«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՔԻՆ». ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՊԱՆ

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՔԻՆ». ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՊԱՆ

1549

Մեր օրերում կարևորագույն խնդիր է դարձել կենդանիների հանդեպ անմարդկային ու դաժան վերաբերմունքը, որը հանգեցնում է մոլորակում կենդանական աշխարհի և բնության մի շարք խնդիրների առաջացման։ Մարդկության կողմից բնությանը հասցված վնասները  շատ մոտ ապագայում  ծանր հետևանքների կհանգեցնեն։ Աշխարհի տարբեր երկրներում պայքարում են մոլորակի բնական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ․ ընդունվում են օրենքներ, ստեղծվում են տարբեր կազմակերպություններ։

Վերջին տարիներին Հայաստանն առանձնանում էր կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքով։ Ըստ հասարակական կազմակերպությունների վիճակագրության՝ 2018 թ. հոկտեմբերից 2019 թ. մարտ ժամանակահատվածում գրանցվել է շներին մեքենայից կապելու և քարշ տալու 2 դեպք, տարածքում տարբեր կատուների աչքը հանելու 4 դեպք, ոչ սպանելու նպատակով  թաթերին կրակելու 12 դեպք, սպանելու նպատակով կրակելու և կիսասատկած փողոցում թողնելու 28 դեպք, մի քանի ամսական ձագեր կրակելու 5 դեպք, շնամարտի ընթացքում պարտված շանը կրակելու 4 դեպք: Եվ սրանք դեռ բացահայտվածներն են։


Այս իրադարձությունները ստիպեցին մի շարք կենդանասերների համախմբվել ու ստեղծել կամավորական խմբեր՝ նման դեպքերը կանխելու համար։ «Մեր երկրում կենդանիներն ուղղակի գոյատևում են մարդկանց կողքին։ Սակայն այս մոլորակը միայն մարդունը չէ, հակառակ դեպքում Աստված կստեղծեր միայն նրան», – ասում է կենդանապաշտպան և կամավոր Անյա Սահակյանը։

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը։ Նոր փոփոխությամբ պատժելի արարք կհամարվի կենդանու կյանքի ընդհատումը՝  կախելու, մասնատելու, հրազենով կրակելու, թունավորելու միջոցով, նաև կենդանիների մարտերի կազմակերպումը, որը կհանգեցնի խեղման կամ կենդանու կյանքի ընդհատման: «Կենդանասերներով վերջապես հասանք այն նպատակին, որ Հայաստանում  ևս գործի օրենք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ, որը քրեականացվել է։ Ճիշտ է, օրենքում դեռ շտկումներ կան անելու, բայց սա արդեն մեծ քայլ է, որի համար շատ ուրախ եմ։ Պետք է շարունակել աշխատել, որ մարդն ու կենդանին ունենան հնարավորություն՝ համերաշխ ապրելու մոլորակի վրա: Դրա համար անհրաժեշտ է սաստել մարդուն», – ասում է Անյա Սահակյանը։

Իսկ «Դինգո Թիմ» կազմակերպության անդամ Ալլա Բաղդասարյանը նշում է. «Կան ուղղակի կենդանասերների խմբեր, որոնք, սեփական միջոցները միավորելով, ամեն օր փորձում են մի կյանք փրկել,  և կան բարեգործական կազմակերպություններ, որոնք չունեն ֆինանսավորում:  Լինում են դեպքեր, երբ գումարը չի բավականացնում,  և մենք դիմում ենք բարի մարդկանց, որոնց հետագայում  ներկայացնում ենք մանրամասն հաշվետվություն։ Ուրախությամբ ուզում եմ  նշել, որ ամեն անգամ բարերարների թիվն ավելանում է»։

Կենդանապաշտպանները հույս են հայտնում, որ այս օրենսդրական փոփոխությունը կնպաստի հասարակության շրջանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Վերջին տարիներին նաև հասարակական կազմակերպությունների ու անհատների շնորհիվ քաղաքացիներից շատերի մոտ դրական փոփոխություններ են նկատվում:

Անելյա Գուբրյան

2-րդ կուրս

Կիսվել