը կարող են ունենալ դրական ազդեցություն, եթե կրեն ուսուցողական բնույթ։ Նման խաղեր շատ կան, օրինակ՝ «Կորիզ» կրթական ծրագրի խաղերը։

Դպրոցում հաճախ են կազմակերպվում սեմինարներ, դասղեկական ժամեր՝ նվիրված մեդիագրագիտությանը։ Սովորողները միշտ քննադատական կարծիք ու հստակ վերաբերմունք են դրսևորում սեմինարների ավարտին։ Ծնող-աշակերտ-ուսուցիչ փոխհամագործակցությունը մի՛շտ տալիս է դրական արդյունք»:

Հոգեբանը հաստատում է ուսուցչի տեսակետը

Ըստ հոգեբան Էլեն Հովհաննիսյանի` էլեկտրոնային խաղերի բացասական ազդեցությունը երեխաների վարքի վրա կարող է դրսևորվել նրանով, որ նման խաղերը կարող են նպաստել ագրեսիայի ավելացմանը, կարեկցանքի նվազմանը,  իրականության և խաղային աշխարհի միջև սահմանների խախտմանը: Երեխաները կարող են ընդունելի համարել ագրեսիվ վարքի ձևերը, ինչը թուլացնում է իրական կյանքում կառուցողական կերպով փոխհարաբերվելու նրանց կարողությունը:

Մեզ հետ զրույցում հոգեբանը նշեց նաև, որ  էլեկտրոնային խաղերը կարող են զարգացնել բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են հաղթելու ցանկությունը, առաջնորդի որակները, բայց նաև բացասական գծեր, ինչպիսիք են իմպուլսիվությունը, մրցակցության աճը, համբերության բացակայությունը կամ կորուստների նկատմամբ հանդուրժողականությունը:

Այնուհետև հոգեբանը կրկին ընդգծեց, որ խաղերը կարող են ունենալ ոչ միայն բացասական, այլ նաև դրական ազդեցություններ. «Որոշ խաղեր զարգացնում են ճանաչողական ունակությունները, ռազմավարական մտածողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական (կոգնիտիվ) հմտություններ: Որոշ խաղեր կարող են օգնել բարելավել թիմային աշխատանքը և խնդիրների լուծումը սթրեսային պայմաններում: Կարևոր է, որ խաղերի բովանդակությունը և դրանց տևողությունը հավասարակշռված լինեն»։

Խաղերի հերոսների հետ նույնականացումը, Էլեն Հովհաննիսյանի խոսքով, կարող է հանգեցնել վիրտուալ և իրական կյանքի սահմանները չհասկանալու, կարծրատիպերի և խեղաթյուրված վարքի օրինաչափությունների զարգացմանը: Նման ազդեցության կանխարգելումը հնարավոր է երեխայի հետ խաղերի քննարկման, իրական արժեքների և վարքի ձևերի շեշտադրման, ինչպես նաև քննադատական ​​մտածողության զարգացման միջոցով: Կարևոր է, որ երեխան այցելի խմբակներ, զբաղվի երաժշտությամբ և սպորտով, քանի որ ներկայիս հոգեֆիզիոլոգները ապացուցել են երաժշտական և սպորտային զբաղմունքների դրական ազդեցությունն ուղեղի զարգացման վրա:

Հնարավոր լուծումներ

Երեխաների` մեդիայից ունեցած կախվածությունը նվազեցնելու նպատակով հոգեբանը հուշում է մի քանի մեխանիզմներ, ինչպիսիք են  խաղալու ժամանակի հստակ սահմաններ դնելը, երեխայի մեջ այլընտրանքային հետաքրքրությունների և հմտությունների զարգացումը, ընտանեկան կապերի ամրապնդումը, ինչպես նաև ինքնակարգավորման և արտացոլման հմտությունների ուսուցումը։ «Եկեք չմոռանանք` մենք ինքներս ենք օրինակ ծառայում մեր երեխաներին: Այն ժամանակը, որը մենք անցկացնում ենք սմարթֆոնների մեջ, կարող ենք փոխարինել մեր երեխաների հետ ժամանակ անցկացնելով: Կարևոր է սեփական օրինակով երեխային սովորեցնել ճիշտ օգտվել մեդիայից: Չէ՞ որ հիմա համացանցը, խաղերը և լրատվամիջոցները մեր կյանքի անբաժան մասն են, և միանգամայն հրաժարվել դրանցից մենք չենք կարող»,- ասում է հոգեբան Էլեն Հովհաննիսյանը:

Հասմիկ Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել