Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո շատ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրին որոշ պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացման կապակցությամբ։ Թանկացումները նաև բուռն քննարկումների առիթ դարձան համացանցում: Ամենացայտուն օրինակը կոճապղպեղի թանկացումն էր, որի 1 կգ-ը նախկին 1300-1500 դրամի փոխարեն դարձավ 11-12000 դրամ։
Մենք հարցում անցկացրինք՝ պարզելու քաղաքացիների կարծիքը թանկացումների վերաբերյալ: Ըստ հարցված երևանցիների՝ քաղաքի առևտրային կենտրոններում գնաճ է նկատվում հատկապես ցիտրուսային մրգերի, հացահատիկի և հացի նախկին գների համեմատ։ Մայրաքաղաքի ոչ խոշոր պարենային առևտրային կենտրոնների աշխատակիցները ցիտրուսների գնաճը պատճառաբանում էին նրանով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ շատ ներմուծողներ դադարեցրել են իրենց գործունեությունը, և շատ քչերն են կարողանում հարևան երկրներից ապրանք ներմուծել։ Ներմուծված ապրանքն էլ այդ պատճառով ունի բարձր գին, օրինակ՝ նարնջի 1 կգ-ն արժե 800-900 դրամ, մանդարինը՝ 650-700 դրամ, կիվին՝ 1500-1700 դրամ։
Հատիկեղենից թանկացել է հատկապես հնդկաձավարը։ Հատիկեղենի թանկացումը տնտեսվարող սուբյեկտները կրկին պայմանավորում էին արտակարգ դրությամբ՝ պատճառաբանելով, որ դրանք ունեն պահպանման երկար ժամկետ, և ստեղծված իրավիճակում քաղաքացիները, խուճապի մատնվելով, պահեստավորում էին հացահատիկը՝ հետագա օգտագործման նպատակով։
Հացի փռում և վաճառակետերում մեզ ասում էին, որ հացը թանկացել է 10-20 դրամով, իսկ հարցին, թե ինչու է հացամթերքը գնաճ արձանագրել, պատասխանում, որ հացի թանկացումն ուղղակիորեն կապված է ալյուրի թանկացման հետ։
ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) հացի թանկացումը բացատրում էր նրանով, որ որոշ մանր փռերի սեփականատերեր անձամբ են ներմուծում ալյուրը, և թանկացումները նաև պայմանավորված են արդեն իսկ թանկ ալյուրի ներմուծմամբ։
Թանկացման պատկերն ավելի ցայտուն է մայրաքաղաքից դուրս՝ հատկապես գյուղական համայնքներում։ Գյուղերում պարենային ապրանքներից զատ թանկացել է նաև անասնակերը՝ հատկապես խոզերի համար նախատեսված համակցված կերը, որը թանկացել է 900-1000 դրամով։
Ըստ Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչ Տաթև Խաչատրյանի, օրինակ, Արմավիրի մարզի գյուղերից մի քանիսում թանկացել են գրեթե բոլոր պարենային ապրանքները։ Ըստ Տաթևի՝ թանկացումները կապված են քաղաքի հետ կապի սահմանափակման և որոշ խանութների գործունեության կասեցման հետ։ Այսինքն՝ որոշ խանութպաններ, օգտվելով մրցակցության անժամանակ բացակայությունից, որոշում են գերշահույթ ստանալ՝ բարձրացնելով գները։
ՏՄՊՊՀ աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամենօրյա մշտադիտարկումներ են կատարվում մայրաքաղաքում, ինչպես նաև մարզերում։ Մարզերում մշտադիտարկումները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների կամ ՏՄՊՊՀ մարզային աշխատակիցների կողմից։ Հարցին, թե մարզերից բողոքներ ստացե՞լ են գնաճի վերաբերյալ, մեր զրուցակիցը նշեց, որ բողոքներ չկան, նույնիսկ համակցված կերի թանկացման վերաբերյալ բողոքներ չեն ստացել։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ եթե, օրինակ, մարզային փոքր համայնքներից որևէ մեկում մի անհատ ձեռներեց որոշի մոտ 1-2 պարկ պարարտանյութը վաճառել ավելի թանկ, քան մյուս վաճառակետերում, դա չի կարող համարվել գնաճ և ազդել ոլորտում մրցակցության վրա: Վերջում աշխատակիցը հավելեց, որ ցանկացած չարաշահում ստանում է համահունչ պատասխան և կարգավորվում օրենքով։
Դիանա Պետրոսյան
2-րդ կուրս