Ասում են՝ մարդու մասնագիտությունը ծնվում է իր հետ։ Երիտասարդ դաշնակահարուհի, երգչուհի Ամալյա Հակոբյանի դեպքում ևս այդպես է եղել։ Մայրը՝ Նարինե Հակոբյանը պատմում է, որ մի անգամ, երբ Ամալյան բարուրի մեջ է եղել, ինքը մեծ աղջկա՝ Շողիկի հետ դաշնամուր է պարապել ու բարկացել՝ մի քանի անգամ կրկնելով՝ Շողիկ, դո նոտան, դո, դո։ Այս դրվագը պատմելով՝ մայրը հիշեց. «Մեկ էլ տեսնեմ, Ամալյաս սոսկան (ծծակը) գցեց բերանից ու կրկնեց ՝դո»:
Ամալյայի մայրը օպերային երգչուհի է, իսկ հայրը՝ ճարտարագետ։ Երկուսն էլ գյումրեցի են, բայց ապրում են Երևանում։ Ամալյան հիշում է. «Երբ փոքր ժամանակ ամառները գնում էինք Գյումրի, երեխաներն ինձ ասում էին երևանցի, Երևանում էլ ասում էին գյումրեցի»։ Ասում է՝ լավ է զգում, որ գյումրեցի է. «Հիմա տարբեր համերգների ժամանակ, երբ լավ նվագում, երգում եմ, ու հետո իմանում են, որ գյումրեցի եմ, ասում են՝ հա բա, էդպես էլ պիտի լիներ»։
Պատմում է, որ իրենց ընտանիքում երգելը սովորական բան է։ Մայրը միշտ երգում է, հայրը, քույրերն ու փոքր եղբայրն էլ լավ ձայն ունեն: Ասում է՝ տարբեր առիթների ժամանակ, երբ մայրը երգել է, ու բոլոր բարեկամները հիացած լսել են, ինքն անսահման հպարտությամբ է լցվել։ «Հիմա մամայի հետ ես եմ երգում առիթներին»,-ժպիտով ասում է Ամալյան։
Մայրը երկու քույրերին՝ Շողիկին և Շուշանին տարել է երաժշտական դպրոց ու որոշել է, որ փոքրին՝ Ամալյային էլ չի տանելու։ Այս առիթով ասաց. «Ես դրա համար շատ էի նեղվել, որովհետև շատ էի սիրում, երբ Շողիկը նվագում էր, միշտ լսում էի ու նվագած բոլոր գործերն անգիր գիտեի, երգում էի»։ Շողիկն էլ պատմում է, որ անգամ իր նոտաներն էր վերցնում և փորձում նվագել։ Միայն Ալլա մորաքույրն է կարողացել համոզել մայրիկին՝ ասելով, որ եթե երկուսին տարել ես, Ամալյային էլ տար. երեխան ուզում է, թող գնա։
Ամալյան հրճվանքով հիշում է առաջին օրը, երբ գնաց երաժշտական դպրոց. «Ես 7 տարեկան էի։ Մտանք սենյակ, շատ լուսավոր էր։ Ուսուցիչս էլ շատ լավն էր, հագել էր դեղին ծաղկավոր շորիկ՝ բարակ կտորից։ Լավ է տպավորվել ինձ մոտ այդ օրը»։ Երաժշտական դպրոցում իրեն շատ լավ է դրսևորել։ Եթե համերգի համար ընտրել են, թե ովքեր պիտի նվագեն, Ամալյան այդ ընտրություններին երբեք չի մասնակցել։ Նրա մասնակցել կամ չմասնակցելը համերգներին անգամ չի քննարկվել։ Միշտ եղել է հիմնական կազմում։ Չնայած այդ ամենին, ասում է, որ դասական երեխա չի եղել, սիրել է դրսում մինչև ուշ ժամի խաղալ, խաղերում միշտ ձգտել է առաջինը լինել։ Մայրը պատմում է. «Համերգների ժամանակ շատ համաձակ բարձրանում, նվագում ու իջնում էր։ Ընդհանրապես հաշվի չէր առնում հանդիսատեսին, չէր կաշկանդվում»։ Քրոջ՝ Շողիկի խոսքով՝ ակտիվության ու ճարպկության հետ միասին պարզ ու միամիտ երեխա է եղել. «Դպրոցում ուսուցիչներին շատ անհարմար անեկդոտներ էր պատմում, գալիս մեզ ասում, թե ինչ է պատմել այդ օրը։ Չէր մտածում, որ պետք չէր պատմել»։ Ամալյան էլ հիշում է, որ անգամ ուսուցիչների առաջ իրենց տնազներն է արել. «Հիմա որ հիշում եմ, ասում եմ՝ լավ, ո՞նց եմ արել ախր»,- ամոթխած ժպիտով խոստովանում է նա։ Հետո, շարունակելով իր դպրոցական տարիներից պատմել՝ ասում է. «Անկախ նրանից`ինչ դասաժամ էր, ես երգում էի ու բարձր գնահատականներ ստանում»։ Հիշում է, երբ դպրոցը փոխել է ու մեկ-մեկ կարոտով գնացել է նախորդ դպրոց. դասարան մտնելիս դասընկերները ծափահարել են իրեն։
