«Զգուշացե՛ք, ղեկին կին է»

«Զգուշացե՛ք, ղեկին կին է»

1269

Ասում եn՝ կինը ղեկին նման է աստվածուհու, քանի որ նրան տեսնելիս հետիոտները խաչակնքվում են, իսկ վարորդները՝ աղոթում: Վերջին տասնամյակում Հայաստանում բավական շատ են կին վարորդները, չնայած՝ ղեկին կին լինելու հանգամանքը փոքր-ինչ չի համընկնում հայ կնոջ ավանդական կերպարին:

 Ատամնաբույժ Նաիրա Այվազյանն արդեն ութ տարի է, ինչ վարում է ավտոմեքենա:

-Ամենամեծ խնդիրը, որ այս բոլոր տարիներին ինձ նյարդայնացնում է, այն է, որ վարորդները վարում են շատ անկարգ: Եվ նշանակություն չունի ղեկին կին է, թե տղամարդ,-նշում է նա:

Նրա խոսքով հայ վարորդների համար կարծես գոյություն չունեն ճանապարհային երթևեկության կանոնները և դրանք ուղղակիորեն խախտելը, կարծես, հաճույք է պատճառում իրենց:

-Իհարկե, խոսքը չի վերաբերվում բոլորին, սակայն մեծամասնությունը չի սիրում պահպանել կանոններն ու վարում է ըստ իր հայեցողության: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, այս ութ տարվա մեջ խախտման համար տուգանվել եմ ընդամենը հինգ կամ վեց անգամ։

 Իսկ Աննա Կոստանդյանին, ով դեռևս մեկ տարի է ինչ վարում է ավտոմեքենա, ամենաշատը հուզում է ավտոկայանատեղերի խնդիրը: Ըստ նրա՝ ավելի շատ ժամանակ ծախսում է մեքենան կայանելու, քան նախընտրած վայր հասնելու վրա:

-Ինձ համար տարբերություն չկա՝ ղեկին կին է, թե՞ տղամարդ: Լինում են դեպքեր, երբ տեսնում են, որ աղջիկ է վարորդը, զիջում են: Լինում են նաև դեպքեր, երբ, կարծես, դիտավորյալ չեն զիջում: Շատ դեպքերում էլ, երբ տեսնում են, որ խնդիր կա մոտենում և օգնում են,-նշում է նա:

 Իսկ վարորդ Վալերի Գրիգորյանը կտրականապես չի հասկանում, թե կինը ինչու պիտի ավտոմեքենա վարի:

-Կինը պիտի լինի տանը, երեխեքի հետ, խոհանոցում գործ անի, տները մաքրի ու հետևի, որ տղամարդը նորմալ սնվի: Մեքենա վարելս որն է,- անկեղծ ջղայնությամբ ասում է նա,- ես քառասունից ավելի տարի է վարում եմ: Են ժամանակ էսքան շատ չէին, հիմա է, որ ոնց նայում ես՝ ղեկին կին է: Ախր քշելուց բացի, ամեն ինչով զբաղվում են. էլ մազ են սանրում, էլ հեռախոսով խոսում:

Ու չնայած Վալերի Գրիգորյանի նկատառումներին, ոստիկանությունից տեղեկացրին՝ վերջին վեց ամսում ճանապարհային երթևեկության՝ կին և տղամարդ վարորդների կատարած խախտումների հարաբերակցությունը: Ըստ տրված տեղեկատվության՝ Հայաստանում կա 50 հազար 641 կին վարորդ: Վերջին ամիսների կտրվածքով՝ շուրջ երկու հազար խախտումների ընդամենը հինգ տոկոսն է բաժին ընկնում կանանց:

Այս թեմայով մի քանի հանգամանք առանձնացրեց հոգեբան Լուսինե Մարկոսյանը: Ըստ նրա՝ մի կողմից կանայաք ավելի ուշադիր են, հետևաբար և զգոն, սակայն միևնույն ժամանակ արագ շփոթվող: Նրանք կարող են հասարակ իրավիճակներում շփոթել աջն ու ձախը:

-Ինչ վերաբերվում է հայ կին վարորդ կերպարին, ապա պետք է նշել, որ այն դեռևս միանշանակ չի ընկալվում մեր հասարակության կողմից ու դա կապված է մեր մենթալիտետի հետ: Ինչ բնագավառում էլ կինը հանդես գա, հայ տղամարդու համար դա չի ընդունվում: Տղամարդիկ սիրում են «Տղամարդը տան գլուխն է» կարգախոսը, որն էլ ավտոմատ զրկում է կնոջը շատ դերերից, այդ թվում նաև վարորդի դերից:

 Չնայած մեր հասարակության մեջ միանշանակ չի ընդունվում կնոջ՝ վարորդ լինելու հանգամանքը, այսօր բավական մեծ է կին վարորդների պահանջարկը: Ավտոմեքենա վարելու իրավունք ունի վարորդական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի: Այն կօգտագործվի որպես փոխադրամիջոց, աշխատանք, թե զուտ ցանկություն, որոշում է յուրաքանչյուրն անհատապես:

Մարի Արշակյան

4-րդ կուրս

Կիսվել