ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

774

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ օրում կամավորագրել էր 2000-ից ավելի մարդու։ Շատերը արտակարգ դրության հայտարարվելուց հետո առանց երկմտելու որոշեցին օգնել։ Այդ կամավորներից են նաև Անուշ Ղարիբյանն ու Յանա Խաչատրյանը։ Վերջինս Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող է, և մարտի 16-ից աշխատում է Երևանի հիվանդանոցներից մեկում, որը վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց։ «Առաջին օրվանից էլ բուժօգնություն եմ ցույց տվել, օգնել եմ բժիշկներին, խոսել հիվանդների հետ, ու արդեն 2 ամիս է վերակենդանացման բաժանմունքում եմ աշխատում»,- պատմում է Յանան։ Նա հիմնականում աշխատում է հերթափոխով՝ օրական 24 ժամ․ «Երեկ, օրինակ, 18 ժամ պաշտպանիչ համազգեստով եմ եղել, ու մեկ ժամով ընդամենը ընդմիջում արել»։ Յանայի կարծիքով մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտենում վիրուսին, իր խորհրդով իրենց կարծիքը չեն փոխի, սակայն նա ընդգծում է, որ ամենակարևոր խնդիրը հիմա բոլորին բուժօգնություն ցույց տալ հասցնելն է։

Երևանի պետական բժշկական համլսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Ղարիբյանն էլ կամավորագրվել է ապրիլի 1-ին, մինչև ապրիլի 28-ը աշխատել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Անուշի մայրը դեմ է եղել նրա կամավորագրվելուն, սակայն աղջկան չի կանգնեցրել՝ հասկանալով, որ դա ապագա բժշկի առաքելությունն է. «Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես դժվարություններ կային, բայց այդ բոլորը հաղթահարելի են, երբ աշխատանքդ սիրով ես կատարում»։ Անուշի խոսքով՝ աշխատանքը լարված է եղել, և վախեցել է, որ չի կարողանա պատշաճ հոգեբանական օգնություն ցույց տալ մարդկանց, ովքեր մտածում էին, որ վարակված են. «Բժշկի ու մեկուսացվածի միջև հոգեբանական կապը շատ կարևոր է»։

Անուշը դրական պահեր էլ է հիշում, և առանձնացնում է երկտողը, որ թողել էին մեկուսացվածները հեռանալուց հետո՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին։

Արփի Շահինյան

3-րդ կուրս

Կիսվել