Հետագայում` երաժշտությունը որպես մասնագիտություն ընտրելու միտքը լավ չի ընդունվել ծնողների, բարեկամների կողմից, սակայն կատակով ասում է, որ եթե Շողիկին թողեցին ռեժիսուրա սովորել, իրեն ավելի հեշտ էին թողնելու։ Մայրն ասում է, որ երգի ասպարեզը բարդ է. «Շատ աշխատատար ու բարդ գործ է, եթե իր հասակակիցներն արդեն ունեն մասնագիտություն և աշխատում են, ինքը դեռ շարունակում է սովորել ու կայանալ»: Այս պատճառով էլ չի ցանկացել, որ այդ ճանապարհն ընտրի աղջիկը։ Իսկ հայրը՝ Մկրտիչ Հակոբյանը, նախ կատակեց. «Դե մայրը սաղին տարավ երաժշտական էլի», հետո էլ ավելի լուրջ ասաց, որ եթե դա է սիրում, ուրեմն թող շարունակի։
Մեկ տարի տնտեսագիտական հոսքում սովորելուց հետո Ամալյան որոշում է, որ իր տեղը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն է։ Քոլեջում կրկին առաջինն էր, անմրցելի էր, ինչի առիթով դժգոհում է, որ երբ մրցակցություն չկա, շատ բարդ է առաջ գնալը։
Քրոջ՝ Շողիկի խոսքով՝ հիմա հասուն Ամալյան քչախոս, ինքնամփոփ մարդ է, աշխատասեր, համառ, նպատակասլաց։ Ամալյայի կյանքում մեծ հետք է թողել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այնտեղ բացվելու էր «Թմբաթա» խումբը՝ «Բամբիռ»ռոք խմբի անդամ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Եթե մյուս ուսանողները քննությամբ էին ընդունվում խումբ, ապա Ամալյան, իրեն բնորոշ ոճով, ուղղակի ընդունվում է։ Մի անգամ, երբ փորձից ուշացել էին երեխաները, Արիկը ներկա եղած մի քանի ուսանողներին խնդրել է, որ անհատական երգեն։ Երբ հասել է Ամալյային, երգելուց հետո, ինչպես պատմում է Ամալյան, Արիկն ասել է՝ իյա, հլը էլի երգի։ Այդպես, եթե մինչ այդ երգում էր խմբի մեջ, ապա այդ ժամանակ առաջին անգամ խմբում սկսում է որպես մենակատար հանդես գալ։ Ամալյայի համար ամենաշփոթված պահը եղել է, երբ կոնսերվատորիա վճարովի ընդունվելու պատճառով դուրս է եկել. «Ինձ համար շատ շփոթված վիճակ էր, երբ բոլոր կուրսեցիներս սովորում էին կոնսերվատորիայում և այլ տեղեր, իսկ ես ոչ մի տեղ չէի սովորում»։ Այս ընթացքում նա ունեցել է մոտ ընկերուհի, ով ընդունվել էր կոնսերվատորիա և սովորում էր, նրա մոտ շատ հաճախ է գնացել Ամալյան` ինչ-որ տեղ նաև սփոփվելու համար։ Ահա մի օր էլ, երբ գնացել էր, նրան զանգել է Արիկը և ասել, որ փառատոնի համար գնում են Վաշինգտոն։ Ամալյայի համար դա ցնծություն էր։
Դրան հաջորդում է նաև Նյու Յորքը, որին պիտի հաջորդեր «Վիշապ» կոչվող խմբում ընդգրկվելն ու նոր ճամփորդություններն ու համերգները, որոնք մեծ փորձ, ուրույն ոճ և ինքնատիպություն պիտի տային նրան։
Այսօր Ամալյան այլ երազանքներ ու նպատակներն ունի, դուրս է եկել խմբերից և արտասահմանում ուսում ստանալու մասին է մտածում։ Ինքնուրույն սովորել է նաև նվագել ֆլեյտա, որը տանեցիներից թաքուն է գնել։ Մայրն ասում է, որ հիմա չի փոշմանում, որ Ամալյան այս ուղին է ընտրել. «Ինքը սիրում է իր ընտրած մասնագիտությունը, շատ լուրջ է վերաբերվում դրան, բոլորը չեն, որ 5-6 ժամ առանց ընդմիջման կարող են նստել դաշնամուրի դիմաց։ Նա կարող է առաջ գնալ, ես հավատում եմ իրեն»։
Ամալյային ոգեշնչում են հաջողության հասած մարդկանց պատմությունները, նա դրանցով է մոտիվացվում ու առաջ ընթանում։ Քիչ է խոսում, քիչ արատահայտվում, բայց հստակ քայլեր անում իր կյանքի ճանապարհին։ Ու պատահական չէ, որ որպես իրեն բնութագրող բառ ընտրեց «ուժեղը»։
Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս