ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

1827

Նարեկը, ով ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, կարծում է, որ, այսօր, ցավոք, Հայաստանում այս մասնագիտությամբ աշխատանք գտնելը դժվար է։ Նա այս ոլորտում աշխատանք փնտրելու փորձեր շատ է արել, սակայն չի հաջողվել։ Բայց, քանի որ առանց աշխատանք մնալ ևս չէր կարող, աշխատանքի տեղավորվեց բուքմեյքերական ընկերություններից մեկում (ընկերության անունը չցանկացավ նշել):

Մեր մյուս զրուցակիցը՝ Տաթևը, մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն դեռևս աշխատանք չի գտել։ «Դեռ հույսս չեմ կորցնում, որ օրերից մի օր իմ մասնագիտությամբ կաշխատեմ»,- անկեղծանում է նա։

2019 թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18%։ Գրանցված գործազուրկների թիվը 2020 թ. հունվարի վերջի տվյալներով՝ 62 242 է, որոնցից 41 296-ը կանայք են, իսկ 20 946-ը՝ տղամարդիկ, այս մասին  տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ գործազրկությունը առկա է բոլոր խմբերում, բայց առավել շատ գերակշռում է երիտասարդների շրջանում։ «Չկան խրախուսման մեխանիզմներ, որոնք թույլ կտան նոր շրջանավարտին աշխատանքի տեղավորվել և ստեղծել կարիերա, իսկ շատ դեպքերում էլ անհրաժեշտ են փորձառություններ և մի շարք տարբեր պահանջներ»,- նշեց տնտեսագետը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում հաճախակի և կոպիտ կերպով խախտվում են աշխատանքային իրավունքները, որոնք աշխատողը կարող է պաշտպանել միայն դատարան դիմելով։ 2015 թ․ դադարեց գործել աշխատանքի տեսչությունը, որը թույլ էր տալիս լուծել աշխատանքային տարբեր խնդիրներ՝ աշխատավարձի, արձակուրդի, աշխատանքի պայմանների և այլ խնդիրների հետ կապված։

«Գործազրկության պատճառները տարբեր են, նախ այն պայմանավորված է որակավորմամբ, այսինքն՝ կան մարդիկ, ովքեր չունեն բավարար որակավորում այս կամ այն աշխատանքը կատարելու համար կամ նրանց գիտելիքը և հմտությունը հնացել է, իսկ այժմ կան նոր պահանջներ»,-ասաց մասնագետը։ Նա, որպես գործազրկության պատճառ, առանձնացրեց նաև պետական համակարգի օպտիմալացումը, ինչը մինչ այսօր էլ շարունակվում է, և 2020 թ. ընթացքում նախատեսվում է 30%-ով կրճատել պետական համակարգը։

Սուրեն Պարսյանը խոսեց նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հնարավոր աշխատատեղերի կրճատման ռիսկերի մասին, նկատելով, որ այս ընթացքում մեծ հարված է հասցվել զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներին։

«Զբոսաշրջության ոլորտում աշխատում է 30-40 հազար մարդ և այժմ նրանք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, քանի որ վերջին ամսվա ընթացքում մարդիկ տուրիստական փաթեթներից չեն օգտվում, հետևաբար այդ ընկերությունները տուժում են, և չկարողանալով մարել մի շարք հարկեր և վարկեր, կրճատումներ են անում»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը նշեց, որ այսօր աշխատաշուկայում առավել պահաջված են IT ոլորտի մասնագետները և հավելեց, որ բավականին պահանջված աշխատատեղեր կան նաև բանկային և հանքարդյունաբերության ոլորտներում. խնդիր ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերի ստեղծման մասով։

Մասնագետի խոսքով՝ պետությունը այս պահին գործազուրկին նպաստ չի վճարում, քանի որ այդ համակարգը վերանայվել է։ Փոխարենը իր աջակցությունը ցուցաբերում է մի շարք ծրագրեր իրականացնելով։ Օրինակ, գնահատելով ընտանիքի աղքատության մակարդակը, նրանց վճարում է աղքատության նպաստ նվազագույնը՝ 26 500 դրամ։ Նպաստ վճարվում է նաև ֆիզարձակուրդում գտնվող կանանց՝  25 500 դրամի չափով, որը, ի դեպ, հուլիսին ավելացվելու է՝ դառնալով  26 500 դրամ։

