Ամերիկացի գրող Գայ Դավենփորթը ասել է. «Ես եմ պատրաստել մարիոնետը, և հենց ես եմ շարժում լարերը, բայց բեմի վրա ներկայացումը պատկանում է մարիոնետին»:
Նույն կարծիքին են նաև Խամաճիկների պետական թատրոնի աշխատակիցները․ յուրաքանչյուր տիկնիկ ունի իրեն բաժին հասած կյանքը:
Ցանկացած ներկայացման կուլիսներում կան գաղտնիքներ, օրինակ` մարիոնետը, որը ներկայացնում է մի հերոսի ամբողջական կյանք, ստեղծվել է հմուտ տիկնիկագործների «աննկատ» ձեռքերով:
«Այս աշխատանքը մենակով չեն անում, սա կոլեկտիվ աշխատանք է: Այստեղ ներգրավված են բեմադրիչ-նկարիչը, քանդակագործը, կատարող-նկարիչն ու դերձակ-նկարիչը»,- նշում է տիկնիկագործ Սուսաննա Տոնոյանը:
Տիկին Սուսաննան բեմադրիչ-նկարչի բերած էսքիզին գույներ տալով՝ ներկայացրեց այդքան «հեշտ» թվացող պատրաստման գործընթացը.
«Սկզբից բեմադրիչ-նկարիչը էսքիզներն է բերում, հետո մեր քանդակագործը կավը պապիե-մաշե է անում, կտրում ու դարձնում է ֆորմա, էդ երկու մասից բաղկացած ֆորման իրար է միացնում, տալիս է ինձ, ես էլ արդեն սկսում եմ ներկել: Միացնում ենք մարմնի տարբեր մասերն ու կարում իրենց հագուստները»:
Հագուստի պատասխանատուն 25 տարվա հմուտ դերձակ տիկին Նելլին է, ով արդեն կազմ-պատրաստ սպասում էր տիկնիկի վերջնական տեսքին, որ սկսեր իր աշխատանքը:
Տիկին Սուսաննան հիշեց նաև 12 տարի առաջ պատրաստած իր առաջին տիկնիկին` մատնաչափիկին.
«Ես հենց բեմադրիչ-նկարիչն էի, և՛ դեկորները, և՛ տիկնիկները ես պատրաստեցի, հաջող ներկայացում էր»։
Նոր կյանք ստացող տիկնիկներին տեսնելուց հետո, իջանք պահոց` ծանոթանալու արդեն երկար տարիներ բեմում պատմություններ պատմող տիկնիկներին:
Այնտեղ էին Շառլ Ազնավուրը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Քոթանջյանը, Կարա Բալան, Չառլի Չապլինը, որը մյուս տիկնիկներից տարբերվում է իր կոնցեպցիայով:
Նույն օրը տեղի ունեցավ «Տարեկանի արտում» պիեսի ներկայացումը, որտեղ միահյուսվել էին Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններ. «Տարեկանի արտում», «Ձեր կյանքի ժամանակը», «Ցուրտ օր» և «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»: Մինչ ներկայացման սկսվելը երկրորդ ռեժիսոր Արփինե Լազարյանը մեզ ծանոթացրեց հերոսների` Բուչի, Միսթըր Քերոլի, Սթիվի, Փեգի Դյուալի, որին ազգանուն տվել են հենց իրենք, Միսս Քուիքլիի, Ռուզվելտի և Միսթըր Հեսթինքսի հետ:
«Մենք ապրում ենք հեքիաթում` հավատալով դրանց: Տիկնիկներին ուղղակի պետք է շատ սիրել, ու մենք երջանիկ ենք, որովհետև տիկին Ամալյան (տիկնիկների պահոցի պատասխանատուն) իսկապես սիրում ու խոսում է նրանց հետ»:
Այսպիսին է կավից պատրաստված, բայց թատրոնում շունչ ստացած «դերասանների» աշխարհը:
https://www.youtube.com/watch?v=ZTRsYTQu_e4&feature=youtu.be
Անի Սուքիասյան
4-րդ կուրս