«Գործազուրկ մարդը բռնում է գաղթի ճանապարհը, և պատահական չէ, որ մեր հարևան երկրները միգրացիոն մի շարք ծրագրեր են իրականացնում և մարդիկ են հրավիրում Հայաստանից՝ իրենց շրջանները զարգացնելու նպատակով, իսկ մենք մեր մարդկանց, ցավոք, չենք փորձում ետ պահել՝ չտալով երաշխիքներ, որ նրանք մնան և Հայաստանում աշխատեն»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Մասնագետը նշեց, որ գործազրկության դեմ կարելի է պայքարել երկիրը և տնտեսությունը զարգացնելով, աշխատողի իրավունքները պաշտպանելով, կենսաթոշակային և հարկային համակարգերը վերանայելով, թեև, նկատեց, որ նման միջոցները շատ են։

«Journalist.am»-ի հետ զրույցում, «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Անահիտ Կիզողյանը հայտնեց, որ իրենց դիմող բոլոր աշխատել ցանկացողները հիմնականում ապահովվում են աշխատանքով։ Ամսվա վիճակագրությամբ նրանք դիմողների 35-50 %-ին տեղավորում են աշխատանքի։ Նա նշեց, որ թափուր աշխատատեղեր շատ ունեն և հավելեց, որ այսօր շատ մեծ պահանջարկ ունեն հաշվապահները, օպերատորները, գործավարները, մարկետոլոգները և մի շարք այլ մասնագետներ։

Նշենք, որ աշխատանքի տեղավորվելու դեպքում, աշխատողը կախված հաստիքից, իր առաջին աշխատավարձի որոշակի մասը փոխհատուցում է գործակալությանը։ «Տեխնիկական աշխատողները փոխհատուցում են առաջին աշխատավարձի 30%-ը, իսկ ավելի բարձր հաստիք ունեցողները՝ 50%-ը»,- նշեց տնօրենը։

Գործակալության տնօրենի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդը գալիս և ասում է, որ ավարտել է այսինչ բուհը և ակնկալում է, օրինակ, 200 000 հազար դրամ աշխատավարձ, առանց մտածելու, որ, ենթադրենք, չունի աշխատանքային փորձ կամ բավարար գիտելիքներ, արդյունքում նման մարդիկ մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում։

Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ շատերը աշխատանք գտնելու նպատակով չեն դիմում աշխատանքի տեղավորման գործակալություններին, տնօրենը պատասխանեց, որ միգուցե պատճառը անվստահությունն է կամ մեկ այլ գործակալություն դիմելու ընթացքում մարդկանց ունեցած դառը փորձը։

Ի դեպ, Զբաղվածության պետական գործակալությունը յուրաքանչյուր տարի իրականացնում ՀՀ կառավարության կողմից հաստատված Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր: Ինչպես տեղեկացնում է Զբաղվածության պետական գործակալությունը, նրանց 2020 թ. ծրագիրը հաստատվել է դեռևս 2019 թ. սեպտեմբերի 30-ին և իր մեջ ներառում է զբաղվածության կարգավորման 13 ծրագիր, որոնք ուղղված են տարբեր թիրախային խմբերի զբաղվածության աջակցմանը։ Բոլոր ծրագրերում, բացառությամբ Աշխատանքի տոնավաճառի, կարող են ընդգրկվել աշխատանքային տարիքի (16-63 տարեկան) այն աշխատանք փնտրողները, որոնք հաշվառված են զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում և բավարարում են ծրագրի իրականացման ընթացակարգով սահմանված պահանջներին։

Ծրագրերի վերաբերյալ հասարակության իրազեկումը գործակալությունը իրականացնում է մի շարք ուղիներով՝ իրենց պաշտոնական կայք-էջի և ֆեյսբուքյան էջի միջոցով, շահառուների շրջանում բուկլետների տարածմամբ, մի շարք միջոցառումների և լրատվամիջոցների շնորհիվ։

Մենք փորձեցինք պարզել, թե որոնք են այդ ծրագրերը, ահա դրանցից մի քանիսը.

  • Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում։
  • Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում։                                                              
  • Աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին։
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում։
  • Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում։         
  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում։

 Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել